HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ալյասկայում մեկնարկել է Թրամփ-Պուտին հանդիպումը

Այսօր` օգոստոսի 15-ին, ԱՄՆ-ի Ալյասկա նահանգում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն ավիաբազայում Երևանի ժամանակով 23:30-ին (տեղական ժամանակով` 11:30-ին), մեկնարկեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Երկու նախագահները միաժամանակ իջան ինքնաթիռներից։ Վլադիմիր Պուտինը մոտեցավ Դոնալդ Թրամփին, և տեղի ունեցավ նրանց ձեռքսեղմումը։ Սա Պուտինի և Թրամփի առաջին հանդիպումն էր Թրամփի վերընտրվելուց հետո։

Նախատեսված դեմ առ դեմ հանդիպման փոխարեն հանդիպումը տեղի է ունենում 3+3 ձևաչափով։ Ամերիկյան կողմից հանդիպմանը մասնակցում են պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը, ռուսական կողմից` ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ուկրաինական արդեն երեքուկես տարի շարունակվող պատերազմը դադարեցնելու հնարավորությունները։

Մինչ հանդիպման մեկնարկը ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դժգոհ կլինի, եթե չկարողանա այսօր համաձայնության գալ Պուտինի հետ։

«Չգիտեմ՝ այսօր կլինի՞, թե՞ ոչ, բայց եթե այսօր չլինի, ուրախ չեմ լինի»,- Fox news-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահը։

Իսկ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմը դադարեցնելու ժամանակն է։

«Ժամանակն է ավարտել պատերազմը, և համապատասխան քայլերը պետք է արվեն Ռուսաստանի կողմից»,- Տելեգրամի իր էջում գրել է նա։

Լուսանկարը՝ reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter