HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Պաղեստինի մշակութային ժառանգության պահպանումը Հայաստանում․ հստակ պայմանավորվածություններ դեռ չկան

2025 թվականի հուլիսի 29-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ելույթ ունեցավ` անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Ի թիվս այլ կարևոր հարցերի, նախարարի տեղակալը հայտարարեց, որ Հայաստանը և Պաղեստինը համաձայնության են եկել Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգության՝ ժամանակավորապես հանգրվանելու վերաբերյալ։ 

Գրավոր դիմեցինք ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ հստակեցնելու, թե կոնկրետ որ մշակութային արժեքներն են նախատեսում տեղափոխել, ե՞րբ է նախատեսվում դա իրականացնել, ո՞ր կողմն է հոգալու տեղափոխման և պահպանման ծախսերը, և արդյոք մշակվել է այդ համագործակցությունը կարգավորող որևէ պաշտոնական փաստաթուղթ։
ԱԳՆ-ից ստացված պատասխանը, սակայն, չափազանց ընդհանուր է և էական մանրամասներ չի պարունակում։ Նշվում է, որ ծրագիրը կկենտրոնանա պաղեստինյան գրավոր ժառանգության՝ ձեռագիր մատյանների վրա, որոնք Հայաստան կտեղափոխվեն վերականգնելու և պահպանելու համար։ Այդ գործընթացում կօգտագործվի Մատենադարանի՝ ձեռագրերի պահպանության և վերականգնման երկարամյա փորձը։ Ինչ վերաբերում է հարցման մյուս կետերին, մասնավորապես՝ տեղափոխման ժամկետներին, ծախսերի բաշխմանը և իրավական փաստաթղթերի առկայությանը, ԱԳՆ-ից միայն նշել են, որ «ծրագրի կյանքի կոչմանը միտված իրավական փաստաթղթի նախագիծը գտնվում է մշակման փուլում»։

Նույն հարցումն ուղարկեցինք նաև Մատենադարան։ Ինստիտուտի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հայտարարության մասին տեղեկացել են ԱԳ փոխնախարարի ելույթից։ Նշեցին, որ դեռ տեղեկություն չունեն, թե կոնկրետ որ ձեռագրերի մասին է խոսքը, որտեղից դրանք պետք է բերվեն, և երբ է սկսվելու գործընթացը։ Ակնկալվում է, որ մոտ ժամանակներում կկայանա հանդիպում ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ծրագրի մանրամասները և իրականացման մեխանիզմները։ Այսպիսով, դեռևս անհայտ է՝ արդյոք պաշտոնական հուշագիր կամ այլ փաստաթուղթ կստորագրվի այս նախաձեռնության վերաբերյալ, և ինչ պայմաններով։

Փորձեցինք ուսումնասիրել և հասկանալ՝ որ թանգարաններից և գրադարաններից ինչ ձեռագիր մատյաններ կարող են բերվել Հայաստան։ 

Երուսաղեմում գտնվող Խալիդի գրադարանը Պաղեստինում իսլամական մատյանների ամենամեծ մասնավոր հավաքածուն է և աշխարհի ընտանեկան խոշորագույն գրադարաններից մեկը։ Գրադարանի տրամադրած տվյալների համաձայն՝ ձեռագրերի ընդհանուր քանակը գերազանցում է 2000-ը, որոնք ընդգրկում են մի շարք ոլորտներ՝ իրավագիտությունից մինչև բնական գիտություններ և գրականություն։ Ձեռագրերից ամենահինը թվագրվում է մ.թ. 1027 թվականով։ Թանգարանը Գազայից հեռու է և պատերազմից անմիջականորեն չի տուժել։

Ինչպես հաղորդում է Al Jazeera-ն, Գազայի Մեծ Օմարի մզկիթի գրադարանը, որը հիմնադրվել է 7-րդ դարում, ամբողջությամբ ավերվել է 2023 թվականի դեկտեմբերի 8-ին։ 

Գրադարանի հազվագյուտ ձեռագրերի բնօրինակներն այլևս գոյություն չունեն, հասանելի են թվային տարբերակները։

2024 թվականի փետրվարին հրապարակված «Գրադարանավարներ և արխիվավարներ՝ Պաղեստինի հետ համերաշխությամբ» կազմակերպության հրապարակած նախնական զեկույցում («Israeli Damage to Archives, Libraries, and Museums in Gaza, October 2023–January 2024») ահազանգում են Գազայի հատվածի մշակութային ժառանգությանը հասցված ահռելի վնասների մասին։ Հատկապես մեծ է գրավոր ժառանգության կորուստը։ Զեկույցի համաձայն՝ Գազա քաղաքի կենտրոնական արխիվները, որոնք Գազայի 150-ամյա պատմության վկայություններն էին, ամբողջությամբ ոչնչացվել են ուղիղ հրետակոծությունից և դրան հաջորդած հրդեհից։

Զեկույցում նշվում է բազմաթիվ այլ համալսարանական գրադարանների և թանգարանների ոչնչացման մասին։

Նախաձեռնության մանրամասները ճշտելու համար հարցումներ ենք ուղարկել նաև Պաղեստինի մշակույթի նախարարությանը և վարչապետի աշխատակազմին։ Տեղեկություններ ստանալու դեպքում կներկայացնենք մանրամասները։

Լուսանկարները՝ nytimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter