
Որքան հարկ են վճարում Հայաստանի խոշոր հանքարդյունաբերողները
Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների մի մասը խոշոր հարկատուներ են։ 2024 թվականի տարեկան և այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ նրանց կազմում խոշորագույն հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ)-ն է, որին մեծ տարբերությամբ հաջորդում են «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ», «Թեղուտ» և «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ները։
Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած խոշոր հարկատուների ցանկում են նաև Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը շահագործող «Լիճքվազ» ՓԲԸ-ն, «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ»-ը, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «ԳՊՄ գոլդ» (նախկինում՝ «Գեոպրոմայնինգ գոլդ») ՍՊԸ-ն, Արջուտի ոսկու հանքավայրը շահագործող «Բակտեկ ԷԿՈ» ՍՊԸ-ն և Մեղրաձորի հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն։
Այս հոդվածում կներկայացնենք հանքարդյունաբերողների հարկերը ինչպես տարեկան տվյալներով՝ 2024 թվականին, այնպես էլ ՊԵԿ-ի ամենաթարմ՝ 2025-ի առաջին կիսամյակի տվյալներով։
2024-ի խոշոր հարկատու հանքարդյունաբերողները
Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն 2024 թվականի տարեկան տվյալներով ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի խոշորագույն հարկատուն է, այլև Հայաստանի։
Ընկերությունը տարվա ընթացքում պետական բյուջե է վճարել 102 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 44%-ով։
Հանքարդյունաբերության ոլորտի մյուս խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալները ավելի «համեստ» են։
Այսպես, «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը վճարել է 10.3 մլրդ դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ եռակի աճել է։ Ընկերությունն ավելացրել է շահութահարկը։ Աճ կա նաև «այլ հարկեր» տողով, որի բացվածքը չի երևում, բայց եկամտային հարկը դրանում չի ներառվում, քանի որ ներակայացվում է առանձին։
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ը, ԶՄՊԿ-ն և «ԳՊՄ գոլդ»-ը փոխկապակցված են. ունեն ընդհանուր սեփականատերեր։ Նախկինում համարվում էին ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի հայկական ակտիվները։ 2024-ի փետրվարին «Գեոպրոմայնինգ»-ը հայտնվեց ամերիկյան պատժամիջոցների տակ։ Արդեն տարեվերջին հայկական ակտիվները տեղափոխվեցին Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Նեո Մետալս» ընկերության միջոցով։
Ոլորտի մյուս խոշոր հարկատու «Թեղուտ»-ի հարկերը կազմել են 8.1 մլրդ դրամ՝ աճելով 89%-ով։ Այստեղ ևս մեծ դեր են խաղացել «այլ հարկերն ու վճարները»։
Առաջին եռյակին հաջորդող մյուս հարկատուների վճարած հարկերի տարեկան ծավալը չի գերազանցել 2 մլրդ դրամը։ Ընդ որում՝ հաջորդող երեք հարկատուների հարկերի էական անկում է գրանցվել 2024-ին։ Ամենամեծ անկումը գրանցել է «ԳՊՄ գոլդ» ՍՊԸ-ն («Գեոպրոմայնինգ գոլդ»), որը, ինչպես նշվեց, շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը։ Ընկերությունն ամբողջ տարվա ընթաքում վճարել է 863 մլն դրամի հարկեր, որը 2023-ի համեմատ նվազել է մոտ հինգ անգամ։
Մանրամասները ներկայացված են ստորև ինֆոգրաֆիկայում։
Այն ընկերությունները, որոնց հարկերի համեմատական ցուցանիշները՝ 2023 թվականի համեմատ բացակայում են, 2023-ին չեն հայտնվել խոշոր հարկատուների ցանկում, հետևաբար՝ նրանց հարկերի տվյալները հասանելի չեն մեզ։
Քանի որ խոշոր հարկատուների ցանկում չի նշվում, թե որ ընկերությունը որ ոլորտում է աշխատում, հանքարդյունաբերող հարկատուների ցանկը կազմելիս հիմք ենք ընդունել ՊԵԿ-ի մեկ այլ ցանկ, որտեղ ներկայացված են այն հանքարդյունաբերողները, որոնք Հայաստանում մետաղական հանածո արդյունահանելու թույլտվություն ունեն։
Խոշոր հարկատուների ցանկից բացակայում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը ցանկանում է շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը։
Բացի վերը նշվածները, բազմաթիվ այլ ընկերություններ ևս առնչվում են հանքարդյունաբերության ոլորտին և տեղ են գտել խոշոր հարկատուների կազմում։ Դրանք ոչ թե հանքարդյունաբերողներ են, այլ ընկերություններ, որոնք մշակում կամ վերամշակում են հումքը, ծառայություններ մատուցում հանքարդյունաբերողներին, օրինակ՝ կատարում են երկրաբանահետախուզական, ստորգետնյա, մակաբացման և այլ աշխատանքներ։
Նրանց շարքում է «Մաքուր երկաթի գործարանը», որը զբաղվում է ֆերոմոլիբդենի արտադրությամբ։ Ինչպես գրել ենք, 2024-ը ճգնաժամային տարի էր «Մաքուր երկաթի գործարանի» համար։ Եթե կարճ՝ գործարանը վերամշակման հումք չի ստացել ԶՊՄԿ-ից և քանի որ նախկինում աշխատել է հիմնականում հենց ԶՊՄԿ-ի համար, ստիպված պարապուրդի է մատնվել։
Այս իրավիճակն, ըստ էության, ազդել է նաև ընկերության հարկային ցուցանիշների վրա։ 2024 թվականին «Մաքուր երկաթի գործարանը» վճարել է 777 մլն դրամի հարկ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 39%-ով։
Ֆերոմոլիբդենի արտադրությամբ զբաղվող մյուս ընկերությունը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը, վճարել է 906 մլն դրամի հարկեր, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 6.5%-ով։
Ավելի փոքր ծավալներով ֆերոմոլիբդենի արտադրությամբ է զբաղվում նաև Արմավիր քաղաքում գործող «Առ ալլոյս թրեյդինգ» ՍՊ ընկերությունը, որը 2025-ին վճարել է 379 մլն դրամի հարկեր։
2025-ին ԶՄՊԿ-ի հարկերը կտրուկ նվազել են
Նշված հանքարդյունաբերական ընկերությունները հայտնվել են նաև 2025 թվականի խոշոր հարկատուների ցանկում։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն, որն այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկից դուրս էր մնացել, երկրորդ եռամսյակում վճարած հարկերի հաշվին կրկին հայտնվել է խոշորների ցանկում և կիսամյակի տվյալներով 6-րդ խոշոր հարկատուն է։ Վճարել է 20.4 մլրդ դրամի հարկեր, որը 2024-ի առաջին կիսամյակի համեմատ նվազել է 68.2%-ով։ ԶՊՄԿ-ի հարկերի մեծ մասը գոյացել է շահութահարկից։
Այս նվազումը պայմանավորված է այս տարվա առաջին երեք ամսվա ցուցանիշներով։ ԶՊՄԿ-ից նշում են, որ առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ԶՊՄԿ-ի չներառվելը բացատրվում է նախորդ տարի վճարած կանխավճարներով։
«Դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում վերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։ 2024թ.-ի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,- նշել են ընկերությունից։
Այս տարվա առաջին կիսամյակի հանքարդյուրաբերության ոլորտի երկրորդ խոշոր հարկատուն Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը շահագործող «Կապանի լեռանահարստացման կոմբինատ»-ն է։
Ընկերությունը վեց ամսում վճարել է 10.3 մլրդ դրամի հարկեր։ Ընկերության հարկերը կտրուկ՝ 26 անգամ, ավելացել են նախորդ տարվա նույն կիսամյակի համեմատ։ Կապանի ԼՀԿ-ն ավելացրել է շահութահարկը, սակայն հարկերի թռիչքային աճն առավելապես ապահովել են «այլ հարկերն ու վճարները»։
Նախորդ տարի «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ի հարկերը տեսանելի նվազել էին։ Այդ ֆոնին այս տարվա գրացած աճը պայմանավորված է նաև բազայի էֆեկտով։
Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ Կապանի կոմբինատն ապօրինի 2900 տոննա հանքաքար է արդյունահանել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ավարտել էր ստուգումը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում, որն սկսվել էր «Հետքի» հրապարակման հիման վրա: Նյութերն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար:
Այս տարի «Թեղուտ»-ի հարկերը եռակի ավելացել են, «Լիճքվազ»-ի հարկերը՝ քառակի։
«Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ»-ի հարկերի փոփոխությունը մեծ չէ։
Հարկերի անկում է գրանցել «Բակտեկ էկո»-ն, որը շահագործում է Լոռու մարզի Արջուտի ոսկու հանքավայրը։
Գլխավոր լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)/ ԶՊՄԿ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել