HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը մերժեց Միքայել Աջապահյանի պաշտպանների բոլոր միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Ավան նստավայրում այսօր շարունակվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի գործով դատական նիստը։ Նախագահող դատավորն էր Արմինե Մելիքսեթյանը։

Դատական նիստին շարունակվեց պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցների հետազոտումը։ Պաշտպանական կողմը որպես ապացույց բերել էր փորձագիտական եզրակացություններ, որոնցում լեզվաբանները մանրամասն վերլուծություններ էին կատարել և եկել այն եզրակացության, որ Աջապահյանի խոսքում կոչ չի եղել, այլ պատմողական նախադասություն է եղել։ Հանրային մեղադրողն արժանահավատ չհամարեց այդ փաստաթղթերը, քանի որ ըստ նրա, այդ անձինք փորձագետներ չեն։

Հաջորդիվ պաշտպանական կողմը դատարանին խնդրեց հետազոտել 2023 թվականին Միքայել Աջապահյանի տված հարցազրույցը։ Այդ հարցազրույցում ևս Աջապահյանը խոսել է հեղաշրջման մասին, սակայն Գլխավոր դատախազությունը մեկ տարի առաջ դրանում հանցակազմ չէր տեսել։ Իսկ մեղադրանքի կողմը կարծիք հայտնեց, որ այդ հարցազրույցը վերաբերելի չէ այս գործին։

Փաստաբան Երեմ Սարգսյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ պահանջելով անթույլատրելի ապացույց ճանաչել Աջապահյանի տան խուզարկության արձանագրությունը, քանի որ ըստ նրա՝ խուզարկությունն իրականացվել է ընթացակարգային խախտումներով։ Պաշտպանն այս միջնորդության շրջանակում միջնորդեց անթույլատրելի համարել նաև խուզարկությամբ հայտնաբերված համակարգչի զննությունը, ինչպես նաև այդ զննությամբ հայտնաբերված Միքայել Աջապահյանի օրագիրը՝ որպես արտավարույթային փաստաթուղթ ճանաչելու որոշումը։

Պաշտպաններից Հարութ Ակլունցը առանձին միջնորդությամբ հանդես եկավ՝ կրկին միջնորդելով անթույլատրելի ճանաչել Աջապահյանի տան խուզարկության արձանագրությունը՝ նշելով, որ Աջապահյանի լիազոր ներկայացուցչին թույլ չեն տվել մասնակցել այդ գործընթացին։ Պաշտպանական կողմը բերել էր նաև Թամարա Յայլոյանի հարցազրույցը, որտեղ փաստաբանը դժգոհություն է հայտնում, որ իրեն չեն թողել մասնակցել խուզարկությանը։ Հանրային մեղադրողն ասաց, որ գործի նյութերում չի եղել որևէ փաստական տվյալ, որ Թամարա Յայլոյանը հանդիսացել է Աջապահյանի լիազոր ներկայացուցիչը կամ փաստաբանը։ 

Դատարանը մերժեց վերոնշյալ բոլոր միջնորդությունները։ Իսկ ինչ վերաբերում է առանց փաստաբանի ներկայության խուզարկություն կատարելու վերաբերյալ ապացույցի անթույլատրելիության միջնորդությանը, դատարանը նշեց․ «Բավարար փաստարկներ չբերվեցին առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը առաջին՝ իմացել է, որ անձի շահերը ներկայացնող փաստաբանը ցանկություն ունի մասնակցել քննչական գործողությանը, և երկրորդ՝ չբերեցին փաստարկներ, որ վարույթն իրականացնող մարմինը խոչընդոտել է այդ անձի մասնակցությանը քննչական գործողություններին»։

Դատարանի որոշումից հետո Միքայել Աջապահյանը դիմեց դատավորին՝ ասելով «ամո՛թ է»։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանը հորդորեց գնահատականներ չտալ։ Միքայել Աջապահյանը շարունակեց՝ նշելով․ «Ավելի խիստ գնահատականներ էլ կարող եք տալ, կարող եք ցմահ բանտարկություն էլ տալ ինձ։ Վախեցող չկա ձեր ցմահ բանտարկությունից»։ Դատավորը նկատողություն հայտարարեց Միքայել Աջապահյանին՝ տեղից հայտարարություններ անելու համար։ 

Փաստաբան Երեմ Սարգսյանը այլ միջնորդություններ ևս ներկայացրեց։ Մասնավորապես, դատարանից խնդրեց անթույլատրելի ճանաչել նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից զննում իրականացնելու վերաբերյալ արձանագրությունը՝ որպես ապացույց։ Այդ զննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից հայտնաբերվել էր այն տեսանյութը, որը մեղադրանքի հիմքն է, և որտեղ Աջապահյանը ենթադրաբար հնչեցրել է հեղաշրջման կոչը։ Ըստ Երեմ Սարգսյանի՝ քննիչի համար այդ տեսանյութի աղբյուրը հայտնի չի եղել, ուստի այդ տեսանյութը, դրա զննությունը և դրա՝ արտավարութային ապացույց ճանաչելը անթույլատրելի են։ Դատավորը այս միջնորդությունը ևս մերժեց՝ նշելով․ «Դատարանի համար ակնհայտ է, որ Ձեր միջնորդությունն անհիմն է»։ 

Դատարանն այդքանով ավարտեց հիմնական դատալսումները՝ կողմերին ժամանակ տալով պատրաստվել եզրափակիչ ելույթներին։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 28-ին, ժամը՝ 14։30-ին։

Դատական նիստից հետո Աջապահյանի փաստաբան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատավորի գործողություններն իրավաբանության հետ որևէ աղերս չունեն։ «Ինքը խորապես գիտի, որ ապօրինություն է անում, ինքը խորապես հասկանում է, որ սխալ գործողություններ է անում, բայց անզոր է։ Դրա համար դատավոր պետք է լինի այն անձը, որն ի զորու է հաղթահարել այդ ճնշումները և անձի ճակատագրի հետ կապված որոշումներ կայացնել»,- նշեց Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 15-ին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով։

Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։ Նա հունիսի 28-ից կալանավորվել է։

Ըստ առաջադրված հոդվածի՝ Միքայել Աջապահյանին սպառնում է պատիժ՝ տուգանքից մինչև ազատազրկում՝ 5 տարի ժամկետով:

Կարդացեք նաև՝

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter