
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը պետք չէ ձգձգվի. Ալիև
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրումը պետք չէ ձգձգվի, եթե փաստաթուղթն արդեն նախաստորագրվել է կողմերի կողմից: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վաշինգտոնում եռակողմ հանդիպումից հետո ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Կարծում եմ, պետք չէ ժամանակ կորցնել։ Եթե Ադրբեջանն ու Հայաստանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, ապա դրա պաշտոնական ստորագրումը չպետք է ձգձգվի»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ օգոստոսի 8-ը պատմական օր է Բաքվի և Երևանի հարաբերություններում և շատ դրական հետևանքներ կունենա ողջ տարածաշրջանի համար: «Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցածը նույնպես շատ կարևոր կլինի ողջ տարածաշրջանի համար, բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են խաղաղություն, կայունություն և բարգավաճում Հարավային Կովկասում», - ընդգծել է Ադրբեջանի նախագահը:
Ալիևը նաև հուսով է, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության պարագայում, «կբացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ «Հակառակ պարագայում դա անհարգալից կլինի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»,- շարունակել է Ալիևը։
«Որովհետև բոլորը գիտեն, և մեր դիրքորոշումն ըմբռնումով է ընկալվում գրեթե բոլոր առաջատար միջազգային դերակատարների, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, խաղաղության պայմանագրի ստորագրման ժամանակ պետք է լուծվեն բոլոր հարցերը, և մեր նկատմամբ անհիմն տարածքային պահանջները պետք է բացառվեն այնտեղից։ Այնպես որ, ես ոչ մի կասկած չունեմ այս հարցում»,- շարունակել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրեցին եռակողմ հուշագիր, որով Հայաստանն ու Ադրբեջանը հանձն են առնում երկու երկրների միջև հաստատել խաղաղություն։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել