HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունն աջակցում է վարչապետ Փաշինյանի ընկերոջ ներդրումային ծրագրին

Հուլիսի 31-ին Կառավարությունը չզեկուցվող կարգով ընդունել է մի որոշում, որով հավանություն է տվել «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրին եւ համաձայնել է, որ Արմավիր համայնքն առանց աճուրդի, ուղղակի վաճառքով ընկերությանն օտարի Մայիսյան գյուղում գտնվող երկու հողակտոր, իսկ մեկն էլ առանց մրցույթի տա երկարաժամկետ վարձակալության:

Թվում է, թե գործադիրի սովորական որոշումներից է, ինչպիսիք Կառավարությունը կայացնում է պարբերաբար, սակայն հարցն այն է, որ «Իջեւանյան բեկոն» ընկերության հիմնական փայատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընկերն է:

Ի՞նչ ծրագիր է իրականացվելու Մայիսյան գյուղում

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն պատրաստվում է Արմավիր խոշորացված համայնքի Մայիսյան գյուղում խոզաբուծարան հիմնել: Ներդրումային ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է շուրջ 2 մլրդ դրամ: Ընկերությունը նախատեսում է 110 կգ կենդանի քաշով խոզեր բուծել (հավանական տարբերակներն են լանդրաս, պետրեն եւ դյուրոկ ցեղատեսակները): Ամբողջ հզորությամբ աշխատելու դեպքում խոզաբուծարանը տարեկան պետք է արտադրի 2280 տոննա կենդանի քաշով խոզի միս: Նախատեսվում է բացել 49 նոր աշխատատեղ:

Ըստ ծրագրի նկարագրի՝ այս տարվա հունիսի 30-ի դրությամբ արդեն իսկ 863 մլն դրամի ներդրում է կատարվել, մասնավորապես՝ Մայիսյան գյուղում 2 հողակտոր է ձեռք բերվել, շինանյութ եւ խոզաբուծարանի սարքավորումներ են գնվել, շինաշխատանքներ են կատարվել, հորատանցք է հորատվել, թույլտվություններ են ստացվել, փորձաքննություններ են կատարվել: Այս հողամասերի վրա ընկերությունը նախատեսում է կատարել եւս 799 մլն դրամի ներդրում (կերի արտադրամասի սարքավորումների եւ բունկերների, մեքենաների, խոզաբուծարանի սարքավորումների, խոզերի մայրական կազմի ձեռքբերում, շինաշխատանքներ):

2023-ի հոկտեմբերին «Իջեւանյան բեկոնը» պայմանագիր է կնքել ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցություն տրամադրելու փորձնական ծրագրի շրջանակներում:

Հիմա ՍՊԸ-ն պատրաստվում է եւս 3 հողակտոր ձեռք բերել, երկուսը՝ ուղղակի վաճառքով, մեկը՝ առանց մրցույթի վարձակալությամբ: Սրանց վրա նախատեսվում է կատարել 430 մլն դրամի ներդրում:

Հողային օրենսգիրքը սահմանում է այն պայմանները, որոնց պարագայում պետությունը կամ համայնքը կարող են ուղղակի վաճառքով հող օտարել ՀՀ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց: Դրանցից մեկը Կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագիրն է: Այս հարցում, ինչպես տեսնում ենք, «Իջեւանյան բեկոնի» առաջ կանաչ լույս է վառվել: Ըստ նույն օրենսգրքի՝ եթե օտարվողը համայնքային հող է, ապա անհրաժեշտ է գործադիրի համաձայնությունը, ինչը նշված ՍՊԸ-ն եւս ստացել է:

Ի՞նչ արժեն վաճառվող եւ վարձակալվող հողամասերը

«Իջեւանյան բեկոնի» ներդրումային ծրագրին հավանություն տալու Կառավարության որոշման նախագիծն ու կից փաստաթղթերը գործադիրին ներկայացրել է ՏԿԵՆ-ը, սակայն փաթեթը կազմել է Արմավիրի համայնքապետարանը:

Ընկերությանը վաճառվող հողակտորներից մեկի մակերեսը 0,6 հա է, մյուսինը՝ 10 հա: Դրանք օտարվելու են շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով:

0,6 հա մակերեսով հողամասը արդյունաբերության, ընդերքօգտագործման եւ այլ արտադրական նշանակության օբյեկտների հող է: Ըստ Կադաստրի կոմիտեի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը շուրջ 7 մլն դրամ է: Այս հողի վրա ներդրողը խոզերի բտման երկու մասնաշենք պիտի կառուցի:  

Իսկ ահա 10 հա մեկերեսով հողը, որը գյուղատնտեսական նշանակության է, ըստ Կադաստրի կոմիտեի, ունի ընդամենը 575 հազ. դրամ կադաստրային արժեք, բայց նպատակային նշանակությունը փոխելու դեպքում գինը կդառնա 122 մլն դրամ: ՏԿԵՆ-ը հակադարձել է, որ այդ հողամասը ներկայում ընդհանրապես չի շահագործվում եւ, «Իջեւանյան բեկոնի» տեղեկացմամբ, գտնվում է ոչ բարվոք վիճակում ու վերածվել է անօրինական աղբավայրի: Ուստի, ըստ ՏԿԵՆ-ի, ներդրողը մտադիր է բարեկարգել հողամասն ու օգտագործել իր ներկա նպատակային (գյուղատնտեսական) նշանակությամբ: Ներդրումային ծրագրի համաձայն էլ՝ ընկերությունն այս 10 հա հողը պետք է բարելավի վերամշակված գոմաղբով, իսկ հետո օգտագործի գյուղատնտեսական կամ այլ նպատակներով:

Այսպիսով՝ 0,6 հա եւ 10 հա հողամասերի ընդհանուր արժեքը սահմանվել է մոտ 7,6 մլն դրամ:

Ինչ վերաբերում է երրորդ հողամասին (4,6 հա), ապա այն առանց մրցույթի վարձակալության է տրվելու 25 տարով: Կառավարությունը վարձավճարի չափ չի նշել՝ հիմնավորելով, որ, ըստ օրենսդրության, այն պետք է սահմանի սեփականատիրոջ՝ Արմավիր համայնքի ավագանին: Այս հողի վրա ներդրողը գոմաղբի կուտակման հորեր պիտի կառուցի:

Mayisyan-Ijevanyan becon.jpg (525 KB)

Նկարում գույներով նշված են՝
Նարնջագույն - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 2 եւ 6 հասցեներ (ՍՊԸ-ն արդեն գնել է)
Դեղին - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 4 հասցե (4,6 հա, ՍՊԸ-ն վարձակալելու է առանց մրցույթի)
Մանուշակագույն - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց, 8 հասցե (0,6 հա, ՍՊԸ-ն գնելու է 7 մլն դրամով)
Կապույտ - գյուղ Մայիսյան, Այգեգործական 4-րդ թաղամասի 12-րդ փողոց (10 հա, ՍՊԸ-ն գնելու է 575 հազ. դրամով)

Ըստ Կառավարության որոշման՝ եթե պայմանագիրը կնքելու օրվանից հետո 2 տարվա ընթացքում «Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն չսկսի օգտագործել գնված եւ վարձակալված հողամասերն իրենց նպատակային նշանակությամբ, ապա վաճառողը՝ Արմավիր համայնքը, իրավունք կունենա լուծել պայմանագիրը, ինչի արդյունքում կդադարեցվի ընկերության սեփականության իրավունքը: Դրանից հետո Կառավարությունն էլ ուժը կորցրած կճանաչի իր այս որոշումը:

Նախագծի քննարկումը Կառավարության կուլիսներում հարթ չի անցել

Գործադիրի որոշման հիմքում դրված փաստաթղթերը հետաքրքիր մանրամասներ են պարունակում նախագծի քննարկման վերաբերյալ: Ընդ որում՝ քննարկումները ծավալվել են դեռ 2024-ի աշնանը: 

Ֆինանսների նախարարությունը, մասնավորապես, նշել է, որ համայնքային հողերը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով օտարելը կամ առանց մրցույթի վարձակալության տրամադրելն անհավասար պայմաններ են ստեղծում հնարավոր հետաքրքրություն ունեցող այլ ընկերությունների համար: ՖՆ-ն առաջարկել է հնարավորություն ընձեռել հետաքրքրված այլ ընկերություններին եւս՝ համապատասխան ներդրումային ծրագրեր ներկայացնելու համար: «Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով անշարժ գույքի շուկայի ներկայիս զարգացումները, կադաստրային եւ շուկայական արժեքների միջեւ ձեւավորված էական շեղումները, առաջարկում ենք դիտարկել հողամասերի մրցութային եղանակով օտարելու հնարավորության տարբերակը»,- նշել է Ֆիննախը:

ՏԿԵՆ-ը, որը ղեկավարում է Արմավիրի նախկին համայնքապետ, Արմավիրի նախկին մարզպետ Դավիթ Խուդաթյանը, չի ընդունել ՖՆ-ի առաջարկությունները: Որպես հիմնավորում բերվել է այն հանգամանքը, որ առկա է ներդրումային ծրագիր, որի պարագայում, ըստ օրենսդրության, հողերի օտարումը կատարվում է ուղղակի վաճառքով: Առանց մրցույթի վարձակալության մասով էլ ՏԿԵՆ-ը նշել է, որ մրցույթ չի անցկացվում, եթե հողը վարձակալության է հանձնվում Կառավարության որոշմամբ: Այստեղ հարցն այն է, թե ինչու է ՏԿԵՆ-ը Կառավարության որոշման նախագծում ներառել նաեւ համայնքային հողի վարձակալության դրվագը, եթե կարող էր դա չանել, եւ արդյունքում կկազմակերպվեր մրցույթ:

Կադաստրի կոմիտեն իր հերթին հայտնել է, որ 0,6 հա տարածքով հողամասում կան մոտ 2000 քմ մակերեսով ինքնակամ շինություններ (սիլոսային հորեր): Մեջբերելով գործող օրենսդրությունը՝ կոմիտեն առաջարկել է նախեւառաջ հստակեցնել դրանց կարգավիճակը՝ օրինականացնել կամ քանդել: ՏԿԵՆ-ը հակադարձել է, որ, ամեն դեպքում, օրենսդրությամբ նախատեսված չէ արգելք օտարելու այն հողամասը, որի վրա առկա են ինքնակամ կառույցներ: Մյուս կողմից, ըստ նախարարության, կա տեխնիկական եզրակացություն այն մասին, որ այդ շինությունները 4-րդ աստիճանի վնասվածություն ունեն, պիտանի չեն բնականոն եւ հուսալի շահագործման համար ու ենթակա են կազմաքանդման: Այսպիսով՝ ինքնակամ շինությունների առկայությունը չի հանգեցրել որեւէ հավելյալ ծախսի ներդրողի համար:

Շրջակա միջավայրի նախարարությունն էլ նշել է, որ ներդրումային ծրագիրը ենթակա է ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) եւ փորձաքննության: ՏԿԵՆ-ը հակադարձել է, թե ծրագիրն անցել է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) եւ փորձաքննություն, ստացել է դրական եզրակացություն 2024-ի օգոստոսին, մյուս կողմից՝ խոզաբուծությունը ՌԷԳ-ի ենթակա ոլորտ չէ: Հավելել է, որ հարցն աշխատանքային կարգով նորից քննարկվել է ՇՄՆ ներկայացուցիչների հետ, որոնք եւս հայտնել են, թե ծրագիրը ենթակա չէ ՌԷԳ-ի: Ավելի ուշ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման եւ շրջակա միջավայրի հարցերի վարչությունը, ուշադրություն դարձնելով այս հակասությանը, առաջարկել է ՇՄՆ-ի հետ նախագիծը եւս մեկ անգամ համաձայնեցնել: Սրան ՏԿԵՆ-ից արձագանքել են, որ պաշտոնական պարզաբանում են խնդրել ՇՄՆ-ից, բայց վերջինիս պատասխանից դիրքորոշումը պարզ չէ: Այդուհանդերձ, ծրագիրն, ի վերջո, անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատում եւ փորձաքննություն ու այս տարվա հունիսին ստացել է դրական եզրակացություն:    

Ովքե՞ր են «Իջեւանյան բեկոնի» տերերը

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ի մարտին Իջեւան քաղաքում: Այս տարվա հունիսին հասցեն տեղափոխվել է Երեւանի Արաբկիր վարչական շրջան: Հիմնադիրն Ուկրաինայի քաղաքացի Ֆրունզե Թելմանի Ղազարյանն է: 2023-ի օգոստոսին նրան է միացել Սանասար Կույումչյանը, որը եւս Ուկրաինայի քաղաքացի է: Գործընկերները ՍՊԸ-ում ունեցել են 50-ական %: Սակայն այս տարվա մայիսին կրկին փոփոխություն է եղել. Ղազարյանը դարձել է 67 %-ի փայատեր, իսկ Կույումչյանին մնացել է 33 %-ը:

2019-2023 թթ. ընկերության տնօրենը եղել է իջեւանցի Լեւոն Սարգսյանը, որին փոխարինել է համաքաղաքացի Արգամ Ավետիսյանը:

Ֆրունզե Ղազարյան

Իջեւանցի է նաեւ Ֆրունզե Ղազարյանը, որի մասին «Հետքը» նախկինում տարբեր առիթներով գրել է:

Այսպես՝ 2012-ի մայիսին Իջեւանում բացվել ու օծվել էր քաղաքի երկրորդ եկեղեցին՝ Ս. Ամենափրկիչը: Այն պատահական տեղ չէր կառուցվել. Ասլանյան-Բլբուլյան փողոցների խաչմերուկում 19-րդ դարի եկեղեցի կար, որը խորհրդային տարիներին ավերակ էր դարձել: Եկեղեցու անունով Իջեւանի այդ թաղամասը կոչվել է «Ժամի թաղ»: Նիկոլ Փաշինյանն ու եղբայրներ Ֆրունզե, Անդրանիկ եւ Պետրոս Ղազարյանները, ըստ մամուլի, հենց այս թաղից են: Ուկրաինայում հաստատված գործարար Ղազարյանները, ի հիշատակ իրենց հոր՝ Թելման Ղազարյանի, հովանավորել էին նոր եկեղեցու կառուցումն իրենց թաղում:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի «քայլող» արձանը, որը նախկինում տեղադրված էր Երեւան-Իջեւան մայրուղու վրա, բայց մի քանի անգամ հարձակման էր ենթարկվել ու կոտրվել, տարիներ առաջ տեղափոխվել է Իջեւանի «Ժամի թաղ»՝ եկեղեցու անմիջական հարեւանությամբ, բայց այստեղ էլ հարձակումներից զերծ չի մնացել:

Ղազարյանների գերդաստանը հայտնի է ոչ միայն ուկրաինական Չերկասի քաղաքում, այլեւ ամբողջ Չերկասիի մարզում: Նրանցից Անդրանիկ Ղազարյանը ՀՀ պատվավոր հյուպատոսն է Չերկասիում: Վերջինս նաեւ TIME (նախկինում՝ «Նադիա») ընկերությունների խմբի նախագահն է: Այս խմբի ընկերություններում են աշխատում Ղազարյանները: Խումբը ներառում է ընկերություններ ամենատարբեր ոլորտներից՝ շինարարություն եւ անշարժ գույք, առեւտուր, սննդի արդյունաբերություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, այգեգործություն, բուսաբուծություն: Հատկապես հայտնի է «Նադիա» շինարարական ընկերությունը, որն առաջատար կառուցապատող է Չերկասիի մարզում:

Ըստ պաշտոնական կայքի՝ TIME խմբի պատմությունն սկսվում է 2005-ից, երբ հիմնադրվել է առաջին ընկերությունը` խոզաբուծական «Զոլոտոնոշսկի Բեկոն» ՍՊԸ-ն (ТОВ “Золотоніський Бекон”): Վերջինիս անունը ծագում է Չերկասիի մարզի Զոլոտոնոշա քաղաքից եւ համանուն շրջանից: Ներկայում ընկերության 50 %-ը պատկանում է Ֆրունզե Ղազարյանին, 25-ական % էլ ունեն Յուրի եւ Ռադիսլավ Տկաչենկո եղբայրները: Վերջիններս Ղազարյանների բիզնես գործընկերներն են TIME խմբում: Ընդ որում՝ Յուրի Տկաչենկոն 2014-2018 թթ. Չերկասիի մարզի ղեկավարն էր:  

Ղազարյանները պարբերաբար ներդրումներ են կատարել նաեւ Իջեւանում: 2014-ին նրանց ֆինանսավորմամբ Տավուշի մարզկենտրոնում բացվել էր մանկական խաղահրապարակ: Իջեւանի այն ժամանակվա քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնել էր, որ Ղազարյանների ֆինանսավորմամբ վերանորոգվել են նաեւ քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երեւանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը: Իջեւանի ավագանին պատվավոր իջեւանցու կոչում էր շնորհել Ֆրունզե Ղազարյանին, դրանից մեկ տարի առաջ էլ նույն պարգեւին արժանացել էր Անդրանիկ Ղազարյանը:

2018-ի քաղաքական փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նախաձեռնել էր համաժողովների շարք, որոնցից «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը կայացել էր 2018 թ. սեպտեմբերին Իջեւանում: Դրան մասնակցել էր նաեւ Անդրանիկ Ղազարյանը:

Վերջինս այնուհետ Չերկասի էր հրավիրել Տավուշի այն ժամանակվա մարզպետ (ներկայում՝ իշխանական պատգամավոր) Վահե Ղալումյանին՝ իր տնտեսությանը ծանոթացնելու (խոսքը վերեւում հիշատակված «Զոլոտոնոշսկի Բեկոն» ՍՊԸ-ի մասին է) եւ Հայաստանում ծրագրեր սկսելու համար որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու համար (ընդգծենք, որ 2021-ից Տավուշի մարզպետը Վ. Ղալումյանի ավագ եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը, որը նաեւ Նիկոլ Փաշինյանի քավորն է): Ա. Ղազարյանը մտադրություն էր հայտնել Տավուշում հիմնել ժամանակակից խոզաբուծական տնտեսություն՝ 630 մայր խոզի համար: Մայր տնտեսությանը կից պետք է հիմնադրվեին փոքրիկ ֆերմերային տնտեսություններ, որոնք ապահովվելու էին մայր խոզերով, կերով: Պահելուց, աճեցնելուց հետո փոքր տնտեսությունները հետ էին վերադարձնելու միայն կերի գումարը, իսկ եկամուտն ամբողջովին մնալու էր իրենց:

Տավուշի մարզպետարանի տեղեկացմամբ՝ բոլոր պայմանավորվածությունները գրանցվել էին հուշագրում, որը ստորագրել էին մարզպետ Վահե Ղալումյանն ու «Զոլոտոնոշսկի Բեկոն» ընկերությունը՝ ի դեմս Անդրանիկ Ղազարյանի: Վ. Ղալումյանն Ուկրաինայում հանդիպել էր նաեւ Չերկասիի մարզի ղեկավար, Ղազարյանների գործընկեր Յուրի Տկաչենկոյին, քննարկել համագործակցության հարցեր:  

Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Ղազարյանը բավականին էժան գնով՝ 120.000 դոլարով, (դրանում, ըստ լուրերի, կարեւոր դեր է խաղացել Ն. Փաշինյանի հետ մտերիմ լինելը) ձեռք է բերել Տավուշի մարզկենտրոնում խորհրդային տարիներին կառուցված «Իջեւան» 9-հարկանի հյուրանոցն ու 2021-ին վերածել բնակելի շենքի, ապա հայտարարել, որ կառուցապատված բնակարանները գնի (քմ-ն՝ 650 դոլարին համաժեք դրամ) 30 տոկոս զեղչով առաջարկում է Ուկրաինայի հայերին։ 

2020-ի ամռանն էլ Նիկոլ Փաշինյանի եղբորորդին՝ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը, հայտարարել էր, որ արտերկրում բնակվող գործարար Անդրանիկ Ղազարյանի հետ քննարկումների արդյունքում որոշել են նրա աջակցությամբ վերականգնել Իջեւանի բոլոր հին, փայտե կանգառները:

Գրել ենք, որ Սիփան Փաշինյանը 2022-ին փայտամշակման համատեղ բիզնես էր սկսել Ղազարյան եղբայրներից Պետրոսի որդիների հետ:

Չնայած 2023-ին Ս. Փաշինյանը դուրս է եկել այս բիզնեսից, մինչ այդ հասցրել էր գրանցվել որպես ֆիզիկական անձ-ձեռնարկատեր ու ավտոմեքենաների տեխսպասարկման եւ նորոգման ինքնուրույն բիզնես սկսել ու անշարժ գույք գնել:

Ինչպես գրել ենք, Սիփան Փաշինյանը Ուկրաինայում իր գործունեության ընթացքում գրանցվել է Չերկասի քաղաքի այն բազմաբնակարան շենքերում, որոնք կառուցել է Ղազարյանների «Նադիա» ընկերությունը:

Չնայած վարչապետի եղբորորդին այդ բնակելի շենքերում սեփականություն չունի, նա 3 միավոր անշարժ գույք է ձեռք բերել (1 հատ կայանատեղ եւ 2 հատ ոչ բնակելի տարածք) Ղազարյանների կողմից Չերկասիում կառուցվող ավտոկայանատեղի շենքում:

Սանասար Կույումչյան

«Իջեւանյան բեկոն» ՍՊԸ-ի 33 %-ի փայատեր Սանասար Երվանդի Կույումչյանն էլ Վանաձորից է, սակայն ներկայում ապրում է Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում: Նա եւս զբաղվում է խոզաբուծությամբ (բիզնեսի համասեփականատերը որդին է՝ Մհեր Կույումչյանը): Կույումչյանների «Սիգմա» ընկերությունը ստեղծվել է 2001 թ., գրանցված է Դնեպրոպետրովսկի մարզի Ստեպովե գյուղում, որտեղ հաշվառված են նաեւ հիմնադիրները:

Ս. Կույումչյանը նաեւ Ուկրաինայի «Ռեֆորմներ եւ կարգուկանոն» կուսակցության անդամ է եղել, որը 2013-ին միաձուլվել է Յուլիա Տիմոշենկոյի գլխավորած «Բատկիվշչինա» կուսակցությանը:

Այսպիսով՝ Ուկրաինայում խոզաբուծությամբ զբաղվող Ղազարյաններն ու Կույումչյանները նոր ձեռնարկ են սկսում Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում՝ ունենալով Ղազարյանների ընկեր Նիկոլ Փաշինյանի կառավարության աջակցությունը առանց մրցակցության 15,2 հա հողերի ձեռքբերման հարցում:

Առաջին նկարում՝ ձախից աջ. Նիկոլ Փաշինյան, Ֆրունզե Ղազարյան, Անդրանիկ Ղազարյան, Սանասար Կույումչյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter