HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինձ փորձում են դարձնել քավության նոխազ»․ ակումբում գտնված թմրանյութի գործով 32-ամյա Ելիզավետան դատապարտվեց 6 տարվա ազատազրկման

32-ամյա Ելիզավետա Դանիլչևան դատարանում նստած էր ամբաստանյալի աթոռին և սպասում էր իր դատավճռի հրապարակմանը։ Դատարանի դահլիճում էին նաև Ելիզավետայի ընկերները․ լարված, ձեռք ձեռքի բռնած սպասում էին դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմանը։

Ելիզավետա Դանիլչևան մեղադրվում է իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեջ, սակայն չի ընդունում մեղադրանքը։ Դատավորի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Ելիզավետան մեղավոր էր ճանաչվել իրեն մեղսագրվող հանցանքում։ Իսկ հուլիսի 23-ին ընթացող լրացուցիչ դատական նիստի ժամանակ որոշվելու էր, թե ինչ պատիժ է սահմանվելու նրա նկատմամբ։

Լարվածությունն ու լռությունն ընդհատվում են դատավոր Մասիս Մելքոնյանի՝ նիստերի դահլիճ մտնելով։ Դատավորը բացում է նիստը, հայտնում, որ այս նիստին պետք է լսի մեղադրյալի եզրափակիչ ելույթը և դիմելով Ելիզավետային՝ հարցնում․ «Խնդրեմ, պատրա՞ստ եք»։ Սակայն Մասիս Մելքոնյանը մոռացել էր, որ արդեն իսկ լսել է եզրափակիչ ելույթը, ավելին՝ կայացրել է մեղադրական վերդիկտ, և արդեն լրացուցիչ դատական նիստն է, որտեղ Ելիզավետա Դանիլչևայի պատժաչափն էր որոշելու։ Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի հիշեցումից հետո դատավոր Մասիս Մելքոնյանը շփոթված ընդմիջում է հայտարարում, ներողություն է հայտնում և մի քանի րոպեով դուրս գալիս նիստերի դահլիճից։

Վերադառնալով նիստերի դահլիճ՝ դատավորը խոսքը տրամադրում է հանրային մեղադրող Նարեկ Բարեկյանին։ Նա հայտնում է, որ ծանրացնող հանգամանքներ առկա չեն և պահանջում է 8 տարվա ազատազրկում՝ «հաշվի առնելով, որ արարքը կատարվել է հանրային վայրում, և հաշվի առնելով թմրանյութի տեսակը (Մեթամֆետամին)՝ քիմիական բաղադրությունով»։

Հիշեցնենք՝ 2023 թվականի հունիսի 24-ին ոստիկանությունը ներխուժել էր Երևանում գտնվող «Բան» ակումբ և բերման էր ենթարկել 27 հոգու։ Դեպքից հետո իրավապաշտպանները ահազանգել էին, որ ոստիկանները ծեծել, հայհոյել և արժանապատվությունը նվաստացնող այլ գործողություններ էին իրականացրել ակումբի այցելուների նկատմամբ։ 

Ոստիկանությունն ակումբից թմրանյութեր էր գտել, հարուցվել էր քրեական վարույթ։ 27 բերման ենթարկվածներից Դանիլչևան միակ մեղադրյալն է։ Ելիզավետայի ամուսինը՝ Նիկիտա Մաքսիմենկոն, «Հետքին» հայտնել էր, որ մեղադրող կողմը փորձում է ակումբում գտած բոլոր թմրանյութերը մեղսագրել Ելիզավետային և առանց որևէ ապացույցի պնդում է, որ Ելիզավետան զբաղվել է թմրանյութերի իրացմամբ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Ելիզավետան ապօրինի ձեռք է բերել և պահել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.95 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց և զգալի չափերով՝ 5,3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որոնցից 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է Դանիլչևայի անձնական խուզարկությամբ, իսկ 1,47 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը և 5,3 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը՝ «Բան» ակումբից։

Ելիզավետան պնդում է, որ ակումբից հայտնաբերված թմրանյութերի հետ ինքը կապ չունի և թմրանյութ չի իրացրել։ Իրեն պատկանել է միայն անձնական խուզարկությամբ հայտնաբերված 0.48 գրամ քաշով «Մեթամֆետամինը», որն իր անձնական օգտագործման համար է եղել։ Նրա փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը, հակադարձելով հանրային մեղադրողի պնդմանը, թե հանրային վայրում է կատարվել արարքը, նշում է, որ այդ օրը Ելիզավետայի ընկերներից մեկի հարսանյաց խնջույքն է եղել, և բոլոր հյուրերը եղել են ամուսնացող զույգի մտերիմները․ «Հենց սա է նրա համար հանդիսացել պատճառը, որ Ելիզավետան ազատ է իրեն զգացել, կաշկանդաված չի եղել, խնդրել է, որ իրեն թմրամիջոց հյուրասիրեն»,- նշում է Արտաշես Հովհաննիսյանը։

Փաստաբանը պնդում է՝ չկա որևէ ապացույց և հիմնավորում, որ Ելիզավետան իրացրել է թմրանյութ, չկա նույնիսկ տուժող անձ։ Արտաշես Հովհաննիսյանի խոսքով, արարքին տրվել է սխալ իրավական գնահատական։  Սա առաջացնում է դատավար Մասիս Մելքոնյանի զայրույթը, նա պահանջում է փաստաբանից նշել, որ  իր կարծիքով է այդպես։ 

Արտաշես Հովհաննիսյանը նշում է նաև, որ Հայաստանի իրավակիրառ պրակտիկայում պետք է փոխվի վերաբերմունքը թմրամիջոցներին առնչվող հանցանքների մասին։ «Ստացվում է այնպես, որ սպանությունների համար մեղադրվողները գրեթե նույն պատիժն են ստանում, ինչ որ մոտ 1․5 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց պահողը»,- նշում է փաստաբանը։

Փաստաբանի ելույթից հետո դատավոր Մասիս Մելքոնյանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ պատժաչափը որոշելու։ Մոտ 45 րոպե անց վերադառնալով՝ դատավոր Մասիս Մելքոնյանը հրապարակում է դատավճիռը, ըստ որի՝ Ելիզավետա Դանիլչևան դատապարտվում է 6 տարվա ազատազրկման։ Պատժին հաշվակցվում է նաև Ելիզավետայի՝ կալանքի և տնային կալանքի տակ եղած ժամանակահատվածը՝ մոտ 1 տարի 3 ամիս, և վերջնական պատիժ է նշանակվում՝ 4 տարի 8 ամիս ժամկետով։

Իսկ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը՝  Ելիզավետա Դանիլչևայի նկատմամբ ընտրված «վարչական հսկողություն» խափանման միջոցը մնում է անփոփոխ։

Դատավճռի հրապարակումից հետո Ելիզավետա Դանիլչևան «Հետքի» հետ զրույցում նշում է, որ համաձայն չէ դատարանի որոշման հետ։ «Ինձ փորձում են դարձնել քավության նոխազ»,- ասում է Դանիլչևան՝ հավելելով, որ եթե Երևանում իսկապես խնդիր է թմրանյութերի շրջանառությունը, ապա իր նկատմամբ ընդունված այս անարդար որոշումը չի կարող նպաստել այդ պայքարին։ Նա մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը՝ հույսով, որ դատական համակարգը վաղ, թե ուշ կվերանայի դիրքորոշումը այս հոդվածների վերաբերյալ՝ ավելի ադեկվատ գնահատելով գործերը, ավելի մանրամասն քննություն իրականացնելով․ «Քանի որ այս գործի շրջանակում ոչ մի փորձ չի արվել բացի ինձնից մեկ ուրիշին գտնելու»,- նշում է Ելիզավետան։

Նա մասնագիտությամբ բանասեր է։ Պատմում է՝ երբ սովորում էր համալսարանում, երկու դասախոս ուներ, որոնք սեմինար էին վարում, որպեսզի ուսանողները հնարավորություն ունենային լսելու տարբեր կարծիքներ. «Ինձ թվում է՝ խուսափել նման փորձից դատարանում, ուղղակի հանցագործություն է, որովհետև կա մարդ, որը կարող է ասել՝ դու սխալ ես, բայց կլինի մեկ ուրիշը, որը կկարծի, որ դու ճիշտ ես։ Եվ առանց բազմաթիվ տեսակետների, անմեղ մարդիկ պարզապես չունեն արդարության հասնելու հնարավորություն»,- ասում է Ելիզավետան։

Վերդիկտից հետո նա չի համակերպվել իրականության հետ։ «3 օր ես ոչինչ չէի հասկանում, հետո նյարդային խանգարում ունեցա, հետո քիչ-քիչ կարողացա ընդունել ու հասկանալ, որ սա իսկապես կատարվում է, բայց ես շատ մեծ աջակցություն ունեմ և շնորհակալ եմ բոլոր մարդկանց, ովքեր ինձ գրում ու աջակցում են։ Բոլոր այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, հասկանում են, որ սա անիրական է»,- ասում է Ելիզավետան։

Ասում է՝ պատրաստ էր վատագույնին․ «Ես պատրաստ էի, որ հնարավոր է՝ ինձ հենց հիմա տանեն բանտ, ես պատրաստել էի հագուստ, ասել էի, թե ինչ պետք է անեն ընկերներս: Նաև երաժշտություն եմ գրում, այն հասցրել էի այնտեղ, որ կարողանամ փոխանցել որևէ մեկին, որ ավարտի ստեղծագործությունը։ Երբ տնային կալանքի մեջ էի, երաժշտական ալբոմ եմ ստեղծել»։ 

Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանը ևս պնդում է, որ որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։ Բացի այն, որ Դանիլչևան մեղավոր է ճանաչվել մի արարքի համար, որը չի կատարել, Արտաշես Հովհաննիսյանը թվարկում է նաև մի շարք խախտումներ, որոնք տեղի են ունեցել քրեական վարույթը նախաձեռնելու պահից ի վեր։ Այդ խախտումներից է, օրինակ, այն, որ քրեական վարույթը նախաձեռնվել է անհայտ անձի կողմից տրված բանավոր հաղորդման հիման վրա։

Բացի այդ՝ փաստաբանը նշում է, որ 4 վկաներ դատարանում ցուցմունք են տվել այն մասին, որ ակումբ է մտել մի երիտասարդ տղա, ման է եկել բարի կշեռքը, գտնելուց հետո հանել է իր մոտ գտնվող թմրամիջոցի փաթեթը և սկսել կշռել այն, և այդ տղային Ելիզավետան խնդրել է հյուրասիրել իրեն։ Փաստաբանը չի բացառում, որ այդ տղայի մուտքը ակումբ կարող է սադրանք եղած լինել, քանի որ նրա դուրս գալուց անմիջապես հետո ակումբ են մուտք գործել ոստիկանները։ «Այս վարկածը կարող էինք ստուգել միայն այն դեպքում, երբ իմանայինք, թե ով է հաղորդում տված անձը։ Անհայտ աղբյուրի հիման վրա հարուցված վարույթները ենթակա են կարճման»,- ասում է փաստաբանը։

Շարունակելով թվարկել խախտումները՝ Արտաշես Հովհաննիսյանն ասում է, որ Ելիզավետային հարցաքննել են առանց պաշտպանի մասնակցության, դեպքի վայրի զննությանը ևս մասնակցել է առանց պաշտպանի՝ ձերբակալվածի կարգավիճակով, ինչը ևս, ըստ նրա, օրենքի խախտում է։ Զննության ընթացքում էլ Ելիզավետային հարցեր են տվել՝ ցուցմունքներ կորզելով նրանից։ 

Խոսելով արդեն դատարանի գործողությունների մասին՝ փաստաբանը նշոմ է՝ ինչպես այսօրվա նիստի ժամանակ Մասիս Մելքոնյանն անտարբեր վերաբերմունք ցուցաբերեց՝ մոռանալով, որ նույնիսկ մեղադրական վերդիկտ է կայացրել, այդպիսի վերաբերմունք էլ ցուցաբերել է ամբողջ գործի նկատմամբ։ «Վերդիկտ կայացնելու համար դատարանը խորհրդակցական սենյակ էր գնացել ընդամենը 40 րոպեով։ Վերդիկտ կայացնելը ենթադրում է, որ դատարանն անձամբ պետք է գնահատի, ամփոփի ապացույցները։ Իսկ մեզ մոտ վկաների հարցաքննություններից յուրաքանչյուրն է առնվազն 40 րոպե տևել, 2 տեսագրություն ունենք, յուրաքանչյուրը 40 րոպեից ավելի։ Իսկ դատարանն ընդամենը 40 րոպեում վերդիկտ կայացրեց»,- ասում է փաստաբանը՝ նշելով, որ այս ամենը ձևական արդարադատություն է, և Ելիզավետա Դանիլչևան բախվել է մերժված արդարադատության, և «այս գործողություններով դատարանը խայտառակեց Հայաստանի Հանրապետությունն օտարերկրացիների աչքերում»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter