HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը ներկա է գտնվել Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Մարզադպրոցը կառուցվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ:

«Միջոցառմանը ներկա են եղել նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, Ա. Ազարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Պավել Քարտաշյանը, մարզիկներ:

Մարզադպրոցի կառուցման նպատակով Կառավարությունը հատկացրել է 6.9 միլիարդ դրամ։ Բյուջեն ներառում է նոր մարզադպրոցի նախագիծը, շինարարական աշխատանքները, հեղինակային և տեխնիկական հսկողությունը, սպորտային սարքավորումները, ներքին հարդարանքը և ենթակառուցվածքների ձևավորումը։ Մարզադպրոցը կունենա հատուկ մարզատեսակների (գեղարվեստական մարմնամարզություն և ակրոբատիկա) մարզասրահ, ունիվերսալ մարզադահլիճ՝ տրիբունայով՝ 532 հանդիսատեսի համար, կենցաղային տարածքներ, հանդերձարաններ և սանհանգույցներ, վարչական և սպասարկման տարածքներ, ավտոկայանատեղի՝ 88 մեքենայի համար, տեխնիկական տարածք, գույքի պահեստներ և արհեստանոց, ջեռուցման և օդափոխության համակարգ՝ առանձին սենյակների համար կարգավորումներով։

Նախատեսվում է մարզադպրոցի շինաշխատանքներն ավարտին հասցնել 2026թ․ նոյեմբերին։

Նոր մարզադպրոցը կդառնա շուրջ 300 պատանի և երիտասարդ մարզիկների պատրաստման ժամանակակից՝ միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն։ Համալիրում հնարավոր կլինի անցկացնել նաև միջազգային մրցաշարեր՝ ամրապնդելով Հայաստանի դիրքը և հեղինակությունը մարմնամարզության և սպորտի աշխարհում։

Նոր համալիրը նաև կհյուրընկալի 2027 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը՝ լիարժեք ենթակառուցվածքային պատրաստվածությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter