
Հայկական ֆերոմոլիբդենի արտահանումը կրճատվել է. ԶՊՄԿ-ն մեծ քանակի չմշակված հումք է արտահանում
Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել են։ Դրա փոխարեն երկիրը սկսել է ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով։
Հումքի գլխավոր մատակարարն ու արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Կոմբինատից հումք չստանալու պատճառով ֆերոմոլիբդենի հիմնական արտադրողներից «Մաքուր երկաթի գործարանը» հայտնվեց ճգնաժամում։ Մյուս արտադրողը՝ «ԱՄՓ հոլդինգ»-ը, 2024-ին շարունակել է աշխատել։
«Հետք»-ը փորձել է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում այս շուկայում։
Հայաստանը սկսել է ավելի շատ մոլիբդենի խտանյութ արտահանել, քան ֆերոմոլիբդեն
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում արտադրվել է մոտ 4.5 հազար տոննա ֆերոմոլիբդեն, որը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 42%-ով։ Արտադրությունը կրճատվել է նաև այս տարի:
Մինչև 2020 թվականը Հայաստանում արդյունահանվող մոլիբդենի խտանյութը մեծ մասամբ վերամշակվել է և արտահանվել ֆերոմոլիբդենի տեսքով։
Նշված տարվանից տեսանելի ավելացել են մոլիբդենի արդյունահանման ծավալները, սակայն դրանք ոչ թե ամբողջությամբ վերամշակվում են, այլ մի մեծ քանակ արտահանվում է որպես խտանյութ։ Դեռևս այդ ժամանակ քննարկվում էր, որ թեև Հայաստանում ֆերոմոլիբդեն արտադրող գործարաններն աշխատում են ամբողջ հզորությամբ, սակայն չեն կարողանում արդյունահանված ամբողջ խտանյութը վերամշակել։
Սակայն, 2022 թվականից հետո ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը կրճատվում են։ Արդյունքում, այսօր Հայաստանն ավելի շատ անմշակ մոլիբդենի հումք է արտահանում, քան ֆերոմոլիբդեն։
Ստորև ինֆոգրաֆիկայում արտահանումն է՝ ըստ քանակի։
2024-ին Հայաստանից արտահանվել է 6.1 հազար տոննա ֆերոմոլիբդեն, որի արժեքը կազմել է 185 մլն դոլար։ Տվյալները «Հետք»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից։
Նախորդ տարվա համեմատ արտահանման քանակը նվազել է 19.5%-ով, արժեքը՝ 34%-ով կամ 96 մլն դոլարով։
Նույն տվյալներն են ներկայացված նաև միջազգային առևտրի UN Comtrade Database-ում, որտեղ տվյալները հրապարակվում են ավելի լայն բացվածքով, հետևաբար՝ մեր հոդվածում օգտագործվել են մեծ մասամբ նշված աղբյուրի տվյալները։
Նույն տարում Հայաստանից արտահանվել է նաև 11.4 հազար տոննա մոլիբդենի խտանյութ (հանքաքար և խտահանք)՝ 221 մլն դոլարի։ Չնայած, որ նախորդ տարվա համեմատ քանակն աճել է 2%, արժեքը նվազել է մոտ 5%-ով։
Ֆերոմոլիբդենը՝ որպես վերամշակված ապրանք, շատ ավելի թանկ է, քան խտանյութը։ Ֆերոմոլիբդենը երկաթմոլիբդենային համահալվածք է, որը օգտագործվում է պողպատների, թուջերի և այլ համաձուլվածքների լեգիրացման համար: Նախորդ տարի Հայաստանից մեկ տոննա մոլիբդենի խտանյութի արտահանման միջին գինը կազմել է 19.3 հազար դոլար, մինչդեռ ֆերոմոլիբդենինը՝ 30.2 հազար դոլար։
Դա է բացատրությունը, որ եթե մոլիբդենի տվյալները դիտարկում ենք ըստ արտահանման արժեքի, ապա ֆերոմոլիբդենը, բացառությամբ 1-2 տարվա, արժեքով գերազանցել է։
Հաջորդ ինֆոգրաֆիկայում ներկայացրել ենք մոլիբդենի արտահանումը՝ ըստ արժեքի։ Տվյալները կրկին վերցված են UN Comtrade Database-ից, քանի որ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դեռևս չի հրապարակել նախորդ տարվա տվյալները։
Մոլիբդենի խտանյութի գլխավոր արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» (ԶՊՄԿ) ՓԲԸ-ն շահագործում է Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։ Ըստ ընկերության կայքի՝ այն Հայաստանում առաջատարն է արտադրության ծավալներով, և շահագործվող հանքավայրը մոլիբդենի ու պղնձի պաշարներով ամենամեծն է։
Ըստ ՊԵԿ-ի տրամադրած տվյալների՝ ԶՊՄԿ-ն 2024-ին Հայաստանից մոլիբդենի խտանյութի ամենամեծ արտահանողն է։ Արտահանել է 8.3 հազար տոննա մոլիբդենի խտանյութ։ Դա կազմում է արտահանված ամբողջ խտանյութի 72%-ը։ Նախորդ տարում ևս գլխավոր արտահանողն է եղել։
Ավելի փոքր քանակով մոլիբդենի խտանյութ են արտահանում նաև «Թեղուտ» ՓԲԸ-ն և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։
Նշված արդյունահանողները ֆերոմոլիբդեն չեն արտադրում։ Հումքը հանձնում են այլ գործարանների, որոնք արտադրում են այն։ Դրանից հետո կա՛մ իրենք՝ գործարաններն են արտահանում, կա՛մ հանքարդյունաբերողները։
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանում ֆերոմոլիբդեն արտադրող երեք գործարան կա։ Թեև Վիճկոմիտեն ոչ մի կերպ չի հայտնում ընկերությունների անուններն ու նրանց արտադրության ծավալները, քանի որ չունի դրա իրավասությունը, սակայն Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում, գոնե, մոտավոր եզրահանգումներ կարելի է անել։
Այսպիսով, ֆերոմոլիբդեն արտադրող ընկերություններից երկուսն են համեմատաբար խոշոր, որոնք շահագործում են «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն, «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն։ Նրանց գործարանները գտնվում են Երևանում։
Եվս մեկ գործարան կա Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում, որը շահագործում է «Առ Ալլոյս Թրեյդինգ» ՍՊԸ-ն։ Այն աշխատում է շատ ավելի փոքր ծավալներով։
Նշենք, որ Հայաստանը նաև մոլիբդենի խտանյութ է ներմուծում, սակայն այդ ծավալները մեծ չեն, անգամներով զիջում են արտահանմանը և ընդհանուր ոլորտի վրա էական ազդեցություն չունեն։
2024-ին ճգնաժամում հայտնված Մաքուր երկաթի գործարանը «վերակենդանացման» նշաններ է ցույց տալիս
2024-ը ճգնաժամային տարի էր «Մաքուր երկաթի գործարանի» համար։ Հայաստանի մշակող արդյունաբերության համեմատաբար խոշոր գործարաններից և խոշոր հարկատուներից մեկը ամիսներ շարունակ պարապուրդի էր մատնվել։
2024 թվականին ֆերոմոլիբդենի արտադրության ծավալների անկման և «Մաքուր երկաթի գործարան»-ում ստեղծված իրավիճակի միջև ուղիղ կապ կա։
Եթե կարճ՝ գործարանը վերամշակման հումք չի ստացել ԶՊՄԿ-ից և քանի որ նախկինում աշխատել է հիմնականում հենց ԶՊՄԿ-ի համար, ստիպված պարապուրդի է մատնվել։
«Հետք»-ը գրել է, որ գործարանն ու կոմբինատը մինչև 2019 թվականն ունեցել են նույն տերերը։ Ավելի պարզ՝ աշխատել են նույն օղակում։ Սակայն, նշված տարվանից, երբ սեփականատերերը փոխվել են, ԶՊՄԿ-ն սկսել է ավելի շատ մոլիբդենի խտանյութ արտահանել։
Թեև կոմբինատից ոչ մի կերպ չեն մեկնաբանում այս իրավիճակը, սակայն, ըստ մեզ հասած տեղեկությունների, եթե նախկինում կոմբինատին տնտեսապես ձեռնտու էր իր «տիրապետության» տակ գտնվող գործարանում վերամշակել հումքը և արտահանել ավելի թանկ գնով, ապա այժմ կատարվող ծախսերը ոչ ամբողջությամբ են արդարացվում, որի պատճառով էլ գործարանը սկսել է ավելի շատ խտանյութ արտահանել։ Դրան գումարվում են նաև միջազգային շուկայում գների հաճախակի տատանումները։
Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ում այժմ բաժնեմաս ունի նաև պետությունը։
2024-ի սկզբին արդեն հայտնի դարձավ, որ «Մաքուր երկաթի գործարան»-ը պարապուրդի է մատնվել։ Ապրիլին գործարանը հայտարարեց, որ շուկայի ընթացիկ իրավիճակը ստիպում է կրճատել աշխատուժը։
Ընկերության հասույթը 2024 թվականին, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 79%-ով՝ կազմելով 1.6 մլրդ դրամ, որը, ըստ հաշվետվությունների, տեղի է ունեցել բառապես արտադրության ծավալների կրճատման հետևանքով։
Եթե 2023-ին գործարանը մշակել էր 2543 տոննա մոլիբդենի մետաղի պարունակությամբ խտանյութ, ապա 2024-ին՝ ընդամենը 135 տոննա։
Թե ինչու՞ «Մաքուր երկաթի գործարան»-ը ԶՊՄԿ-ից հումք չի ստացել նախորդ տարի, ո՛չ կոմբինատից, ո՛չ էլ գործարանից սպառիչ բացատրություններ չեն հնչել։
ԶՊՄԿ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտարարել են, որ «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն չի մասնակցել իրենց 2023 թվականի նոյեմբերին հայտարարած` մոլիբդենի խտանյութի գնման մրցույթին։ Այսինքն՝ ըստ ԶՄՊԿ-ի «Մաքուր երկաթի գործարան»-ը ինքն է հրաժարվել հումք գնելուց։
«Մաքուր երկաթի գործարան»-ից, սակայն, որևէ կերպ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ ասվածի վերաբերյալ։
Փոխարենը գործարանի 2024 թվականի տարեկան ֆինանսական հաշվետվության մեջ կարդում ենք. «Տարվա ընթացքում վերամշակման ծավալների որոշակի նվազում է գրանցվել, քանի որ ընկերության հիմնական մատակարարը չի երկարաձգել մոլիբդենի խտանյութի վերամշակման պայմանագիրը, որը լրացել է 2023-ի վերջին։ Այս իրադարձությունների հետևանքով ընկերությունը ստիպված է եղել զգալիորեն կրճատել իր վերամշակման գործողությունները 2024 թվականի առաջին երկու եռամսյակների ընթացքում»։
Այստեղից էլ կարելի եզրակացնել, որ գործարանն էլ իր հերթին կոմբինատին է «մեղադրում» պայմանագիրը չերկարացնելու համար։
Արդեն 2025-ին, ինչպես երևում է, իրավիճակը որոշակիորեն կարգավորվել է։ «2025 թվականին ընկերությունը բավարար ծավալի մատակարարման պայմանագիր է կնքել ԶՊՄԿ-ի հետ մոլիբդենի գնման համար, ինչպես նաև պայմանագիր է կնքել շուկայի ևս 2 մասնակիցների հետ»,- նշված է հաշվետվության մեջ։
2025 թվականի առաջին եռամսյակում, ըստ հաշվետվությունների, գործարանը երեք ամսում վերամշակել է 268 տոննա մոլիբդենի մետաղի պարունակությամբ խտանյութ՝ 4.5 անգամ ավելին, քանի նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում։
ԶՊՄԿ-ից ևս հաստատեցին, որ նոր պայմանագիր ունեն «Մաքուր երկաթի գործարան»-ի հետ։
Թե ինչպես դա կազդի Հայաստանում ֆերոմոլիբդենի արտադրության ցուցանիշների վրա, դեռևս պարզ չէ։ Ամեն դեպքում, վերջին տվյալներով՝ 2025 թվականի հունվար-մայիսին Հայաստանում արտադրվել է մոտ 1.3 հազար տոննա ֆերոմոլիբդեն, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 37%-ով։
Որպես ընկերության գործունեության վրա ազդող նշանակալից ռիսկ՝ «Մաքուր երկաթի գործարան»-ից նշել են միջազգային շուկայում մետաղների գների փոփոխությունը, ինչն ուղղակիորեն ազդում է ընկերության արտադրանքի վրա։
Ըստ հաշվետվության՝ «Մաքուր երկաթի գործարան»-ի անմիջական մայր կազմակերպությունը գերմանական «Քրոնիմետ Ֆերրոլեգ» ՍՊԸ-ն է (CRONIMET Ferroleg. GmbH), իսկ վերջնական մայր կազմակերպությունն է «Քրոնիմետ Հոլդինգ» ՍՊԸ-ն (CRONIMET Holding GmbH), որը վերահսկվում է Գյունտեր և Յուրգեն Պիլարսկիների կողմից։
ԶՊՄԿ-ին փոխկապակցված «ԱՄՓ հոլդինգ»-ը՝ 2024-ին ֆերոմոլիբդենի հիմնական արտադրող
«ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն, որը շահագործում է «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» անվամբ հայտնի գործարանը Երևանում, 2024-ին դարձել է ֆերոմոլիբդենի շուկայի գլխավոր արտադրողը։
Քանի որ «Առ Ալլոյս Թրեյդինգ» ընկերությունը աշխատում է շատ ավելի փոքր ծավալներով, «Մաքուր երկաթի գործարան»-ը ամիսներ շարունակ պարապուրդում էր, հետևաբար՝ 2024-ին Հայաստանում արտադրված 4.5 հազար տոննա ֆերոմոլիբդենի առյուծի բաժինն ապահովել է «ԱՄՓ հոլդինգ»-ը։
Մաքսային ծառայությունից մեր հարցմանը պատասխանել են, որ 2024 թվականին Հայաստանից ֆերոմոլիբդեն է արտահանել 7 ընկերություն։ Նրանց թվում են նշված երեք արտադրողները։
Թե ով որքան է արտահանել, ՊԵԿ-ը գաղտնի է պահում։ Կարելի է միայն եզրակացնել, որ հիմնական արտադրող «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն նաև հիմնական արտահանողներից է։
Մեզ հայտնի է միայն ԶՊՄԿ-ի արտահանման ծավալը, որը 2024-ին Հայաստանից արտահանված ֆերոմոլիբդենի մոտ 10%-ն է։ Մինչդեռ նախորդող տարիներին ԶՊՄԿ-ն հիմնական արտահանողն էր։
«ԱՄՓ հոլդինգ»-ը իր հերթին փոխկապակցված է ԶՄՊԿ-ին։ 2022-ի օգոստոսին ընկերությունը կոմբինատում իրեն պատկանող մոտ 6.875% բաժնեմասը նվիրեց պետությանը։
Ընկերության իրավանախորդը «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն»-ն է, որը 2003 թվականին հիմնադրել է ԶՊՄԿ նախկին սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը և նրա գործընկեր Կարեն Գուրգենի Կարապետյանը։ Ներկայում ընկերությունն ամբողջությամբ պատկանում է «Սթար դասթ» ՓԲԸ-ին:
«ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ին փոխկապակցված «ԱՄՓ հոլդինգս» ՓԲԸ-ի անունը հանդիպում ենք ԶՊՄԿ-ի իրական շահառուների հայտարարագրում՝ որպես միջանկյալ ընկերություն։
Մոլիբդենի շուկայում տեղի ունեցող այս իրադարձություններն ազդեցություն են ունեցել նաև նշված ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի վրա։ Օրինակ՝ «Մաքուր երկաթի գործարան»-ի հարկերը զգալի նվազել են։ Այդ ցուցանիշներին կանդրադառնանք առանձին հոդվածով։
Հայկական ֆերոմոլիբդենի հիմնական գնորդը Նիդերլանդներն ու Ռուսաստանն են, մոլիբդենի խտանյութինը՝ Բելգիան, Ռուսաստանն ու Չինաստանը
2024 թվականին Հայաստանից արտահանված ֆերոմոլիբդենի մոտ 55%-ն, ըստ արժեքի, արտահանվել է Նիդերլանդներ։
Նախորդ տարիներին ևս Նիդերլանդները Հայաստանից արտահանվող ֆերոմոլիբդենի հիմնական գնորդներից է եղել։
Հայաստանից Նիդերլանդներ արտահանվող հիմնական ապրանքը ֆերոմոլիբդենն է, ոչ մեծ քանակությամբ նաև ալյումինե նրբաթիթիղ է արտահանվում և այլ ապրանքներ։
Հայկական ֆերոմոլիբդենի երկրորդ գնորդը Ռուսաստանն է, որին բաժին է ընկել ընդհանուր արտահանման 39%-ը։
Ըստ քանակի ևս երկրների տեսակարար կշիռները գրեթե նույնն են։
Մնացած ոչ մեծ մասն արտահանվել է Չինաստան, Սլովենիա, Ղազախստան և այլն։
Ինչ վերաբերում է մոլիբդենի խտանյութին, ապա արտահանման գլխավոր շուկաներն են Բելգիան, որին, ըստ արժեքի, բաժին է ընկել արտահանված մոլիբդենի խտանյութի 38%-ը, Ռուսաստանը՝ 18%-ով և Չինաստանը՝ 17%-ով։
Գլխավոր նկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի
Մեկնաբանել