HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՆԳՆ-ն սահմանել է պետական և մասնավոր օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալու կարգը. նախագիծ

Ներքին գործերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով սահմանվում է պետական և մասնավոր օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ունենալու կարգը։

Ըստ նախագծի՝ պետական մարմինները (բացառությամբ Պաշտպանության նախարարության, Արտաքին հետախուզության ծառայության և Պետական պահպանության ծառայության), տեղական ինքնակառավարման մարմինները, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններն ու հիմնարկները, տեսանկարահանող համակարգերով հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմինը, օդանավակայանները հասանելիություն պետք է տրամադրեն Ոստիկանությանը՝ իրենց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին։

ՆԳՆ կողմից ներկայացված օրենքի նախագծով սահմանվում է տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը։ Նախագծի հիմնավորմամբ՝ Ազգային ժողովն ընդունել է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2025թ. մարտի 5-ի օրենքը, որի լրացվող հոդվածի համաձայն՝ «տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ»։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մշակվել է «Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ապահովել օրենքով սահմանված լիազորության իրացումը։

Այդ կարգի համաձայն՝ կազմակերպություններն իրենց տեսահսկման համակարգերին հասանելիություն պետք է տրամադրեն Ոստիկանության ներկայացրած միջնորդագրի հիման վրա։

Ազգային անվտանգության ծառայությունը հասանելիություն պետք է տրամադրի Ոստիկանությանը՝ պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերին։ Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապօգնության բնագավառի լիազոր մարմինները հասանելիություն պետք է տրամադրեն Ոստիկանությանը՝ օրենքով նախատեսված համապատասխան տրանսպորտային միջոցների տեսահսկման համակարգերին:

Հասանելիությունը կտրամադրվի միջանկյալ ծրագրով տեսահսկման համակարգերին ցանցի կամ համացանցի միջոցով Ոստիկանության կողմից միանալու ձևաչափով:

Կազմակերպությունները նոր տեսահսկման համակարգ տեղադրելու դեպքում, տեղադրումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, այդ մասին գրավոր պետք է տեղեկացնեն Ոստիկանությանը: Տեսահսկման համակարգը շահագործումից հանելու, վերանորոգելու կամ փոխարինելու դեպքում, համապատասխան կազմակերպությունը, այդ մասին գրավոր պետք է տեղեկացնի Ոստիկանությանը՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օր առաջ: Եթե նախնական պլանավորում չի եղել, ապա Ոստիկանությանը պետք է տեղեկացնել այդ գործողությունների մեկնարկից հետո՝ անհապաղ:

Կազմակերպությունները և հիմնարկները պարտավոր են ապահովել ինտերնետ կապի և սերվերի բավարար թողունակություն և տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր՝ ինքնաշխատ եղանակով: 15 օրից ավելի տեսագրությունների պահպանման անհրաժեշտության դեպքում այն ծրագրային ապահովման միջոցով պետք է առանձնացվի և պահվի կրիչների վրա, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության ներքո:

Միջանկյալ ծրագրին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանելու է Ներքին գործերի նախարարի հրամանով:

Տեսահսկման իրականացման ընթացքում միջամտության կամ շեղումների փաստի կամ կասկածի դեպքում՝ Ոստիկանության իրավասու աշխատակիցը անհապաղ այդ մասին պետք է հայտնի իր անմիջական ղեկավարին՝ զուգահեռաբար ինքնուրույն միջոցներ ձեռնարկելով խնդրի հաղթահարման ուղղությամբ:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունը պարտավոր է նաև պահպանել տեսագրությունների անձնական տվյալների գաղտնիությունը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի համաձայն։

Նախագծերի ընդունման արդյունքում Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում կկարողանա պահանջել և ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ կունենա հասանելիություն այդ համակարգերին՝ «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով՝ 24/7 ժամանակի ռեժիմով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ այն հնարավորություն կստեղծի նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին և մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում՝ դրանք կանխարգելելու, հայտնաբերելու և բացահայտելու համար, միաժամանակ հնարավորություն կտա Ոստիկանությանը իրացնել օրենքով սահմանված լիազորությունները։

Հիշեցնենք, որ 2024-ի հունիսին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել էր օրենսդրական փաթեթ, որով մի շարք տնտեսվարողների պարտադրվում էր տեղադրել տեսահսկման սարքեր և Ներքին գործերի նախարարության համար ապահովել ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն պարտադիր տեսահսկման համակարգերին:

Տեսահսկման սարքեր պետք է տեղադրվեին բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, դեղատներում, արտարժույթի առուվաճառքի առանձնացված մուտք ունեցող կետերում, փոստային կապի օբյեկտներում, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցման կամ նույն ցանցի շահագործման նպատակով օգտագործվող տարածքներում, ուսումնական հաստատություններում, զենքի առևտրով զբաղվող կազմակերպություններում, 100քմ ավելի մակերես ունեցող առևտրի օբյեկտներում, ինչպես նաև՝ հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի մանրածախ առևտրի կետերում, առևտրի իրականացման վայրերում, մետրոպոլիտենում, ստորգետնյա ավտոկայանատեղերում, 50 քմ ավելի մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտներում։

Իրավունքի մասնագետներն այս նախագիծը ռիսկային էին համարել՝ ծայրահեղ միջոց, քանի որ պետությունը կարող է չդիմանալ «գայթակղությանը» և այդ տեղեկատվությունն օգտագործել այլ նպատակներով:

Դրանից հետո՝ 2024-ի նոյեմբերին, Ոստիկանությունը հաղորդեց, որ սառեցնում է մասնավոր օբյեկտների տեսախցիկներին հասանելիություն ապահովող օրինագծի ընթացքը։

«Չշեղվելով հանրային անվտանգության միջավայրի բարելավման նպատակադրումից և օրակարգից, ներկայում քննարկվում է առանձին նախաձեռնությամբ խնդրի փուլային լուծման տարբերակը։ Մասնավորապես, նախատեսվում է առաջին փուլում քննարկման առարկա դարձնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեսահսկման համակարգերին ՀՀ ներքին գործերի նախարարությանը հասանելիություն տրամադրելու մոտեցումը»,- նշել էր Ոստիկանությունն իր հայտարարությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter