
Թանկացած տրանսպորտ, կրճատված չվացուցակ. ինչի՞ց են դժգոհում «Մուլտի տրանսպորտի» ուղևորները
2024 թվականի հունիսի 21-ից Աշտարակի շրջանի բնակիչների համար մայրաքաղաք հասնելը և տուն վերադառնալն ավելի բարդ ու թանկ է դարձել։ Բնակիչներն ահազանգում են՝ ուղևորափոխադրող ընկերությունը բարձրացրել է ուղևորության արժեքը, իսկ երթուղիների քանակը կրճատվել է։
Ուղևորների բողոքները վերաբերում են «Մուլտի տրանսպորտ» ընկերության նոր երթուղային ցանցին, որը շահագործվում է փոքր ավտոմեքենաներով և անկանոն չվացուցակով։
Օրինակ՝ Անտառուտ-Բյուրական-Երևան ուղղությամբ նախկինում առավոտյան գործել է ուղիղ երթուղի՝ Բյուրականից Երևան՝ ժամը 07։30-ին, իսկ մայրաքաղաքից վերջին միկրոավտոբուսը վերադարձել է գյուղեր ժամը19։55-ին։
Ներկայում, սակայն, առավոտյան ժամերին ուղիղ երթուղիներ դեպի Երևան ժամը 07։30-ին և 10։30-ին է։ Ընթերցողի խոսքով ոչ միշտ է չվացուցակը պահպանվում։ Մյուս ժամերին՝ 9:30-ին, 11:30-ին, 13:30-ին, 15:30-ին, 17:30-ին միայն Աշտարակ են հասնում, իսկ այդ ժամերի ընթացքում շատերի աշխատանքն արդեն սկսված է լինում։ Այս փոփոխությունը հատկապես ազդում է Երևանում աշխատողների և սովորողների վրա։ Նրանք փոխում են երկու տրանսպորտային միջոց՝ նախ՝ հասնում Աշտարակ, ապա՝ Երևան։
Սա ոչ միայն ժամանակատար է, այև ավելի թանկ է։ Մայրաքաղաք հասնելն արժենում է 700 դրամ, եթե ուղևորները ստիպված են լինում գնալ Աշտարակ, ապա Երևան, մինչդեռ նախկինում նույն ճանապարհի համար վճարում էին 400 դրամ։
«Նոր տրանսպորտային միջոցները փոքր ավտոմեքենաներ են, որոնք ամեն օր տարբեր ժամային գրաֆիկ ունեն։ Արդյունքում բնակիչներից շատերը չեն կարողանում ժամանակին հասնել աշխատանքի, իսկ մյուսները կա՛մ ուշանում են, կա՛մ ստիպված են կրկնակի տրանսպորտ փոխել՝ նախ հասնելով Աշտարակ, այնուհետև՝ Երևան, ինչն էլ նշանակում է կրկնակի վճարում՝ ի տարբերություն նախկինի»,֊ պատմում է «Հետքի» խմբագրություն դիմած քաղաքացին՝ Տաթև Սարգսյանը։
Նրա խոսքով, այժմ միայն չորս ուղիղ երթուղի է գործում՝ Երևան գնալու և վերադառնալու համար, արժեքը՝ 500 դրամ է։
Մյուս խնդիրն այն է, որ երեկոյան ժամերին՝ հատկապես աշխատանքային օրվա ավարտին, բնակիչները չեն կարողանում վերադառնալ գյուղեր։ Եթե նախկինում մայրաքաղաքից վերջին երթուղին դեպի Բյուրական շարժվում էր ժամը 19։55-ին, այժմ՝ արդեն 19։00-ին։ Շատերի աշխատանքն ավարտվում է հենց այդ ժամին կամ դրանից ուշ, ինչի պատճառով մեծ թվով մարդիկ, ընթերցողի ձևակերպմամբ, հայտնվում են «անօգնական վիճակում»՝ առանց տուն վերադառնալու հնարավորության։
Նման իրավիճակը, ըստ Տաթև Սարգսյանի, ոչ միայն խնդիր է առաջացնում տրանսպորտի հասանելիության տեսանկյունից, այլև խախտում է բնակիչների սոցիալական իրավունքները։ Նրանց մեծ մասն աշխատանքից տուն հասնելու համար ստիպված է դիմել այլընտրանքային տարբերակների՝ օգտվել տաքսիներից, ինչը ֆինանսապես անհասանելի է շատերի համար, կամ դիմել ծանոթների օգնությանը։
«Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն ուղևորափոխադրումներ է իրականացնում Կոտայքի և Արագածոտնի մարզերից։
«Հետքի» ընթերցողը դիմել է խմբագրություն՝ խնդրելով հանրայնացնել թեման, որ պատասխանատու մարմինները արձագանքեն։
Տաթև Սարգսյանի նամակը «Հետքն» ուղարկել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
ՏԿԵՆ֊ից հայտնել են, որ Արագածոտնի մարզի միասնական երթուղային ցանցը սպասարկող օպերատորի ընտրության մրցույթը կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 4-ին, որի արդյունքում ՏԿԵ նախարարի 16․10․2024թ․ N 2457-Ա հրամանով 10 տարի ժամկետով հաղթող է ճանաչվել «Մուլտի տրանսպորտ» ՍՊ ընկերությունը:
«Միասնական երթուղային ցանցի շրջանակներում ներկայում սպասարկվում են ՀՀ Արագածոտնի մարզի բնակավայրերը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 29․07․2024թ․ N 1719-Ա հրամանով հաստատված Արագածոտնի մարզի միջմարզային և ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների չվացուցակների համաձայն, որոնք հրապարակված են նախարարության պաշտոնական կայքում։ Բյուրական բնակավայրը սպասարկվում է Անտառուտ-Բյուրական-Երևան, Անտառուտ-Բյուրական-Աշտարակ, Աշտարակ-Երևան երթուղիներով։ Մարզի երթուղիների չվացուցակները գործարկելուց հետո փաստացի ուղևորահոսքի արդյունքում հնարավոր է վերանայել երթուղիների չվացուցակները և դրանցում կատարել համապատասխան փոփոխություններ»,- ասվում է ՏԿԵՆ֊ի պատասխանում։
Ըստ նախարարության՝ ուղևորների հիմնավոր բողոքների դեպքում հնարավոր է վերանայվի «Մուլտի տրանսպորտ» ՍՊ ընկերության կողմից սպասարկվող երթուղիների չվացուցակները։
Նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանի խոսքով՝ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում, և չվացուցակներում հնարավոր է կատարվեն փոփոխություններ։
Գլխավոր լուսանկարը «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել