Ուկրաինայում ձերբակալել են Գերագույն ռադայի նախկին նախագահի սպանության մեջ կասկածվող անձին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ձերբակալվել է Գերագույն ռադայի նախկին նախագահ Անդրեյ Պարուբիյի սպանության մեջ կասկածվող անձը։ Ինչպես գրում է BBC-ն, հղում անելով Ուկրաինայի նախագահին, կասկածյալն առաջին ցուցմունքն է տվել։
Նրա ինքնության մասին ոչինչ հայտնի չէ, բայց Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ կասկածյալը ձերբակալվել է Խմելնիցկու մարզում։
«Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոն և Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հենց նոր զեկուցել են Անդրեյ Պարուբիյի սպանության մեջ կասկածվողի ձերբակալության մասին։ Այդ ահավոր սպանության բոլոր հանգամանքները պետք է պարզվեն»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը։
Ավելի ուշ Զելենսկին հավելել է, որ խոսել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն, որը զեկուցել է կասկածյալի նկատմամբ գործընթացային հետագա քայլերի մասին։ «Կան կասկածյալի առաջին ցուցմունքները: Այժմ կատարվում են հետագա անհետաձգելի քննչական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Իրավապահների ողջ թիմը, դատախազության աշխատակիցները շարունակում են շուրջօրյա աշխատանքը»,- հայտարարել է նախագահ Զելենսկին՝ շնորհակալություն հայտնելով «յուրաքանչյուրին, ով ներգրավված է այդ գործում»։
ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն էլ հայտնել է, որ իրավապահ մարմինները դեռևս շատ մանրամասներ չեն բացահայտում։ «Միայն կասեմ, որ հանցագործությունը մանրակրկիտ նախապատրաստվել է. ուսումնասիրվել է զոհվածի տեղաշարժերի ժամանակացույցը, կազմվել է երթուղի, մշակվել է փախուստի պլան»,- հայտարարել է նա։
Կլիմենկոյի խոսքով՝ սպանության բացահայտումը գտնվում է Ուկրաինայի նախագահի անձնական վերահսկողության ներքո։
«Հերթական անգամ ոստիկաններն ու Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները ցույց տվեցին մասնագիտական բարձր մակարդակ: Սպանությունից 24 ժամ անց արդեն դուրս են եկել հրաձիգի ուղիղ հետքի վրա, իսկ 36 ժամ անց ձերբակալել նրան։ Ավելի ուշ մանրամասներ կներկայացնի ոստիկանությունը»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ Անդրեյ Պարուբիյը սպանվել էր Լվովի Ֆրանսկովսկի շրջանում։ Ինչպես հաղորդվում էր, կասկածյալն արձակել էր մի քանի կրակոց, ինչի հետևանքով 54-ամյա քաղաքական գործիչը տեղում մահացել էր։
Հարձակում գործած անձը թաքնվել էր։ Ականատեսները հայտարարել էին, որ կրակողի հագին Glovo առաքման ծառայության առաքիչի համազգեստ էր։
Որոշ վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ պնդում են, որ սպանության մեջ կա «ռուսական հետք»։
Լուսանկարը՝ РИА Новости / Николай Лазаренко
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել