HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապանի ԼՀԿ-ի հայցը տեսչական մարմնի դեմ քննվելու է ոչ թե գրավոր ընթացակարգով, այլ ընդհանուր կանոններով

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի՝ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի դեմ դատական գործը քննվելու է ոչ թե գրավոր ընթացակարգով, այլ ընդհանուր կանոններով: Դատական նիստն էլ նշանակվել է նոյեմբերի 6-ին։

Հիշեցնենք, որ Կապանի ԼՀԿ-ն անցյալ տարվա դեկտեմբերի 30-ին ԲԸՏՄ-ի դեմ հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել տեսչական մարմնի դեկտեմբերի 17-ի ստուգման ակտը:

Հայցն ընդունվել էր դատավոր Հերմինե Մուրադյանի վարույթ, որը որոշել էր գործը քննել գրավոր ընթացակարգով եւ ակտը հրապարակել հուլիսի 7-ին: Սակայն այդ օրը դատարանը որոշել է, թե քանի որ անհրաժեշտ է ձեռնարկել Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված գործողություններ (փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելը), որոնք իր գնահատմամբ չեն կարող իրականացվել գրավոր ընթացակարգով, ապա անհրաժեշտ է գործը քննել ընդհանուր կանոններով եւ նախնական դատական նիստ հրավիրել նոյեմբերի 6-ին:

Սա Կապանի ԼՀԿ-ի երկրորդ դատական հայցն է ԲԸՏՄ-ի դեմ:  

Առաջին հայցը կոմբինատը ներկայացրել էր 2024 թ. դեկտեմբերի 13-ին:

Հիշեցնենք, որ «Հետքի» հրապարակման հիման վրա ԲԸՏՄ-ն կոմբինատում ստուգում էր սկսել նախորդ տարվա օգոստոսին։ Ստուգման նպատակն էր պարզել ԼՀԿ-ի կողմից Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը բաց եղանակով շահագործելու թույլտվության առկայությունը եւ գործունեության համապատասխանությունը բնապահպանական եւ ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջներին։

Քանի դեռ տեսչական մարմինը ստուգումը չէր ավարտել ու ստուգման ակտ չէր ընդունել, ԼՀԿ-ն դեկտեմբերի 13-ին դիմել էր Վարչական դատարան՝ խնդրելով ճանաչել ստուգում իրականացնելու իրավահարաբերության բացակայությունը։ Հայցն ընդունվել էր դատավոր Լիլիթ Սադոյանի վարույթ: Առաջիկա դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին:

Ստուգման արդյունքում տեսչական մարմինը պարզել է, որ Կապանի ԼՀԿ–ի կողմից ապօրինի արդյունահանվել է 2895 տոննա հանքաքար, որը պարունակում է 13,5 կգ ոսկի, 251 կգ արծաթ, 23 տոննա պղինձ, 153 տոննա ցինկ եւ 18 տոննա կապար։ Դեկտեմբերի 26–ին ԲԸՏՄ-ն ստուգման նյութերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ հետագա ընթացքն ապահովելու համար։ Ահա ԲԸՏՄ-ի տեսչական այս ակտն է, որն անվավեր ճանաչելու համար դեկտեմբերի 30-ին ԼՀԿ-ն դիմել է Վարչական դատարան:

Հունվարի 15-ին ՔԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հոդվածով: Քրեական վարույթի շրջանակներում ավելի ուշ նշանակվել է դատաէկոլոգիական փորձաքննություն:

Կապանի ԼՀԿ-ն պնդում է, որ ապօրինի հանքարդյունահանում չի իրականացրել: Հանքարդյունաբերողը նաեւ շեշտում է, որ տեսչական մարմնի կողմից ստուգումն իրականացվել է մի շարք ընթացակարգային խախտումներով, ինչպես նաեւ անհայտ մեթոդաբանությամբ, որոնք հանգեցրել են ոչ իրավաչափ եւ անհիմն ստուգման ակտի ընդունմանը, ինչի հետեւանքով ԼՀԿ-ին վերագրվել են իրավախախտումներ, որոնք ընկերության կողմից չեն կատարվել։

Տես նաեւ՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter