HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Փաշինյանն ու Ալիևը Վաշինգտոնում, հնարավոր է, փոխըմբռնման հուշագիր ստորագրեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է այս ուրբաթ՝ օգոստոսի 8-ին փոխըմբռնման հուշագիր կնքեն Վաշինգտոնում, որը նպատակամիտված կլինի երկու երկրների միջև խաղաղության հաստատմանը։ Նման պնդում է անում Middle East Eye պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ի դեպ, հենց այս լրատվամիջոցն էր ավելի վաղ առաջինը հայտնել ԱՄԷ-ում երկու երկրների առաջնորդների հանդիպման մասին։ 

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրման արարողության համար Սպիտակ տանը կհյուրընկալի վարչապետ Փաշինյանին և նախագահ Ալիևին։ Middle East Eye-ի փոխանցմամբ՝ նախատեսվում է, որ երկու երկրների առաջնորդներն ավելի շուտ «մտադրությունների մասին նամակ» կստորագրեն (փաստաթուղթ՝ խաղաղության շուրջ երկու երկրների պատրաստակամության վերաբերյալ՝ խմբ.), քան թե խաղաղության պայմանագրի սևագիր տարբերակ՝ Թրամփին տալով դիվանագիտական ևս մեկ հաջողություն։ Ըստ առկա տվյալների՝ Սպիտակ տանը Թրամփը նախ կընդունի Փաշինյանին, ապա՝ Ալիևին, որից հետո նոր կկայանա ստորագրման արարողությունը։

Middle East Eye-ը, հղում անելով իր մեկ այլ աղբյուրի, գրում է, որ երկուշաբթի Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը զանգահարել է Թուրքիայի իր գործընկերոջը՝ ԱԳ նախարար Հաքան Ֆիդանին ու տեղեկացրել այս հանդիպման մասին։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Ֆիդանը Բայրամովի հետ քննարկել է նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ վարչապետի աշխատակազմից Factor.am-ին ոչ հաստատել էին, ոչ էլ հերքել Վաշինգտոն Նիկոլ Փաշինյանի հնարավոր այցի մասին լուրը։ «Նման այցերի պարագայում, բնականաբար, լինում է պաշտոնական հաղորդագրություն, և տեղեկատվությունը հաստատված կարելի է համարել պաշտոնական հաղորդագրության պարագայում։ Այս պահին, ինչպես գիտեք, պաշտոնական որևէ հաղորդագրություն չենք հրապարակել և, հետևաբար, այցի մասին տեղեկատվությունը խնդրում ենք հաստատված համարել միայն պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- փոխանցել էին աշխատակազմից։

Lուսանկարը՝ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter