HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված կալանքը երկարաձգվեց 3 ամսով

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Այս գործով մեղադրյալները 18-ն են։ Նրանցից 17-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 1 անձի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը։ 

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

«Սրբազան պայքար»-ի գործով հանրային մեղադրողները հինգն են։

Պաշտպաններից Մկրտիչ Դավթյանը բոլոր հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրեց։ Նա նշեց, որ վարույթ իրականացնող մարմինը կեղծել է ձայնագրությունը, և հանրային մեղադրողներն, իմանալով այդ հանցագործության մասին, ծանոթանալով մեղադրական եզրակացությանը, որևիցէ գործողություն չեն ձեռնարկել. «Առնվազն գոնե պետք է պահանջեին մեղադրական եզրակացությունը վերադարձնել, և փոփոխել նրանում ներառված կեղծ տվյալները։ Սակայն, հասկանում եմ, որ սույն քրեական գործը քաղաքական հետապնդում ունի, միանշանակ համոզված եմ»։

Նիստին ներկա մյուս պաշտպանները նշեցին, որ Հրայր սարկավագ Հակոբյանի պաշտպանը չի ներկայացել դատական նիստին, ուստի ճիշտ չեն համարում միջնորդություններ քննարկել՝ առանց մեղադրյալի պաշտպանի ներկայության։

«Թե՛ ինքնաբացարկի, թե՛ բացարկի հարցը քննարկելով՝ մասնակից ենք մեղադրյալի պաշտպանության կոպտագույն խախտման, պաշտպանը չի ներկայացել, անձն առանց պաշտպանի է ներկայացել։ Չեմ կարող մասնակցել մի նիստի, որի ժամանակ խախտվում է մեկ այլ մեղադրյալի իրավունք»,- նշեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը՝ ներողություն խնդրեց դատարանից և ասաց, որ պետք է դուրս գա։

-Իրականում Ձեզ չի թույլատրվում,- ասաց դատավոր Կարեն Ֆարխոյանը։

-Ես չեմ կարող այս պայմաններում,- նշեց պաշտպանը և դուրս եկավ նիստերի դահլիճից։

Պաշտպան Մկրտիչ Դավթյանն էլ դատական նիստը հետաձգելու առաջարկ արեց՝ նշելով, որ չէր անի միջնորդությունը, եթե իմանար, որ մեղադրյալներից մեկի պաշտպանը ներկա չէր։

Հանրային մեղադրողներն էլ կարծիք հայտնեցին, որ միջնորդության լուծումը հետաձգելու իրավաչափ հիմքեր չեն տեսնում։

Դատարանը մերժեց պաշտպան Մկրտիչ Դավթյանի՝ հանրային մեղադրողներին բացարկ հայտնելու միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։

Դատարանն անցավ մեղադրյալների խափանման միջոցի հարցի քննարկմանը։

Առաջինը դատարանը քննարկեց Լիդյա Մանթաշյանի խափանման միջոցի հարցը;

Հանրային մեղադրողը նշեց, որ վերջինս կարող է խոչընդոտել ապացույցների հետազոտման գործընթացին և միջնորդեց ընտրված խափանման միջոցը երկարաձգել ևս 3 ամիս ժամկետով։

Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթևիկ Սողոյանը նշեց, որ զարմացած է մեղադրողի ներկայացված միջնորդությունից՝ 3 ամիս երկարաձգելու գործով անցնող միակ կնոջ անհիմն կալանավորման ժամկետը։

«Բոլորի մեղադրանքը նույնն է, ուզում եմ հասկանալ՝ բոլոր գործողությունները Լիդյա Մանթաշյանը կատարե՞լ է։ Անհասկանալի է, թե կանկրետ որ արարքներն է մեղսագրվում Լիդյա Մանթաշյանին։ Ըստ էության, չունենք որևէ վկա, որը Լիդյա Մանթաշյանի որևէ ապօրինի գործողության մասին վկայել է, հետևաբար, Մանթաշյանը չունի որևէ շահագրգռվածություն ինչ-որ մեկի նկատմամբ ճնշում գործադրի, որովհետև պարզապես չկա դրա կարիքը»,- ասաց նա։

Մանթաշյանի պաշտպանը միջնորդեց մերժել մեղադրողի միջնորդությունը և կալանքը փոխարինել այլ խափանման միջոցով՝ նշելով, որ մի քանի Աժ պատգամավորներ երաշխավորել են, որ կալանքը դադարեցնելու դեպքում մեղադրյալը չի խոչընդոտի գործի քննությանը, չի խուսափի վարույթ իրականացնող մարմնից։

«Ես մեղավոր չեմ, չեմ ընդունում մեղադրանքն ամբողջությամբ, ահաբեկչական որևէ գործողություն չեմ պլանավորել, ինչպես նաև այստեղ ներկա մնացած բոլոր մեղադրյալները»,- դատարանին հայտնեց Լիդյա Մանթաշյանը։

Այլ պաշտպաններ ևս միացան Լիդյա Մանթաշյանի խափանման միջոց կալանքը փոխարինելու միջնորդությանը։

Դատավորը Էլինար Վարդանյանին, Լիլիթ Գալստյանին, Քրիստինե Վարդանյանին, Ագնեսա Խամոյանին և Ասպրամ Կրպեյանին հրավիրեց դահլիճ, հարցրեց՝ արդյոք ծանոթ են երաշխավորի ստանձնած պարտավորություններից։ 

Դրական պատասխան ստանալուց հետո դատավորը որոշեց բավարարել հանրային մեղադրողների միջնորդությունը և Լիդյա Մանթաշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

«Քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, կիրառված խափանման միջոցի հիմքերը՝ խոչընդոտելու, հանցանք կատարելու, փախուստի դիմելու հիմքերն առնվազն չեն վերացել, դատարանը գտնում է, որ տվյալ փուլում այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, խափանման միջոց կալանքը կերկարաձգվի 3 ամիս ժամկետով»,- հայտնեց նա։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է վաղը՝ օգոստոսի 21-ին՝ ժամը՝ 14։30-ին։

Լուսանկարը՝  Լիդյա Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter