
Մոնթեավանի տների բակում նստել հնարավոր չէ աղբավայրի ծխի պատճառով
Էջմիածնի աղբավայրն Անահիտ Աբգարյանի տնից մոտ 300 մետր է հեռու։ Այն հաճախ է այրվում։ Ծուխը քամին հասցնում է հարակից գյուղի՝ Մոնթեավանի տներ։ Բնակիչները երեկոյան ժամերին բակում նստել չեն կարողանում։
Անահիտ Աբգարյանը ասում է՝ դրսում լվացք չեն կարողանում կախել, երեխաները դրսում չեն խաղում: Շենքի բնակիչներից ոմանք օդորակիչներ են գնել, որ պատուհանները չբացեն ծխի դեմ պայքարելու համար։
Անահիտ Աբգարյանը միշտ ապրել է Մոնթեավանում, ասում է՝ մոտ 6 տասնամյակ է աղբանոցը կա, ու հաճախ է աղբը վառվում։
Երկրորդ փողոցի մեկ այլ բնակիչ էլ՝ Հրաչ Հակոբյանը, պատմում է, որ մի քանի տարի առաջ աղբանոցը հասել էր գյուղի տարածք։ Բնակիչները բողոքել էին, համայնքապետարանը տեխնիկա էր բերել, աղբը գյուղի տարածքից տեղափոխել էին բուն աղբավայրի տարածք, բայց խնդիրը դրանով չի լուծվել։
Աննան Մոնթեավանի երկրորդ փողոցի շենքերից մեկում վարձով է բնակվում, մի քանի ամիս առաջ են տեղափոխվել, ասում է, որ այս պահին այլընտրանք չունեն, առաջին հնարավորության դեպքում կփոխեն բնակության վայրը։
«Չեմ կարա բացատրեմ, շատ դաժան է, ահավոր է, երեխեքին խուսափում եմ դուրս հանեմ, անգամ լվացքի շորերին է կպնում, պատուհանը չեմ կարում բացեմ, մի խոսքով՝ ահավոր Է։ Ստիպված այս պահին մնում եմ, բայց եթե հնարավորություն լինի, մեկ այլ տուն կտեղափոխվեմ»,- ասում է Աննան։
Մոնթեավանի վարչական ղեկավար Վիրաբ Սարգսյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասում է՝ աղբավայրում հրդեհ, ծուխ չկան: Պարբերաբար ինտենսիվ աշխատանքներ են տարվում աղբավայրը բարեկարգելու ուղղությամբ։
Չնայած վարչական ղեկավարի պնդմանը, օգոստոսի 11-ին՝ աղբավայր մեր այցելության օրը, այնտեղ կային ծխացող օջախներ։
«Հենց հիմա ինտենսիվ աշխատանքներն արվում են, փակում են տրակտորներով, տանում են, փոս են փորում, լցնում փոսի մեջ, բայց միանգամից չի լինի, տեսաք՝ ինչ ահռելի տարածքի մասին է խոսքը»,- ասում է Վիրաբ Սարգսյանը։
Թեև վարչական ղեկավարը վստահեցնում է, որ ինտենսիվ աշխատանքներ են արվում աղբանոցը բարեկարգելու ուղղությամբ, սակայն Մոնթեավանի բնակիչներն ասում են, որ խնդիրը մի քանի տասնամյակ է չի լուծվում: Համայնքապետարանն ու մարզպետարանն էլ աղբանոցը մաքրելու և բարեկարգելու համար դեռևս չունեն հստակ ծրագիր, ժամանակավոր լուծումներով փորձում են կարգավորել հարցը։
Արմավիրի մարզպետի խորհրդական Արսեն Պետրոսյանը նշում է՝ հարցը Վաղարշապատի համայնքապետարանի տիրույթում է։ Նրա խոսքով՝ միակ հիմնական լուծումը նոր աղբավայրի կառուցումն է, սակայն այս պահին դրա վերաբերյալ ծրագրեր չկան։
«Հետք»-ը նախորդ տարի նույնպես գրել է Էջմիածնի ծխացող աղբավայրի մասին: Նախորդ տարվա հոդվածում նշել էինք, որ աղբավայրի տարածքը ցանկապատված չէ, ինչը ընդլայնում է աղբավայրի տարածքն ու այն հասցնում հարակից բնակավայրեր։ Հրապարակումից մեկ տարի է անցել, Արմավիրի մարզում գործող ոչ մի աղբավայր չի ցանկապատվել։
Մեկնաբանել