
Ոստիկանները հաշմանդամություն ունեցող ընտանիքին վտարեցին իրենց միակ տնից
Խուդայանների հաշմանդամություն ունեցող ընտանիքին երեկ՝ օգոստոսի 4-ին, ոստիկանները վտարեցին իրենց միակ տնից։ 69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դուստրերի և թոռան հետ բնակվում էր Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում։ Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամներ են․ բոլորն էլ տեսողական խնդիրներ ունեն։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի, 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։
Սերգեյ Խուդայանը տարիներ առաջ վերցրած վարկերը չի կարողացել մարել, սեփական դիմումով ճանաչվել է սնանկ, ապա նրանց տունը հանվել է աճուրդի և վաճառվել։ Տունը գնահատվել է 39 մլն դրամ, և այնքան է սակարկվել, որ վաճառվել է մոտ 9 մլն դրամով։ Սերգեյ Խուդայանը նշում է, որ ինքը խաբեությունների զոհ է դարձել։
Օգոստոսի 4-ին Խուդայաններին վտարելու համար նրանց տուն եկել էին ոստիկանության մոտ 10 աշխատակիցներ, այնտեղ էր նաև տան երիտասարդ գնորդը՝ 32-ամյա Վազգեն Հովհաննիսյանը:
Ժամեր շարունակ ոստիկանները չէին հեռանում տնից՝ նշելով, որ եթե կամովին դուրս չգան, բռնի ուժ կիրառելով են հեռացնելու ընտանիքին։ Իսկ Սերգեյ Խուդայանը պնդում էր՝ իրեն ու ընտանիքին վտարելը օրինական չէ։ Սերգեյ Խուդայանի խոսքով՝ հուլիսի 9-ին, երբ ոստիկանության տեսուչը եկել էր իրենց տուն, չէր տվել իրեն հասկանալի լեզվով՝ բրայլան այբուբենով գրված որոշումը՝ 25 օր անց վտարման վերաբերյալ։ Իսկ ոստիկանները պնդում էին՝ բանավոր տեղեկացնելը ևս համարվում է պատշաճ ծանուցել։
Գնորդ Վազգեն Հովհաննիսյանը հեռվից՝ տան դարպասներից այն կողմ, հետևում էր ընթացող իրադարձություններին։ Երբ մենք մուտք գործեցինք տան բակ, ոստիկաներից մի քանիսը գնացին դուրս՝ գնորդի հետ խոսելու, ինչից հետո գնորդը մտավ բակ և հազիվ լսելի ձայնով, ամոթխած մեզ խնդրեց լքել իրեն պատկանող տան տարածքը։ Մեր դիտարկամը, թե ոստիկաննե՞րը նրան հուշեցին, որ այդպես ասի մեզ, նա նորից հազիվ լսելի ձայնով ասաց՝ ոչ և նորից դուրս եկավ դարպասներից այն կողմ։
Իսկ Սերգեյ Խուդայանին համոզելու գործընթացը ձգվում էր ժամեր։ Այնտեղ էին հավաքվել նաև ընտանիքի հարազատները։ Գնորդը դարպասներից այն կողմ, միջնորդավորված կերպով առաջարկներ էր փոխանցում Սերգեյ Խուդայանին։ Առաջարկներից մեկն այն էր, որ կտա ընտանիքի 6 ամսվա տան վարձը և կանխիկ 500 հազար դրամ, միայն թե հենց այդ պահին ազատեն տունը։ Սակայն Սերգեյ Խուդայանը հրաժարվում էր այդ առաջարկներից՝ դրանք համարելով «խայծ»։
Գործընթացն ինչքան ձգվում էր, այդքան իրավիճակը լարվում էր․ ոստիկաններից մի քանիսի մոտ խոսակցություններ էին շրջանառվում, որ եթե բանը հասնի բռնություն կիրառելուն, ապա չեն անի այս ընտանիքի նկատմամբ նման գործողություն, կթողնեն և կհեռանան։
Սերգեյ Խուդայանը պարբերաբար զանգում էր իրեն ծանոթ-անծանոթ իրավաբանների, հարազատների՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու հույսով։ Խուդայանի դուստրը զանգեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից հարցրին հեռախոսահամար և տան հասցե։ Ժամեր շարունակ ՄԻՊ-ի աշխատակիցներին ապարդյուն սպասելուց հետո նորից զանգեցին, այդ ժամանակ ՄԻՊ-ից խնդրեցին մի պահ մնալ կապի մեջ, ապա հայտնեցին, որ տեղյակ են դեպքի մասին, մեկ ժամվա ընթացքում կզանգեն, սակայն նրանք այդպես էլ ոչ զանգեցին և ոչ էլ ժամանեցին դեպքի վայր։
Ավելի ուշ Սերգեյ Խուդայանը մեզ տեղեկացրեց, որ վտարման օրը ՄԻՊ-ի ներկայացուցիչը զանգել է իրեն, խոսել են Խուդայանի` ՄԻՊ-ին ուղղված նախկին դիմումներից` նշելով, թե դիմումից հետո Խուդայանը չի ներկայացել ՄԻՊ-ի գրասենյակ: «Ես իրան ասացի՝ սա ձեր աշխատանքի արդյունքն է: Ինքը սկսեց արդարանալ՝ բա դուք չեկաք տարի ու կես առաջ: Ես ասի՝ հիմա էսա վիճակը, դուք կարա՞ք բան անեք: Ինքն ասեց՝ ես ձեզ կզանգեմ»,- նշեց Սերգեյ Խուդայանը:
Նույն օրը Խուդայանին ՄԻՊ-ի մեկ այլ աշխատակից է զանգել, ըստ Խուդայանի, հարցրել է, թե ինչ է եղել: Խուդայանը պատմել է իրողությունը` հիշեցնելով, որ օրեր առաջ բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին: Ըստ Խուդայանի` աշխատակիցն ասել է, որ իրենք ոչինչ չեն կարող անել վտարման դեմ: Խուդայանն ասում է` վտարման վերաբերյալ որևէ հրատապ գործողություն չիրականացրեց ՄԻՊ-ը և վտարվելուց հետո էլ չի հետաքրքրվել, թե հաշմանդամություն ունեցող ընտանիքն ինչ ճակատագրի է արժանացել:
Մեզ հայտնի դարձավ, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի փաստաբան Նաիրա Հակոբյանը ստանձնել է ընտանիքի իրավունքների պաշտպանությունը։ Նա նախորդ շաբաթ դիմում էր ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն՝ խնդրելով ձեռնպահ մնալ վտարման գործընթացից։ Ըստ ՀԿ-ի՝ նման դիմումի մուտքագրումից հետո վարչական վարույթը համարվում է հարուցված, և համապատասխան գործողությունները, այդ թվում՝ վտարումը, պետք է կասեցվեն մինչև բողոքի քննարկման ավարտը։
Ըստ Նաիրա Հակոբյանի՝ վտարման պահին խոսել է Սերգեյ Խուդայանի հետ, խնդրել հեռախոսը փոխանցել ոստիկանության աշխատակիցներից մեկին՝ հայտնելով նրանց այդ մասին։ Սակայն Ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակիցները հրաժարվել են կասեցնել գործընթացը՝ պատճառաբանելով, թե որևէ գրավոր ցուցում չեն ստացել, ինչը, ըստ փաստաբանի, պարտադիր չէ օրենքի առումով։ «Իսկ մեր տեղեկությունների՝ պատճառներից մեկն այն է, որ Ոստիկանության համապատասխան աշխատողը, որին հասցեագրվել է դիմումը, տվյալ օրը աշխատանքի չի ներկայացել»,- նշում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն։
Մենք տեղում զրուցեցինք նաև տան գնորդ Վազգեն Հովհաննիսյանի հետ, ով խնդրեց՝ չնկարել իր դեմքը, միայն ձայնագրություն կատարել, իսկ ձայնն օգտագործելու դեպքում` փոխել այն։ «1 ամսից ավելի է՝ ձեռք եմ բերել գույքը, խնդրել եմ սեփականատերերին, որ ազատեն տունը, չնայած կարող էի նաև պահանջել, որովհետև սեփականատեր եմ։ Որոշակի բաներ եմ առաջարկել, հրաժարվել են։ Հիմա էլ, դե, հասել ենք էս կետին, որ հարցը հասել է, վտարում են»,- նշեց տան գնորդը։ Ըստ նրա՝ տան վաճառքի մասին տեղեկացել է «Ազդարար» կայքից։
Հարցին, թե տեղյա՞կ էր, որ ընտանիքի անդամները հաշմանդամություն ունեն, գնորդն ասաց․ «Ոչ լիարժեք, բայց ինչ-որ չափով տեղյակ էի։ Գիտեի, որ ինչ-որ խնդիրներ կան»։ Նա նշեց նաև, որ զբաղվածություն չունի, իսկ հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է կարողացել գնել տունը, ասաց, որ բանկից վարկ է վերցրել։ Նույն հարցն ուղղեցինք նաև գնորդին ուղեկցող երիտասարդ տղային, թե որտեղի՞ց Վազգեն Հովհաննիսյանին այդքան գումար, նա մեզ պատասխանեց, որ Վազգեն Հովհաննիսյանը պատերազմի մասնակից է, ոտքից հաշմանդամություն ունի, ինչի համար էլ արտասահմանի իր ծանոթները ֆինանսապես օգնում են իրեն։
Տեղում էր նաև Խաչփարի գյուղապետ Արայիկ Գաբրիելյանը։ Նա մեզ հայտնեց, որ մեկ տարի առաջ Սերգեյ Խուդայանը դիմել է իրեն՝ նշելով, որ խնդիրներ ունի բանկի հետ։ «Ասենց՝ ինչ-որ վարկ է վերցրել, որ չի կարացել մուծի, դիմել է Ազգային ժողովի նախագահին, մեր համայնքապետին, ով ինչով կարողացել, օգնել է, բայց մեր լիազորություններից դուրս է։ Մեր իրավաբանի հետ խոսել է, բայց չգիտեմ՝ ինչ է արել, այդպես էլ ինքը չի համագործակցել այդ իրավաբանի հետ»,- ասում է գյուղապետը։
Նա խորհուրդ է տվել Սերգեյ Խուդայանին գտնել իրավաբան, գնալ բանկ, հասկանալ՝ իր պարտքի գումարն ինչքան է, որ կարողանար ժամանակին տունը վաճառեր, գումարի մի մասով պարտքերը տար, մնացած գումարով էլ այլ տուն գներ․ «բայց չգիտեմ՝ ինչն է պատճառը եղել, որ չի արել նման բան»,- նշեց Արայիկ Գաբրելյանը։
Օրն արդեն մթնել էր, երբ Սերգեյ Խուդայանին ոստիկանները համոզեցին դուրս գալ տնից։ Այդ ժամանակ մենք երկրորդ անգամ տան գնորդից թույլտվություն ստանալով՝ մտել էինք տան բակ։ Սերգեյ Խուդայանը մեզ հետ զրույցում ասաց, որ միևնույն է համաձայն չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է։ Սերգեյ Խուդայանի հետ զրուցելու ընթացքում ոստիկանության աշխատակիցը երկրորդ անգամ գնաց տան գնորդի հետ խոսելու, և գնորդը կրկին մեզ մոտեցավ ոստիկանի ցուցումով՝ պահանջելով հեռանանք իրեն պատկանող տնից։
Խուդայանների ընտանիքը առաջին անհրաժեշտության իրերը, փաստաթղթերը վերցրեց տնից և որոշեց, որ ժամանակավորապես կտեղափոխվի հարազատներից մեկի տուն, որոնք ապրում են վարձով։ Իսկ գնորդ Վազգեն Հովհաննիսյանը կողպեց տան դարպասներն ու հեռացավ։ Սերգեյ Խուդայանը ևս հեռացավ՝ հրաժարվելով գնորդի բոլոր առաջարկներից և հույսով, որ կբողոքարկի այս պրոցեսը և կվերադառնա իր տուն։
Հ.Գ. Հոդվածը խմբագրվել է, քանի որ Սերգեյ Խուդայանը ավելի ուշ մեզ հայտնել է, որ վտարման օրը խոսել է ՄԻՊ աշխատակիցների հետ:
Մեկնաբանել