
Իսրայելի անվտանգության կաբինետը հաստատել է Գազա քաղաքի գրավման ծրագիրը
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել է այն ծրագիրը, որը ենթադրում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) վերահսկողություն կհաստատի Գազա քաղաքի նկատմամբ։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի վարչապետի աշխատակազմի հայտարարությանը։
Ծրագիրը նաև նախատեսում է, որ գրավման հետ միաժամանակ «մարտական գործողությունների գոտիներից դուրս» գտնվող խաղաղ բնակիչներին կցուցաբերվի մարդասիրական օգնություն։
Reuters-ի երկու աղբյուրները հայտնել են, որ անվտանգության կաբինետի ցանկացած որոշում պետք է հաստատվի ողջ կառավարության կողմից, որի նիստը կարող է գումարվել օգոստոսի 10-ից ոչ շուտ։
Օգոստոսի 7-ին Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել ողջ Գազայի հատվածի վրա։ Ընդորում, հաստատված այս ծրագիրը կկենտրոնանա միայն Գազա քաղաքի վրա։
Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, հղում անելով իսրայելցի անանուն պաշտոնյային, հայտնում է, որ ծրագրով նախատեսվում է մինչև հոկտեմբերի 7-ը Գազա քաղաքից տարհանել պաղեստինյան խաղաղ բնակչությանն ու այդ շրջանում սկսել ցամաքային ռազմագործողություն, որն ուղղված կլինի ՀԱՄԱՍ-ի դեմ։
Օգոստոսի 7-ին Բենյամին Նեթանյահուն Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Իսրայելը պատրաստվում է գրավել Գազայի հատվածը և փոխանցել այն արաբական ուժերին, որոնք կկառավարեն այն։
«Մենք չենք ուզում պահել այդ տարածքը: Մենք ուզում ենք ունենալ անվտանգության պարագիծ: Մենք չենք ուզում կառավարել այն։ Չենք ուզում լինել այնտեղ որպես կառավարման մարմին»,- ասել էր Իսրայելի վարչապետը։
Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտարարել էր, որ Գազայի հատվածում սպառնալիքի տակ է մոտ 20 պատանդի կյանք, որոնք գտնվում են ՀԱՄԱՍ-ի վերահսկողության ներքո։
Haaretz-ը նշում է, որ ծրագրին հավանություն է տվել նաև Դոնալդ Թրամփի վարչակազմը։
Միջազգային հանրությունը քննադատել է Իսրայելի այս որոշումը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այն անվանել է «մեծագույն սխալ»։ Միջազգային տարբեր կազմակերպությունների պնդմամբ՝ Գազայում զանգվածային սով է տարածվում։
Լուսանկարը՝ The New York Times-ի
Մեկնաբանել