HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ինչ են պատրաստվում ստորագրել Երևանն ու Բաքուն. նոր մանրամասներ վաշինգտոնյան հանդիպումից

Չնայած Սպիտակ տանը Նիկոլ Փաշինյան-Դոնալդ Թրամփ-Իլհամ Ալիև հանդիպումը նախատեսվում է ուրբաթ օրը, ամերիկյան լրատվամիջոցները և Վաշինգտոնում աշխատող լրագրողները նոր մանրամասներ են ներկայացնում առաջիկա հանդիպումից ու հնարավոր պայմանավորվածություններից։ 

Այսպես, դեռ կեսօրին ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով իր աղբյուրներին, X-ի իր միկրոբլոգում գրել էր, որ զրուցել է ամերիկացի մի շարք պաշտոնյաների հետ, որոնք իրեն մանրամասներ են հայտնել առաջիկա պայմանավորվածություններից։ Ըստ նրա՝ ուրբաթ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես կստորագրեն միացյալ հռչակագիր, որը, ինչպես նշում է լրագրողը, կդառնա երկու երկրների միջև մինչ օրս կնքված ամենակարևոր փաստաթուղթը ու միտված է ձևավորելու «խաղաղության անշրջելի ուղի»։ Այս փաստաթղթով կողմերը հանձնառու կլինեն երկու երկրների միջև հաստատել խաղաղություն, կընդգծվեն այն քայլերը, որոնք կբերեն երկրների միջև խաղաղության ամրապնդմանը։

Բացի այդ, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրելու են ամիսներ շարունակ բանակցությունների առարկա հանդիսացող խաղաղության երկկողմ համաձայնագրի տեքստը։

Միաժամանակ, նրանք համատեղ դիմում կստորագրեն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս գալու վերաբերյալ։ 

Ի թիվս այլ գործողությունների, Հայաստանն ու Ադրբեջանը երկկողմ հուշագրեր կկնքեն Միացյալ Նահանգների հետ։ Հայաստանի պարագայում դա հարաբերությունների «վերագործարկման կամ մակարդակի բարձրացման մասին է», Ադրբեջանի պարագայում՝ «գործարկման» մասին։

Ռաուֆօղլուն ընդգծում է, որ այլևս չի դիտարկվում «միջանցք» տերմինի կիրառումը։ Նոր ճանապարհը, որը կստանա «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անունը կամ TRIPP, կդառնա հայ-ամերիկյան միացյալ վենչուրային համաձայնագրի մի մաս։ Այդուհանդերձ, այս ճանապարհն անխոչընդոտ կապ կստեղծի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Ինչպես նշում են ամերիկացի պաշտոնյաները, կպահպանվի այս ճանապարհի նկատմամբ Հայաստանի «ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը»։

Լրագրողի խոսքով՝ այս նախագիծը զուտ առևտրային է ու չի ունենա որևէ ռազմական կամ անվտանգային բաղադրիչ։ ԱՄՆ-ն այնտեղ զորքեր չի տեղակայի, բայց կստանձնի անվտանգության ապահովումը մասնավոր ընկերության միջոցով։

Reuters պարբերականը իր հերթին նոր մանրամասներ է ներկայացնում նախատեսվող պայմանավորվածությունների մասին։ Գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանը նախատեսում է Միացյալ Նահանգներին տրամադրել TRIPP-ի զարգացման հատուկ՝ բացառիկ իրավունք՝ երկարաձգված ժամկետով: 

Այս ճանապարհը գործելու է հայկական օրենսդրության համաձայն, իսկ ԱՄՆ-ը հողը ենթավարձակալության կհանձնի կոնսորցիումին՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։

«Այս քայլը կապաարգելափակի տարածաշրջանը և կկանխի հետագա ռազմական գործողությունները»,- գործակալությանը հայտնել է պաշտոնյաներից մեկը։

Reuters-ը ևս փոխանցում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն Մինսկի խմբի լուծարման մասին փաստաթուղթ։ 

Ըստ Reuters-ի՝  հայ-ադրբեջանական հիմնախնդրի կարգավորման նոր ազդակը տրվեց մարտից, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանեց Բաքու, իսկ նրա թիմի անդամները եղան երկու երկրներում էլ՝ բանակցություններ վարելով կողմերի հետ։

Ամերիկացի պաշտոնյաները, ըստ գործակալության, հավատում են, որ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կարող է Ադրբեջանին դրդել միանալ Աբրահամի համաձայնագրերին, որը Թրամփի նախագահության առաջին ժամկետի օրոք կնքվել էր Իսրայելի և մուսուլմանական չորս երկրների միջև։ Վերջիններս ճանաչել էին Իսրայելի անկախությունը։

Կոլաժը՝ jam-news.net-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter