
«Ֆլայ Արնային» Ռուսաստանում դատի են տվել, բայց ծանուցումը չեն կարողանում տեղ հասցնել
Ռուսական «Պուլկովոյի բեռնային համալիր» ընկերությունը (АО “Грузовой терминал Пулково”) նախորդ տարի դատի է տվել «Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ին (առավել հայտնի է որպես «Ֆլայ Արնա»), սակայն ՌԴ դատարանը տեւական ժամանակ չի կարողանում ծանուցել հայկական ավիաընկերությանը, ինչի հետեւանքով նիստերը հետաձգվում են:
Հայցվորը Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի բեռնային համալիրը շահագործող ընկերությունն է, որի գործընկեր-հաճախորդներից է եղել «Ֆլայ Արնան»: Հիշեցնենք, որ վերջինս թռիչքներ էր կատարում 2022-ի հուլիսից մինչեւ 2024-ի հունվար, այդ թվում՝ նաեւ դեպի Սանկտ Պետերբուրգ: Ավիաընկերության նախկին աշխատակիցները «Հետքի» հետ զրույցում պատմել էին, որ Երեւան-Սանկտ Պետերբուրգ-Երեւան չվերթը մեծ պահանջարկ է ունեցել, այդ թվում՝ բեռ տեղափոխելու առումով:
2024 թ. հունիսի 7-ին, երբ հայկական փոխադրողը դադարեցրել էր գործունեությունը, ռուսական ընկերությունը դիմել է Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի արբիտրաժային դատարան՝ պահանջելով պարտավորեցնել հայկական ավիաընկերությանը վճարել 6808 դոլար պարտքը: Սեպտեմբերի 2-ին դատարանը վարույթ է ընդունել գործը եւ կողմերին հանձնարարել մինչեւ հոկտեմբերի 14-ը ներկայացնել համապատասխան փաստաթղթեր, մասնավորապես՝ պատասխանող «Ֆլայ Արնան» պետք է գրավոր արձագանք ներկայացներ իր դեմ հայցին՝ իրավական հիմնավորմամբ եւ առարկությունը հաստատող բոլոր ապացույցներով:
Սակայն հոկտեմբերի 21-ին կայացած դատական նիստին հայցվոր կողմը ներկա չի եղել, բացի դրանից՝ պարզվել է, որ պատասխանողը չի ծանուցվել նիստի մասին: Արբիտրաժային դատարանը նիստը հետաձգել է մինչեւ դեկտեմբեր, իսկ այդ ընթացքում դիմել է Երեւանի քաղաքացիական դատարանին, որպեսզի վերջինս ծանուցումը հանձնի «Ֆլայ Արնային»: Դեկտեմբերի 23-ին հայցվորը կրկին չի ներկայացել դատական նիստին, իսկ պատասխանողը մնացել է չծանուցված: ՌԴ արբիտրաժային դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ 2025 թ. ապրիլի 14-ը:
Նկատենք, որ այդ ընթացքում՝ 2024-ի սեպտեմբերի 2-ին, ՀՀ սնանկության դատարան էր դիմել իռլանդական Impact Aviation Services Limited-ը («Ֆլայ Արնայի» օդանավերի վարձատուն)՝ պահանջելով սնանկ ճանաչել հայկական ավիաընկերությանը: 2025 թ. հունվարի 27-ին վերջինս դատարանի վճռով սնանկ է ճանաչվել: Ավելի ուշ՝ մայիսի 12-ին, Սնանկության դատարանը հաստատել է «Ֆլայ Արնայի» պարտատերերի 42 պահանջների վերջնական ցուցակը: Դրանց մեջ «Պուլկովոյի բեռնային համալիր» բաժնետիրական ընկերության պահանջը բացակայում է:
Ապրիլի 14-ին կայացած նիստում ՌԴ արբիտրաժային դատարանը նորից արձանագրել է հայցվորի բացակայությունն ու այն հանգամանքը, որ պատասխանող «Ֆլայ Արնան» դեռեւս չի ծանուցվել իր դեմ ներկայացված հայցի եւ դատական նիստի մասին: Հերթական անգամ ՌԴ դատարանը գործի քննությունը հետաձգել է մինչեւ հուլիսի 28-ը:
«Ազդարար» համակարգից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքացիական դատարանը, ի կատարումն ՌԴ արբիտրաժային դատարանի հանձնարարության, երկու անգամ՝ մայիսին եւ հուլիսին, «Ֆլայ Արնային» ծանուցել է դատարանի Արաբկիրի նստավայր ներկայանելու մասին: Սակայն «Ֆլայ Արնային» ուղղված ծանուցումները որեւէ արդյունք չեն տալու, քանի որ վերջինս վաղուց լքել է այն հասցեն («Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP շենքը), որտեղ գործում էր եւ իրավաբանորեն գրանցված էր:
Սրան զուգահեռ ՀՀ սնանկության դատարանում ընթացող սնանկության վարույթով նոր զարգացում է եղել՝ հուլիսի 7-ին դատարանը որոշել է սկսել «Ֆլայ Արնայի» լուծարման վարույթ: Դատարանը կասեցրել է ընկերության գործունեությունը, ինչպես նաեւ գույքն անձամբ կառավարելու եւ տնօրինելու բոլոր իրավունքները, իսկ սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանին հանձնարարել է արգելադրել «Ֆլայ Արնայի» գույքը:
Փաստորեն, քանի դեռ ՌԴ արբիտրաժային դատարանը Երեւանի քաղաքացիական դատարանի միջոցով փորձում է ծանուցել «Ֆլայ Արնային» ՌԴ-ում ընթացող դատական գործի մասին, Հայաստանում՝ Սնանկության դատարանում, այս ավիաընկերությունը սնանկ է ճանաչվում, ապա սկսվում է նրա լուծարման վարույթ:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնային» ծանուցելու խնդիր ունեցել է նաեւ ՀՀ սնանկության դատարանը: Այսպես՝ երբ նախորդ տարվա սեպտեմբերին այս դատարանը վարույթ էր ընդունել ավիաընկերությանը սնանկ ճանաչելու վերաբերյալ իռլանդական Impact Aviation Services Limited-ի դիմումը, համապատասխան որոշումն ու մնացած փաստաթղթերը ուղարկել էր «Ֆլայ Արնայի» հասցեով՝ «Զվարթնոց» օդանավակայանի նախկին VIP շենք, որպեսզի ընկերությունը սահմանված ժամկետում հնարավորություն ունենար վիճարկել սնանկությունը, սակայն փոստային առաքումն իրականացնող ընկերության կողմից փաստաթղթերը հետ էին վերադարձվել «չպահանջված» պատճառաբանությամբ, այսինքն՝ հնարավոր չէր եղել դրանք հանձնել «Ֆլայ Արնային»:
Հաշվի առնելով, որ դատավարական փաստաթղթերը հետ էին վերադարձվել դատարան, ու պարտապանի գտնվելու վայրը բացահայտել չէր ստացվել՝ Սնանկության դատարանը «Ֆլայ Արնայի», դրա տնօրենի, գույքի, ինչպես նաեւ հաշվապահական փաստաթղթերի նկատմամբ 2024-ի հոկտեմբերին հայտարարել էր հետախուզում: Հարցն այն է, որ «Ֆլայ Արնայի» կառավարիչ ընկերությունը դրա 49 տոկոսի բաժնետեր Air Arabia-ն է, որը նաեւ ավիափոխադրողին սնանկ ճանաչելու համար դիմած Impact Aviation Services Limited-ի մայր ընկերությունն է, իսկ «Ֆլայ Արնայի» առաջին ու վերջին տնօրենն Air Arabia-ի ներկայացուցիչ Էնթոնի Փրայսն էր, որը, ըստ ավիաընկերության նախկին աշխատակիցների, Հայաստանից հեռացել էր դեռ 2024-ի ապրիլին, իսկ դրանից հետո «Ֆլայ Արնայի» բաժնետերերը՝ Air Arabia-ն ու ԱՆԻՖ-ը/ՀՀ կառավարությունը, համաձայնության չէին եկել նոր տնօրեն նշանակելու հարցում: Այսինքն՝ «Ֆլայ Արնան» տեւական ժամանակ չունի ո՛չ տնօրեն, ո՛չ գործող հասցե:
Սնանկության դատարանի հայտարարած հետախուզման շրջանակներում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փորձերը եւս անհաջող էին՝ չէր հաջողվել գտնել ավիաընկերության տնօրենին, գույքն ու հաշվապահական փաստաթղթերը: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Սնանկության դատարանը 2024 թ. դեկտեմբերին որոշել էր վարույթը շարունակել պարզեցված ընթացակարգով, ինչի արդյունքում 2025 թ. հունվարի 27-ին «Ֆլայ Արնան» սնանկ էր ճանաչվել:
Ինչպես տեսնում ենք, ավիաընկերությանը ծանուցում հասցնելու նույն խնդիրներին բախվում են ՌԴ արբիտրաժային դատարանը եւ դրա հանձնարարականը կատարող Երեւանի քաղաքացիական դատարանը:
Քանի որ «Ֆլայ Արնան» սնանկ է ճանաչված, եւ արդեն լուծարման վարույթում է, միակ հնարավոր լուծումն այն է, որ նրա հանդեպ պահանջ ունեցող «Պուլկովոյի բեռնային համալիր» բաժնետիրական ընկերությունը դիմի ՀՀ սնանկության դատարան եւ փորձի ընդգրկվել պարտատերերի ցանկում: Չնայած, հաշվի առնելով «Ֆլայ Արնայի» անորոշ գույքային դրությունը եւ պարտատերերի թիվն ու պահանջների չափը, դեռ մեծ հարց է, թե արդյոք ռուսական ընկերությունը կկարողանա ստանալ իր պարտքը:
Լուսանկարում՝ «Ֆլայ Արնայի» Airbus A320 տիպի նախկին ինքնաթիռներից մեկը (ՀՀ գրանցումը՝ EK-YRB)՝ Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում, 04.01.2024, հեղ.՝ Ալեքսանդր Տարասենկով, jetphotos.com
Մեկնաբանել