
Ուկրաինան նոր վարչապետ ունի
Ուկրաինայի Գերագույն ռադան հաստատել է Յուլյա Սվիրիդենկոյի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։ Ինչպես հայտնում է УНIАН-ը, նրա օգտին քվեարկել է 262 պատգամավոր, դեմ՝ 22-ը, ձեռնպահ՝ 26-ը։ 22 պատգամավոր էլ չի մասնակցել քվեարկությանը։
Սվիրիդենկոն, որը 2021 թվականից զբաղեցնում է առաջին փոխվարչապետի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, այդ պաշտոնում կփոխարինի Դենիս Շմիգալին, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր վերջին հինգ տարիներին։
Նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռադային առաջարկել է Շմիգալին նշանակել պաշտպանության նախարարի պաշտոնում։ Թե ինչ պաշտոն կզբաղեցնի Ռուստեմ Ումերովը, դեռ հայտնի չէ։ Ավելի վաղ, նշվում էր, որ նա կարող է դառնալ ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպանը, սակայն ներկայումս նոր անուններ են շրջանառվում։
Հետաքրքրական է, որ նախարարների մեծ մասը կպահի պաշտոնը, ոմանք էլ կփոխարինեն միմյանց, որոշ նախարարություններ էլ կմիավորվեն։ Այսպես, Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը կմիանա Արդյունաբերության ռազմավարական ճյուղերի հարցերով նախարարությունը։ Դրա ղեկավար Գերման Սմետանինը կարող է գլխավորել Укроборонпром-ը։
Զելենսկիի խոսքով՝ նոր կառավարության առաջնահերթությունը կլինի սպառազինության սեփական արտադրությունը, ինչպես նաև գործընկեր երկրների հետ պաշտպանական նախագծերի զարգացումը։
Լուսանկարը՝ AP գործակալության
Մեկնաբանել