HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

3 տարվա քննություն․ Սոնա Մնացականյանի վրաերթի գործով կողմերը վերջին խոսքն ասացին դատարանում 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում հուլիսի 29-ին տեղի ունեցավ վարչապետին ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու գործով վերջին դատական նիստը։ Գործի քննությունը ձգվել է շուրջ 3 տարի, ամբաստանյալի աթոռին է մեքենայի վարորդը՝ Արամ Նավասարդյանը։ Նրա նկատմամբ խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է, նա քրեական գործի սկզբից մինչև այսօր երբևէ կալանավորված չի եղել։ Հիշեցնենք, որ Սոնա Մնացականյանը 31 շաբաթվա հղիություն ուներ, վրաերթից հետո նա հիվանդանոց էր տեղափոխվել մահացած վիճակում։

Դատական նիստին եզրափակիչ ելույթներով հանդես եկան դատավարության կողմերը։ Նիստը տևեց 4 ժամից ավելի, մթնոլորտը լարված էր։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ վերդիկտը կհրապարակի հուլիսի 30-ին։ Մենք կներկայացնենք դատավարության յուրաքանչյուր կողմի եզրափակիչ ելույթի առանցքային կետերը։

Հանրային մեղադրողը միջնորդեց դատարանին վարորդի նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ

Եզրափակիչ ելույթով առաջինը հանդես եկավ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանը։ Նա ներկայացրեց Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի՝ Արամ Նավասարդյանը, հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և գտնվելով ծառայության մեջ, իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից։ 

Ավտոմեքենան վարել է Պարոնյան փողոցով՝ Պռոշյան փողոցի ուղղությամբ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում, ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին՝ թույլ է տվել ՃԵԿ (ճանապարհային երթևեկության կանոնների) խախտում։ Ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ։ Երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած՝ միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելու համար։ Եվ ժամանակին չդիմելով արգելակման՝ ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենայի առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում ձախից դեպի աջ հանգիստ քայլող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ։

Ըստ մեղադրանքի՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո Արամ Նավասարդյանը թողել է ՃՏՊ-ի դեպքի վայրը և հեռացել։

Ըստ հանրային մեղադրող Արմեն Բեգլարյանի՝ ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանական կողմը վիճարկել և անդրադարձել է երկու հիմնական հարցերի։ Դրանցից մեկը վերաբերվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությամբ արձանագրված «վայրկյան-կադր հասկացողության մեջ մեկ կադր պակասելուն» և երկրորդը՝ դրանով պայմանավորված՝ արագության գերազանցման փաստին։ Ըստ հանրային մեղադրողի՝ այդ պատճառով դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունները և դատարան է հրավիրել փորձագետներին․ «Վերջիններս ամբողջությամբ պնդեցին իրենց կողմից տրված եզրակացությունները, դրանց մեթոդիկան, ճշտությունը, կատարման եղանակները, հանգամանքները, և հենց փորձաքննության եզրակացությամբ է, որ այս արարքի քրեական հակաիրավականությունը պետք է հաստատվեր»,- նշեց Արմեն Բեգլարյանը։

Նա ասաց, որ այս արարքն ինքնին անզգուշությամբ կատարված հանցագործությունների շարքին է դասվում, և անզգուշությունը վարորդի հանցավոր ինքնավստահության մեջ է, որը գիտակցում է, որ խախտում է կատարում, բայց ենթադրում է, որ կխուսափի հետևանքներից, սակայն տվյալ պարագայում հետևանքից խուսափել չի ստացվել։ Բեգլարյանն ասաց նաև, որ դատարանում հետազոտված բոլոր ապացույցները հիմնավորում են Արամ Նավասարդյանի մեղավորությունը, այդ ապացույցներից ոչ մեկը չի հակասում մյուսին, ընդհակառակը՝ դրանք փոխլրացնում են իրար։ Նա միջնորդեց դատարանին Արամ Նավասարդյանի նկատմամբ կայացնել մեղադրական վերդիկտ։

«Փորձագիտական եզրակացությունները բավարար են, որ հաստատվի վարորդի մեղավորությունը»․ տուժող կողմի եզրափակիչ ելույթը

Տուժող կողմի՝ Սոնա Մնացականյանի հոր ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն իր եզրափակիչ ելույթով նշեց՝ մնում են այն կարծիքին, որ այս գործով ապացույցները հանդիսանում են բացառապես համապատասխան բնագավառի երկու փորձաքննությունների եզրակացությունները և դեպքի վայրի տեսագրությունը, և դրանք բավարար են Արամ Նավասարդյանի մեղքը հաստատված համարելու համար։ «Վկաների հարցաքննությունները ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլերում ընդամենը դատաքննության ընթացքն անհարկի ծանրաբեռնելուն ուղղված գործողություններ էին»,- նշեց Ասլանյանը։

Տուժողի ներկայացուցիչը ներկայացրեց այդ երկու փորձագիտական եզրակացությունները։ Ըստ դրանց՝ վարորդը, երթևեկելով թույլատրելի 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, ժամանակին չդիմելով արգելակման և վրաերթի ենթարկելով հետիոտնին, տեխնիկական տեսանկյունից թույլ է տվել օրենքի խախտում՝ իրեն զրկելով վրաերթը կանխելու հնարավորությունից։

Ասլանյանը նշեց՝ ըստ եզրակացության՝ վարորդի համար վտանգն առաջացել է այն պահից, երբ Սոնա Մնացականյանը հետիոտնային անցումով մուտք է գործել ավտոմեքենայի ուղեմաս, և այդ պահին մեքենան գտնվել է 118․6 մետր հեռավորության վրա, և եթե վարորդը այդ պահից սկսած՝ արգելակեր մեքենան, ապա կկանխեր վրաերթը։

Րաֆֆի Ասլանյանը խոսեց նաև այն մասին, որ Արամ Նավասարդյանը վրաերթից հետո լքել է դեպքի վայրը։ Ըստ փաստաբանի՝ վարորդի ուղղակի պարտականությունն է եղել շտապօգնությամբ կամ երթևեկող որևէ այլ ավտոմեքենայով ապահովել տուժողի տեղափոխումը որևէ բուժհաստատություն։ Այս հարցի վերաբերյալ վարորդի վարքագիծը հակասական է եղել, պնդում է Րաֆֆի Ասլանյանը։ «Դեպքի վայրի զննության ընթացքում վարորդ Արամ Նավասարդյանը պնդել է, որ ինքը կանգնել է դեպքի վայրում և մոտեցել է տուժողին, սակայն հետագայում հայտնել է, որ շփոթմունքի հետևանքով է նշել նման բան»,- ասում է Րաֆֆի Ասլանյանը՝ համոզմունք հայտնելով, որ դա ոչ թե շփոթմունք է, այլ քրեական պատասխանատվությունից զերծ մնալու համար է ասել, և վարորդը վրաերթից հետո չի մնացել դեպքի վայրում։

Քանի որ նոր Քրեական օրենսգրքով դեպքի վայրը լքելը այլևս քրեորեն պատժելի հանցանք չէ, Րաֆֆի Ասլանյանը միջնորդեց դատարանին այդ մասով վարորդին մեղավոր ճանաչել, սակայն քրեական հետապնդումը դադարեցնել՝ հոդվածի ապաքրեականացման հիմքով։

Պաշտպանական կողմը ներկայացրել է տեսագրություն, որ Արամ Նավասարդյանը դեպքից մոտ 150 մետր վերև կայանել է, իջել է ավտոմեքենայից, հեռախոսազրույց է ունեցել, ապա նստել է մեքենան և հեռացել։ Իր ցուցմունքներում Արամ Նավասարդյանը նշել է նաև՝ տեղեկանալով, որ շտապօգնության մեքենան տեղափոխել է Սոնա Մնացականյանին, հարկ չի համարել վերադառնալ դեպքի վայր, մոտեցել է «Նաիրի» բժշկական կենտրոնին, և տեսնելով, որ շտապօգնության մեքենան արդեն ԲԿ-ի մոտ է, հեռացել է։ «Բայց այստեղ իրավաչափ հարց է ծագում․ հեռանալու նպատակը ո՞րն է եղել։ Այս հարցի պատասխանն ամբողջ քրեական վարույթում չկա»,- նշեց տուժողի ներկայացուցիչը։

Նա նաև խոսեց քննիչի դիտավորության մասին, որ չի առգրավել «Նաիրի» ԲԿ-ի տեսաձայնագրությունները, նա դա արել է դեպքից 8 օր անց, սակայն պարզվել է, որ այդ տեսագրությունները պահվում են միայն 7 օր։

Պաշտպանության կողմն ակնկալում է արդարացման վերդիկտ

Ամենածավալուն ելույթն ունեցավ պաշտպանության կողմը։ Վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանը մեղարդեց քննիչին, Երևան քաղաքի դատախազին կողմնակալ վերաբերմունքի, շահագրգռվածության և ապօրինությունների մեջ, փորձագետներին՝ ստախոսության մեջ։ Դատավորի հասցեին ևս հնչեցին մեղադրանքներ այն մասով, որ մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ իր ներկայացրած 3 միջնորդությունները։ Նա քաղաքական ենթատեքստ է տեսնում այս գործում՝ նշելով, որ որոշակի քաղաքական խմբեր ազդեցություն են ունեցել գործով փորձագետների, Դատախազության վրա։ Ըստ Բալոյանի՝ սա հանրային հնչեղություն ունեցող գործ է, որից փորձել են արագ ազատվել՝ մեղավորությունը բարդելով վարորդի վրա։

Նա շեշտեց այն հանգամանքը, որ Արամ Նավասարդյանի վարած մեքենան եղել է ծառայողական, և դեպքը տեղի է ունեցել պաշտոնական լիազորություններն իրականացնելիս, և գործը պետք է քննեին ԱԱԾ քննիչները։ Այս լույսի ներքո՝ Բալոյանը հավելեց, որ ճանապարհային երթևեկության համընդհանուր կարգավորումները վերաբերելի չեն եղել Արամ Նավասարդյանին, քանի նրա վրա տարածվում է Կառավարության որոշումը՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման երթևեկության կարգը հաստատելու մասին։ Հետևաբար՝ վրաերթը կանխելու վերաբերյալ ճանապարհային երթևեկության կանոնները վերաբերելի չեն եղել նրան։ Դատական ռեպլիկների փուլում այս պնդմանն անդրադարձավ տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը՝ նշելով՝ քանի որ Կառավարության հատուկ որոշմամբ վրաերթը կանխելու մասին դրույթ չկա, այդ պատճառով կանխման մասով հղում է տրվել ճանապարհային երթևեկության ընդհանուր կանոններին։

Պաշտպանության կողմը սուտ որակեց փորձագիտական եզրակացության այն պնդումը, թե վարորդի համար վտանգն առաջացել է այն պահին, երբ Սոնա Մնացականյանը ձախից աջ հանգիստ քայլելիս է եղել։ Ըստ պաշտպանական կողմի՝ Սոնա Մնացականյանը, մոտ 1․5 մետր անցնելով առաջ, կանգնել է, ապա երեք հետքայլ է կատարել, ինչն էլ դարձել է վրաերթի պատճառը, և վտանգն առաջացել է հենց հետքայլը կատարելու պահին։ «Եթե Սոնա Մնացականյանը տեղում կանգնած մնար, այս վրաերթը տեղի չէր ունենա»,- ասաց Բալոյանը՝ նշելով, որ այս հարցը կպարզվեր, եթե նոր փորձաքննություն նշանակվեր, ինչը մերժել է դատարանը։

Ռուբեն Բալոյանն ասում է՝ տեսագրությունում երևում է, որ Արամ Նավասարդյանը, տեսնելով Սոնա Մնացականյանին, արգելակի ոտնակն է սեղմել, ապա վստահ լինելով, որ Սոնա Մնացականյանն ազատել է իր երթևեկելի տարածքը և այլևս իրեն վտանգ չի սպառնում, շարունակել է երթևեկել, սական, ըստ Բալոյանի, Արամ Նավասարդյանը չէր կարող կանխատեսել, որ Սոնա Մնացականյանը հետքայլ է անելու։

«Հենց առաջին իսկ օրվանից հասարակության դատին հանձնված դեպքի տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում հետիոտնի իրավախախտ վարքագիծը»,- նշեց Բալոյանը։ Նա նաև վարկածներ առաջ քաշեց, թե գուցե Սոնա Մնացականյանը իր քաղաքական դիրքորոշումներից ելնելով է որոշել չզիջել վարչապետի ավտոշարասյանը։ Այս մեղադրանքներն առաջացրին Սոնա Մնացականյանի հոր զայրույթը, և լարված մթնոլորտ տիրեց դատարանի դահլիճում։ Այս վարկածը տուժող կողմի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը համարեց անհեթեթ՝ նշելով, որ տուժող անձին փորձում են ինքնասպանություն վերագրել։

Ռուբեն Բալոյանը մեղադրեց փորձագետին՝ տեսանյութն ուսումնասիրելիս մեկ կադրը բաց թողնելու համար, ինչով, ըստ Բալոյանի, փորձագետը կարողացել է հիմնավորել բարձր արագությունը։ Բալոյանը պնդում է՝ մեքենան չի ունեցել 108,7 կմ/ժ արագություն։ Նա մեջբերեց վկաների ցուցմունքները, ովքեր կարծիք են հայտնել, թե մեքենայի արագությունը եղել է 60-70 կմ/ժ-ի սահմաններում։

Ըստ Բալոյանի՝ Արամ Նավասարդյանն իրականացրել է անհետաձգելի ծառայողական առաջադրանք և երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ ունեցել է երթևեկության առավելություն։ Արամ Նավասարդյանը ղեկավարվել է խաչմերուկը կարգավորող ոստիկանի հրամաններով։ Իսկ ավտոշարասյան արագության պահպանման պատասխանատվությունը, ըստ Բալոյանի, կրում է շարասյան ղեկավար կազմը՝ այդ կերպ նշելով, որ արագության պատասխանատուն Արամ Նավասարդյանը չի եղել։

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև ամբաստանյալի աթոռին նստած վարորդ Արամ Նավասարդյանը՝ նշելով, որ ցավակցում է Սոնա Մնացականյանի հարազատներին։ «Հուսով եմ, որ դատարանը կառաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով։ Իմ գործողությունները կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով և կկայացնի արդարացման վերդիկտ»,- նշեց Նավասարդյանը։ 

Դատական ռեպլիկներ

Դատական ռեպլիկների փուլում կողմերը կարճ մեկնաբանություններ թողեցին միմյանց եզրափակիչ ելույթների վերաբերյալ, ինչից հետո ավարտվեց դատական նիստը, և դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատախազը հակադրվեց պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներին և դիմելով մեղադրյալ Արամ Նավասարդյանին և նրա պաշտպանին՝ ասաց․ «Այս գործով պաշտպանության կողմը մեկ ճիշտ քայլ ուներ անելու․ ընդունել մեղքը, անկեղծորեն զղջալ և մահացածի հարազատներից ներողություն խնդրել։ Սա կլիներ և՛ բարոյական, և՛ իրավական տեսանկյունից ամենաճիշտ լուծումը»։ Անդրադառնալով հանգուցյալ Սոնա Մնացականյանին ուղղված մեղադրանքներին, թե հետքայլն է եղել պատճառը վրաերթի, հանրային մեղադրողն ասաց՝ եթե հետիոտնը գտնվել է երթևեկելի գոտում, ուրեմն արդեն իսկ խոչընդոտ է վարորդի համար․ «Դրա համար քեզ ՃԵԿ-ի կանոնն ասում է՝ կանգնիր, արգելակիր մինչև վերջ։ Պետք չէր գուշակել, ընդամենը պետք է այդ տարածությունն օգտագործել և տեսնելու պահից սկսած արգելակել։ Մինչև հետիոտնին հասնելը, մեքենան կկանգներ»,- ասաց դատախազը։ Նա նաև նշեց, որ փորձաքննությամբ հաստատվել է, որ 118 մետրից վարորդի համար տեսանելի է եղել Սոնա Մնացականյանը, իսկ 98 մետրը բավարար է եղել մեքենան կանգնեցնելու համար։ Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն էլ «իրավական շանտաժ» որակեց պաշտպանական կողմի եզրափակիչ ելույթը՝ կետ առ կետ անդրադառնալով և հակադրվելով նրանց ներկայացրած դիրքորոշումներին։ Ռուբեն Բալոյանը պնդեց, որ Արամ Նավասարդյանն այս գործով անմեղ է, և ինքը կապացուցի դա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter