
Արարատի համայնքապետարանը 674 մլն դրամի պայմանագրեր է կնքել ավագանու անդամի եղբոր ընկերության հետ
2025 թվականի մայիսի 23-ին Արարատի համայնքապետարանը պայմանագիր է կնքել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 115 մլն 716 հազար դրամ է։
Համաձայն պայմանագրի՝ ընկերությունը պետք է իրականացնի Արարատ համայնքի Արմաշ բնակավայրի 3 փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով։ Առաջին փուլում ասֆալտապատվելու են Արմաշ բնակավայրի Անկախության փողոցը և Հանրապետության փողոցի առաջին և երկրորդ հատվածները, իսկ երկրորդ փուլում՝ Հայիրյան փողոցը։
«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատերը Ստեփան Վարդանյանն է։ Նա Արարատ համայնքի ավագանու նախկին անդամ Սամվել Վարդանյանի եղբայրն է։
Սամվել Վարդանյանն ավագանու անդամ է ընտրվել 2021 թվականին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։ Նա ավագանու անդամի մանդատը վայր է դրել նախորդ ամիս։
Ըստ պետական գնումների «Armeps» հարթակի՝ 2022-2025 թվականներին, երբ Սամվել Վարդանյանը ավագանու անդամ էր, Արարատի համայնքապետարանը նրա եղբորը պատկանող ընկերության հետ 12 պայմանագիր է կնքել։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը 674 մլն 690 հազար դրամ է։
«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն իրականացրել է ասֆալտապատման, փոսերի նորոգման և ջրագծերի կառուցման աշխատանքներ։
«Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին։ Ընկերությունը մինչև 2000 թվականն ունեցել է «Տիգրան 1» անունը։ Ստեփան Վարդանյանը 1999 թվականին դուրս է եկել ըներությունից։ 2008 թվականին նա կրկին դարձել է «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի սեփականատեր։ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը 322 մլն դրամ է։
Բացի Արարատի համայնքապետարանից, «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն պայմանագրեր է կնքել նաև Վեդու և Արտաշատի համայնքապետարանների, Տարածքային զարգացման հիմնադրամի, ՏԿԵ և ԲՏԱ նախարարությունների հետ։ «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ի պետական գերատեսչությունների հետ կնքած պայմանագրերի քանակը 37 է։ Դրանցից որոշների գինը գերազանցում է 1 մլրդ դրամը։
«Հետքի» հետ զրույցում Սամվել Վարդանյանը նշեց, որ ինքն այստեղ շահերի բախում չի տեսնում։
«Ի՞նչ շահերի բախման մասին է խոսքը։ Արարատում այս տարի 8 մրցույթ է եղել, որից երկուսում է հաղթել «Արարատ-ճանշին» ՍՊԸ-ն։ Եթե բոլոր մրցույթներում հաղթեր, դա կլիներ շահերի բախում»,- ասաց Վարդանյանը։
Նա նաև նշեց, որ ընկերությունը պատկանում է եղբորը, և ինքը պարզապես աշխատում է այդ ընկերությունում։
«Հանրային ծառայությունների մասին» օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է իր վերադասին ներկայացնի շահերի բախման վերաբերյալ հայտարարություն։ Վերադաս չունենալու դեպքում, պաշտոնյան շահերի բախման վերաբերյալ հայտարարությունը պետք է ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։
Մեկնաբանել