HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի նախագահը և արտաքին գործերի նախարարը դեմ չեն «Թրամփի ուղու» բացմանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնաբանել են «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի բացումը, որը Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ։ Իրանի նախագահի խոսքով՝ իրանական լրատվամիջոցները ուռճացնում են ստեղծված իրավիճակը։

«Ամեն ինչ այնպես չէ, ինչպես ուռճացնում են նորություններում։ Իսլամական հանրապետության պահանջները, որոնք կապված են այդ երթուղու հետ, հաշվի են առնվել»,- հայտարարել է Փեզեշքիանը։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք Փեզեշքիանը մտահոգություններ չունի այն մասով, որ ԱՄՆ-ն ներկայություն է ունենալու իրանական սահմանին, նախագահը պատասխանել է. «Դա հարցերից մեկն է։ Բայց տարածքային ամբողջականության հարցերը, ինչպես նաև այն, որ մեր ճանապարհը դեպի Եվրոպա կամ էլ հյուսիս, փակված չէ, հաշվի են առնված։ Միակ մտահոգությունն այն է, որ այդ ճանապարհը կառուցելու են ամերիկյան և հայկական ընկերությունները»,- նշել է Փեզեշքիանը։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է, որ Իրանը և Հայաստանը կանցկացնեն բարձր մակարդակով մի շարք խորհրդակցություններ։ Նրա խոսքով՝ իրանական կողմը սպասում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազանգերին։

«ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանը նույնպես կզանգահարի, իսկ երեքշաբթի նախատեսված է ՀՀ փոխարտգործնախարարի այցը Թեհրան: Մենք գտնվում ենք կողմերի հետ մշտական խորհրդակցությունների փուլում»,- նշել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղություն։ Արաղչիի խոսքով՝ միջանցքի հարցը լիովին մի կողմ է դրվել, և խոսքը տարանցիկ ճանապարհի մասին է, որը կկառուցվի Հայաստանի ինքնիշխանության և իրավասության ներքո՝ ՀՀ տարածքում: «Մենք, սակայն, մտահոգություններ ունենք տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայության վերաբերյալ»,- հավելել է նա։

«Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության մեջ հարգանք է արտահայտված երկու երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ու բողոք է արտահայտվում սահմանների ցանկացած փոփոխության դեմ, ինչը համապատասխանում է Իրանի դիրքորոշմանը: Մինչ այժմ մեր սկզբունքային դիրքորոշումները պահպանվել են»,- եզրափակել է նա։ 

Լուսանկարը՝ AFP գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter