
Էրեբունցիները ծորակից ջուր չեն խմում. այն վատ հոտ, համ, հաճախ նաև տարօրինակ գույն ունի
Արդեն մի քանի տարի է Էրեբունի վարչական շրջանի բնակիչներն ամռան ամիսներին ծորակից ջուր չեն խմում։ Այն վատ հոտ, համ, հաճախ՝ նաև տարօրինակ գույն ունի։ Խմելու ջուր գնում են խանութից կամ բերում են Նոր Արեշ թաղամասի «Սառը ջուր» կոչվող վայրից։
Էրեբունցիներն ասում են՝ նախկինում շուրջօրյա ջրամատակարարում են ունեցել, վերջին տարիներին ջուր ունենում են առավոտյան ժամը 7-ից մինչև երեկոյան 10-11-ը։
Էրեբունու Նոր Արեշ 41 փողոցի բնակիչ Սիրան Ասրյանի խոսքով, վերջին տարիներին չի հիշում, որ ծորակից ջուր խմած լինեն, անգամ սպասքի վրա լվանալուց հետո մնում են ջրի հետքերը։
«Էրեխեքին էլ էդ ջրից չենք տալիս, մենք էլ չենք խմում, փորացավ, սրտխառնոց ենք ունենում, չնայած ասում են, որ ոչ մի վտանգավոր բան չկա, ջրի որակը համապաստախանում է ստանդարտներին»,-ասում է Սիրան Ասրյանը։
Մեկ այլ բնակիչ՝ Ալինա Վարդազարյանը կարծում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությանը պետք է դատի տալ, քանի որ հավուր պատշաճի չի մատուցում պայմանագրով նախատեսված ծառայությունները։
«Հետքը» դիմեց «Վեոլիա ջուր» ընկերություն, որտեղից հայտնեցին, որ ամռան ամիսներին շոգ եղանակով, ջրի պահանջի ծավալների աճով պայմանավորված՝ մեծանում է ջրի սպառումը, և Գառնու, Արզականի աղբյուրների ջուրն ուղղակիորեն չի բավականացնում տվյալ տարածքի ջրամատակարարումն ապահովելու համար։ Ուստի, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների որոշ հատվածներում ջրամատակարարումն իրականացվում է արարատյան խորքային հորերից:
«Ամռան վերջին, ջրասպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում է կատարվում Գառնու, Արզականի ջրաղբյուրների ջրամատակարարմանը: Տեղեկացնում ենք նաև, որ այս ժամանակահատվածում ևս, առաջին իսկ հնարավորության դեպքում արարատյան ջրաղբյուրին պարբերաբար ավելացվում է Գառնու, Արզականի աղբյուրի ջրերից»,-նշված է ընկերության պատասխանում:
Թեև «Վեոլիա ջուրը» վստահեցնում է, որ արարատյան խորքային հորերից եկող ջուրը միանգամայն համապատասխանում է սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին, քաղաքացիները նախընտրում են չխմել ծորակից հոսող ջուրը։
«Վեոլիա ջուրն» իր հերթին առաջարկում է սպասել մինչև ամռան վերջ, որպեսզի ջրի սպառման ծավալների կրճատմանը զուգահեռ, նորից անցում կատարվի Գառնու, Արզականի ջրաղբյուրների ջրամատակարարմանը:
Տեսանյութը եւ լուսանկարը՝ Ֆրունզ Ավետիսյանի
Մեկնաբանել