
Մոլդովայի ԿԸՀ-ն ռուսամետ «Հաղթանակ» դաշինքին չի թույլատրել մասնակցել խորհրդարանական ընտրություններին
Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել ռուսամետ «Հաղթանակ» դաշինքին՝ սեպտեմբերի 28-ին այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Այդ մասին հայտնում է Point պարբերականը։
Ինչպես նշվում է, հիմք են հանդիսացել ներկայացված փաստաթղթերում հայտնաբերված խախտումները, ինչպես նաև ընտրական օրենսդրության պահանջներին անհամապատասխանությունը: Մասնավորապես, դաշինքի առաջնորդները և անդամները ԿԸՀ չեն ներկայացրել Մոսկվա իրենց ուղևորությունների ժամանակ ծախսերի մասին հաշվետվություններ, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ։
«Օտարերկրյա պետության տարածքում առանց ընտրական մարմինների վերահսկողության, օտարերկրյա կառույցների մասնակցությամբ և լոգիստիկ աջակցությամբ համագումարի անցկացումը հիմնավոր կասկածներ է առաջացնում ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, և դա հակասում է ազգային օրենսդրությանը»,- նշվում է Մոլդովայի ԿԸՀ հայտարարության մեջ։
«Հաղթանակ» դաշինքը ռուսամետ ընդդիմադիր քաղաքական կոալիցիա է Մոլդովայում, որն ստեղծվել է 2024 թվականի ապրիլին Մոսկվայում։ Հիմնադիրը Մոլդովայից Ռուսաստան փախած օլիգարխ Իլան Շորն է, որը Մոլդովայում դատապարտվել է 15 տարի ազատազրկման։ Նրա քաղաքական ծրագրի հիմնական կետերից են Մոլդովայի արևմտամետ քաղաքական կուրսի քննադատությունը, եվրասիական ինտեգրումը և ԵԱՏՄ անդամակցությունը, ինչպես նաև Ռուսաստանի հետ միությունը։
Լուսանկարը՝ РИА Новости-ի
Մեկնաբանել