
Սնանկ ճանաչված «Ֆլայ Արնան» կլուծարվի
«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն, որն առավել հայտնի է «Ֆլայ Արնա» ապրանքանիշով, կլուծարվի: Սնանկության դատարանը, որն ավիաընկերությանը սնանկ էր ճանաչել այս տարվա հունվարի 27-ին, որոշել է սկսել ՓԲԸ-ի լուծարման վարույթ:
Սա նշանակում է, որ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը արգելադրվելու է, ապա իրացվելու սնանկության աճուրդում: Գոյացած միջոցներով հնարավորինս մարվելու են պարտատերերի պահանջները, իսկ այս գործընթացի ավարտին կհայտարարվի «Ֆլայ Արնայի» լուծարման մասին: Ինչպես արդեն գրել ենք, մայիսի 12-ին դատարանը հաստատել է պարտատերերի 42 պահանջների վերջնական ցուցակը:
Պարտատերերը գլխավորապես ֆիզիկական անձինք են՝ «Ֆլայ Արնայի» նախկին աշխատակիցները, որոնց աշխատավարձերն այդպես էլ չվճարվեցին: Վերջիններիս պահանջների չափը տատանվում է 625 հազարից մինչեւ 11 մլն դրամի սահմաններում: Նախկին աշխատակիցների պահանջները, ինչպես սահմանված է «Սնանկության մասին» օրենքում, ընդգրկված են «գ» հերթում:
Պարտատերերի մեջ կան նաեւ մի քանի ընկերություններ՝ հայկական ու արտասահմանյան, այդ թվում՝ «Ֆլայ Արնայի» օդանավերի վարձատու իռլանդական Impact Aviation Services Limited-ը (ընդհանուր պահանջի չափը՝ շուրջ 780 հազ. դոլար), որի պահանջով էլ ավիափոխադրողը սնանկ է ճանաչվել, ինչպես նաեւ ավիացիոն ոլորտին ՏՏ ծառայություններ մատուցող արաբական Information Systems Associates FZE-ն (628 հազ. դոլար): Սրանք երկուսն էլ Air Arabia-ի դուստր ընկերություններ են:
Մյուս կողմից՝ հայտնի է, որ «Ֆլայ Արնայի» 49 տոկոսն էլ պատկանում է Air Arabia-ի մեկ այլ դուստր ձեռնարկության՝ արաբական International Business Company (FZE)-ին, եւս 49 տոկոս պատկանում է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին (ԱՆԻՖ), իսկ մնացած 2 տոկոսի տերը լիբանանահայ տնտեսագետ, գործարար Վարուժան Ներգիզյանն է: Բացի դրանից՝ «Ֆլայ Արնան» կառավարող ընկերությունը եղել է հենց Air Arabia-ն: Այսինքն՝ վերջինս իր իռլանդական դստեր միջոցով սնանկության է տարել հայ-արաբական ավիաընկերությանը, որի կառավարիչը հենց ինքն էր, սակայն կառավարման հարցերի շուրջ 2023-ի աշնանից հակասության մեջ էր հայկական կողմի (ԱՆԻՖ/ՀՀ կառավարություն) հետ:
Եվ չնայած Air Arabia-ի՝ պարտատեր հանդիսացող վերոնշյալ երկու դուստր ընկերություններն ամենախոշոր պահանջներն ունեն «Ֆլայ Արնայից», նրանց պահանջներն ընդգրկվել են ավիաընկերության նախկին աշխատակիցներից ավելի ցածր՝ «է» հերթում: Սա նշանակում է, որ մինչեւ աշխատողների պահանջներն ամբողջությամբ չբավարարվեն, հերթը չի հասնի Air Arabia-ի դուստրերին: Այլ հարց է, թե արդյոք «Ֆլայ Արնան» այնքան գույք ունի, որի իրացումից հնարավոր կլինի միջոցներ հայթայթել՝ պարտատերերի պահանջները բավարարելու համար:
Հունիսի 20-ին կայացել է պարտատերերի առաջին ժողովը: Դրանից հետո՝ հուլիսի 7-ին, Սնանկության դատարանը որոշել է սկսել «Ֆլայ Արնայի» լուծարման վարույթ՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սահմանված ժամկետում (մինչեւ պարտատերերի առաջին ժողովը) ավիաընկերության ֆինանսական առողջացման ծրագիր չի ներկայացվել:
Դատարանը կասեցրել է ընկերության գործունեությունը, ինչպես նաեւ գույքն անձամբ կառավարելու եւ տնօրինելու բոլոր իրավունքները, իսկ սնանկության գործով կառավարիչ Սոֆյա Դավթյանին հանձնարարել է արգելադրել «Ֆլայ Արնայի» գույքը: Սա այն սցենարն է, որը կանխատեսել էինք նաեւ մենք, քանի որ ամեն ինչ գնում էր դրան (գրել էինք, որ «Ֆլայ Արնայի» բաժնետերերը՝ առաջին հերթին Air Arabia-ն ու ՀՀ կառավարությունը, վստահաբար, ցանկանում են ազատվել միմյանց միջեւ կռվախնձոր դարձած ու երրորդ անձանց պարտքեր կուտակած ընկերությունից):
Նկատենք, որ հունվարի 27-ին կայացված սնանկության վճռից առաջ եւ հետո «Ֆլայ Արնայից» որեւէ արձագանք այդպես էլ չի եղել, այդ թվում՝ ընկերությունը չի բողոքարկել իր սնանկությունը: Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընկերությունը 2024-ի գարնանից չուներ կառավարիչ. այդ տարվա մարտին «Ֆլայ Արնայի» աշխատողները ծանուցումներ էին ստացել այն մասին, որ մայիսին պայմանագրերը լուծվելու են, իսկ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Էնթոնի Փրայսը, որը Air Arabia-ի ներկայացուցիչն էր, ապրիլի վերջին հեռացել էր Հայաստանից, այլ կերպ ասած՝ արաբական կողմը հրաժարվել էր ավիափոխադրողի կառավարումից, եւ հայկական ու արաբական բաժնետերերն այդպես էլ համաձայնության չեկան նոր տնօրեն նշանակելու հարցում:
Սա նշանակում է, որ դատարանի կողմից ընկերության գործունեությունը, ինչպես նաեւ գույքն անձամբ կառավարելու եւ տնօրինելու բոլոր իրավունքները կասեցնելու որոշումն առաջին հերթին զուտ օրենքի պահանջ է, իսկ գործնականում «Ֆլայ Արնան» 2024-ի գարնանից «օդից կախված» վիճակում է՝ առանց տնօրենի ու կառավարչի:
Լուսանկարը՝ «Ֆլայ Արնայի» ֆեյսբուքյան էջից, հեղ.՝ Տիգրան Չախմախչյան
Մեկնաբանել