
Սիրիական բանակը հետ է քաշում իր ուժերը Սուեյդա քաղաքից
Սիրիայի բանակը սկսել է Սուեյդա քաղաքից իր ստորաբաժանումների հետքաշումը, որը գտնվում է Սիրիայի հարավ-արևմուտքում։ Այդ մասին հայտնում է Sham FM ռադիոկայանը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ռադիոկայանի զրուցակցի խոսքով՝ զորքերի հետքաշումը սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքում «տեղակայվել են ներքին անվտանգության տեղական ուժերը»։ Հավանաբար, խոսքը դրուզների մասին է։ Ալ-Սուեյդա նահանգում նրանք կազմում են բնակչության մեծամասնությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սուեյդայում տեղի էին ունեցել բախումներ դրուզների և բեդուինների միջև։ Դրուզներին աջակցում է Իսրայելի կառավարությունը, իսկ բեդուիններին՝ Սիրիայի կառավարության աջակցությունն ունեցող խմբավորումները։ Այդ ֆոնին, նախօրեին Իսրայելն ավիահարվածներ էր հասցրել Դամասկոսին, այդ թվում՝ Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբի շենքին։
Սիրիայի գործող ղեկավար Ահմեդ աշ-Շարայան իսրայելական հարվածներից հետո ուղերձով դիմել էր սիրիացիներին։ Նա հայտարարել էր, որ Սիրիայի ժողովուրդը չի վախենում պատերազմից և պատրաստ է կռվել, «եթե նրա պատվին սպառնալիք լինի»։
«Մենք այն մարդկանցից չենք, որոնք վախենում են պատերազմից։ Մենք մեր կյանքը նվիրել ենք դժվարությունների հաղթահարմանն ու մեր ժողովրդի պաշտպանությանը»,- Սիրիայի առաջնորդի խոսքերը մեջբերել է Reuters գործակալությունը։
Նախօրեին իսրայելական հարվածների հետևանքով Սիրիայում տուժել էր ավելի քան 30 մարդ։ Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ն Իսրայելին կոչ էր արել դադարեցնել հարվածները։ Հուլիսի 16-ին էլ դրուզները և Սիրիայի կառավարությունը պայմանավորվել էին հրադադարի շուրջ։
Լուսանկարը՝ AP գործակալության
Մեկնաբանել