
4 տարի բանակցված և 12 անգամ խմբագրված խաղաղության համաձայնագրի տեքստը հրապարակվեց
Օգոստոսի 11-ին հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստը։ Այն նախաստորագրվել էր օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի կողմից։ Նախաստորագրման արարողությանը ներկա էին նաև Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի և ԱՄՆ-ի նախագահները։
Խաղաղության համաձայնագրի բոլոր կետերի համաձայնեցման մասին հայտարարվեց այս տարի մարտի 13-ին։ Համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները մեկնարկել էին դեռևս 4 տարի առաջ՝ 2021-ին։
Համաձայնեցված տեքստը պայմանագրի արդեն 12-րդ խմբագրումն էր։ Հայաստանը երկար ժամանակ չէր համաձայնում Ադրբեջանի առաջարկած երկու նախապայմաններին՝ միջազգային ատյաններից հայցերի հետկանչմանը և սահմանին երրորդ ուժերի ներկայության բացառմանը։ Բայց ի վերջո հայկական կողմը ընդունեց նաև այդ պահանջները։
2025 թվականի մարտին Հայաստանը համաձայնություն էր տվել նաև Մինսկի խմբի լուծարման ադրբեջանական պահանջին, սակայն ըստ հայկական կողմի՝ այն պետք է տեղի ունենար համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ։
Համաձայնագիրը դեռ չի ստորագրվել, սակայն Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ստորագրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման համատեղ դիմումը։
2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ խաղաղության համաձայնագրից հանվել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցը։ Այն քննարկվում էր առանձին։
2025 թ. օգոստոսի 8-ին ապաշրջափակման շուրջ բանակցություններն ավարտվեցին, և ստորագրվեց հռչակագիր Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև։
Ինչի մասին է համաձայնագիրը
17 հոդվածանոց խաղաղության համաձայնագրի առաջին 4 հոդվածներում խոսվում է տարածքային ամբողջականության հարգման, սահմանների անձեռնմխելիության, ներքին գործերին չմիջամտելու, ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի բացառման մասին։
5-րդ հոդվածը Վիեննայի 1961 և 1963 թվականների կոնվենցիաների դրույթներին համապատասխան դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին է, 6-ը՝ սահմանազատման, 7-ը՝ սահմանի երկայնքով երրրոդ ուժերի չտեղակայման։
«Կողմերը դատապարտում են և կպայքարեն անհանդուրժողականության, ռասսայական ատելության և խտրականության, անջատողականության, բռնի ծայրահեղականության և ահաբեկչության դեմ՝ դրանց բոլոր դրսևորումներով՝ յուրաքանչյուրն իր իրավազորության շրջանակներում և կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտավորությունների կատարումը»,- ասված է համաձայնագրի 8-րդ հոդվածում։
Հայաստանն ու Ադրբեջանն այս համաձայնագրով հանձնառություն են ստանալու հասցեագրել անհետ կորած անձանց և /կամ բռնի անհետացածների դեպքերը, հարկ եղած դեպքում նաև աշխատելով միջազգային կառույցների հետ։
Համաձայնագրով սահմանվում է նաև, որ երկու կողմերը կարող են տնտեսական, տրանսպորտային, բնապահպանական և այլ ոլորտներում համագործակցել։ Ինչպես նաև կողմերը պետք է խուսափեն միմյանց նկատմամբ թշնամական գործողություններ ձեռնարկելուց։
Համաձայնագիրը երեք լեզվով է՝ հայերեն, ադրբեջաներեն և անգլերեն։
«Հավասարազոր տեքստերից որևէ մեկի դրույթի նշանակության հետ կապված տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը»,- նշված է համաձայնագրում։
Մեկնաբանել