HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իսրայելը կրկնակի հարված է հասցրել Գազայի հիվանդանոցներից մեկին. զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ

Իսրայելը կրկնակի հարված է հասցրել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան-Յունիս քաղաքի Նասեր հիվանդանոցին, ինչի հետևանքով զոհվել է 20 մարդ, այդ թվում՝ լրագրողներ և բուժաշխատողներ։

Առաջին հարվածի հետևանքով զոհվել է առնվազն 1 մարդ, մյուս 19-ը զոհվել են երկրորդ հարվածից հետո։ Ընդ որում, երկրորդ հարվածը հասցվել է դեպքի վայր փրկարարների և լրագրողների ժամանումից հետո։

Զոհված լրագրողներից հինգն աշխատում էին միջազգային լրատվամիջոցներում, ներառյալ՝ Associated Press-ում, Reuters-ում, Al Jazeera-ում և Middle East Eye-ում։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղի ունեցածն անվանել է «ողբերգական պատահար», ինչի համար Իսրայելը «խորապես ցավում է», և հայտարարել, որ զինվորականներն իրականացնում են «մանրակրկիտ հետաքննություն»։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ հարվածներից տուժել են անհետաձգելի բուժօգնության, ստացիոնար և վիրաբուժական բաժանմունքները։

Կազմակերպության ղեկավար Տեդրոս Ադհան Գեբրեյեսուսը նշել է, որ վնասվել է նաև շարժական հրդեհային սանդուղքը։

Ականատեսների վկայությամբ՝ երկրորդ հարվածը ուղիղ հասցվել է փրկարար ծառայության աշխատակիցներին և լրագրողներին։ Համացանցում հրապարակված կադրերից երևում են զոհերի մարմինները։

Զոհերից մեկը Reuters-ի օպերատոր Խուսամ ալ-Մասրին է։ Գործակալություը փոխանցել է, որ նա զոհվել է հիվանդանոցին առաջին հարվածի ժամանակ, երբ ուղիղ հեռարձակում էր իրականացնում Reuters-ի համար։ 

33-ամյա Մարիամ Դագգան Associated Press-ի թղթակից էր ու հիվանդանոցից պարբերաբար տեսանյութեր էր պատրաստում։ Մուհամմեդ Սալաման էլ աշխատում էր Al Jazeera-ում և Middle East Eye-ում։ Զոհվել է Middle East Eye-ի ևս մեկ լրագրող՝ Ահմադ Աբու Ազիզը։ Մուաթհ Աբու Թահան էլ համագործակցում էր տարբեր պարբերականների հետ, այդ թվում՝ իսրայելական Haaretz-ի։ 

Իսրայելը միջազգային լրատվական գործակալությունների աշխատակիցներին թույլ չի տալիս մտնել Գազայի հատված։ Լրատվամիջոցներն օգտագործում են տեղի թղթակիցների կադրերն ու նյութերը։

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 190 լրագրող, որոնց մեծ մասը պաղեստինցիներ են, որոնք զոհվել են իսրայելական հարվածների հետևանքով։ 

Երկու շաբաթ առաջ էլ իսրայելական հարվածի հետևանքով զոհվել էր Al Jazeera-ի լրագրող Անաս աշ-Շարիֆը։ Իսրայելական կողմը պնդում էր, թե, իբր, լրագրողը ղեկավարում է ՀԱՄԱՍ-ի ստորաբաժանումներից մեկը։

Խան-Յունիսի Նասեր հիվանդանոցին իսրայելական հարվածները քննադատել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին, Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը և այլն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ չի իմացել հարվածների մասին, իսկ, պատասխանելով իր արձագանքի մասին լրագրողի հարցին, նշել է, որ «ուրախ չէ»։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter