
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել ԱՆԻՖ-ի նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի և երկու այլ անձանց նկատմամբ
Այսօր՝ օգոստոսի 15-ին, Դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Հայաստանի պետական հետաքրքրությունների հիմնադրամ» ՓԲԸ-ի (ԱՆԻՖ) նախկին տնօրեն Դավիթ Փափազյանի, «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի և «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, որ «Հետքը» ամիսներ առաջ պարզել էր, որ ԱՆԻՖ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ն ավելի քան 1,5 մլրդ դրամ ներդրում է կատարել նորաստեղծ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ում։
Ընկերության տնօրենը՝ Կարինե Անդրեասյանը, Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին է, իսկ բաժնետոմսերի 51 %-ը պատկանում է Դելավերում՝ օֆշորային գոտում, գրանցված երկու ընկերության։
Դավիթ Փափազյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածի հատկանիշներով՝
- փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը (457-րդ հոդված),
- առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր)
- և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։
ԱՆԻՖ-ի դուստր ընկերության՝ «Ձեռնարկատեր+պետություն հակաճգնաժամային ներդումների հիմնադրամ» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Բելլա Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածի հատկանիշներով՝
- փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը (457-րդ հոդված),
- և մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ)։
Իսկ «Սի Էֆ Դաբլյու» ՓԲԸ-ի տնօրեն Կարինե Անդրեասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով։
Թե ինչ խափանման միջոց է ընտրվել Դավիթ Փափազյանի, Բելլա Մանուկյանի և Կարինե Անդրեասյանի նկատմամբ, դեռևս հայտնի չէ։
Մեկնաբանել