
Արցախյան վերջին մարտերը. Հարավի աշխարհազորային գումարտակը
2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց արցախյան շփման գծի ողջ երկայնքով։ Հարձակումը տարբեր հատվածներում սկսվեց գրեթե միաժամանակ՝ ժամը 13:00-13:15-ն ընկած հատվածում։ Սակայն, մինչ հարձակումը սկսելը, հակառակորդը փորձել է գրավել Հարավ գյուղի մոտակայքում գտնվող դիրքերը։
Հարավի դիրքերը գրավելու նպատակը Մարտունու շրջանը մայրաքաղաք Ստեփանակերտից կտրելն էր։ Եթե օպերացիան պսակվեր հաջողությամբ, և գրավվեր Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհին գտնվող Հարավի խաչմերուկը, Մարտունու շրջանի կապը Ստեփանակերտի և Արցախի մյուս շրջանների հետ մասնակի կկտրվեր։
Մարտունին Արցախի մնացյալ շրջաններին կապված էր երկու ճանապարհով՝ Մարտունի-Ստեփանակերտ և Կարմիր Շուկա-Ստեփանակերտ։
Հարավ գյուղից Ասկերան ընկած հատվածում գտնվող 401-413 մարտական դիրքերի պաշտպանությունը իրականացնում էին Ասկերանի պաշտպանական բրիգադի առաջին գումարտակը և Հարավի աշխարհազորային գումարտակը համատեղ։
Առաջին գումարտակի հրամանատարը Խաչիկ Գինոսյանն էր, աշխարհազորային գումարտակի հրամանատարը՝ Համլետ Գասպարյանը։ Հարավի աշխարհազորային գումարտակն իրականացնում էր 403-Ա, 404, 407, 407-Ա և 408 դիրքերի պահպանությունը։
Հարավի աշխարհազորային գումարտակի կազմավորումը սկսվել էր 2020 թվականի վերջից։ Պաշտպանության բանակի հրամանատարի աշխարհազորի գծով տեղակալ Կարեն Մաթևոսյանի առաջարկով Համլետ Գասպարյանը կամավորների էր հավաքագրել։
«Մաթևոյան Կարենն ասաց՝ ուզում ենք աշխարհազոր ստեղծենք, որպեսզի կարողանանք մեր գյուղերը պահենք։ Ասացի` խնդիր չկա, ի՞նչ պիտի անենք։ Ասացին` պիտի մարդիկ հավաքենք։ Գնացի մեր գյուղ՝ Հարավ, որոշեցի էնտեղից սկսել։ Մի քանի օրվա ընթացքում գյուղում ինչքան տղամարդ կար՝ մինչև 60 տարեկան, հավաքվեցին։ Դարձանք աշխարհազորային վաշտ»,- պատմում է գումարտակի հրամանատարը։
Գումարտակի անձնակազմը ժանանակի ընթացքում համալրվել է, և 2023-ի սեպտեմբերի անձնակազմի թիվը 150-ի էր հասնում։ Գումարտակում ծառայում էին Սարուշեն, Դահրավ, Հացի, Մյուրիշեն, Ավդուռ, Կաղարծի և Ննգի գյուղերի աշխարհազորայինները։
«2020-ից մինչև 2023 թվականը կարողացել էինք զորքին պատրաստել էն աստիճանի, որ կարող էինք դիմադրել։ Չորրորդ (Ասկերանի) բրիգադի օգնությամբ, աշխարհազորի ուժերով կարողացանք դիրքերը նորմալ կահավորել։ Կառուցեցինք երկրորդ բնագիծ, որի շնորհիվ էր, որ 2023 թվականի հարձական օրը քիչ զոհ ու վիրավոր տվեցինք»,- պատմում է գումարտակի հրամանատարը։
Հարավի աշխարհազորային գումարտակի շտաբի պետը Հարավի դպրոցի տնօրեն Հակոբ Մինասյանն էր։ Գումարտակի սպաների մի մասն էլ դպրոցի ուսուցիչներն էին։ Պատմության ուսուցիչը՝ Ասլան Օհանջանյանը, գումարտակի հրամանատարի բարոյահոգեբանական գծով տեղակալն էր, ռազմագիտության ուսուցիչը՝ վաշտերից մեկի հրամանատարը։
Գումարտակի մշտական տեղակայման վայրը Հարավ գյուղն էր։ Գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա էր գտնվում գումարտակի հրամանատարական դիտակետը։
Գումարտակում, բացի հրաձգային ստորաբաժանումներից, կային նաև ականանետային մարտկոց և ԱԹՍ-ների ջոկ։ Ականանետային մարտկոցի երկու դասակները տեղակայված էին միմյանցից մոտ մեկ կիլոմետր հեռավորությամբ։ Դրա նպատակը մարտկոցն ավելի քիչ խոցելի դարձնելն էր և կրակի ավելի մեծ շառավիղ ապահովելը։ Մարտկոցի երկու դասակները տեղակայված էին 406 և 407 դիրքերի հետևում։
Գումարտակն ուներ երեք անօդաչու թռչող սարք։ Դրանցից երկուսը 2023-ի սեպտեմբերի 19-ի մարտական գործողությունների ընթացքում շարքից դուրս էին եկել, երրորդի օգնությամբ շտաբի պետը դիտարկում էր Հարավ գյուղի հատվածում ամբողջ շփման գիծը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ի առավոտյան՝ ժամը 9:30-ի մոտակայքում, ադրբեջանական զինված ուժերը հետևակի ուժերով հարձակվել են գյուղի դիմաց գտնվող 406 դիրքի վրա։
Եթե այդ դիրքը հակառակորդը գրավեր, կկարողանար մտնել գյուղ և այնտեղից էլ շարժվել Հարավի խաչմերուկ։ Այս դիրքում Ասկերանի բրիգադի առաջին գումարտակի զինծառայողներն էին։ Նրանք կարողացել են դիմագրավել հակառակորդի հարձակմանը։ Ադրբեջանցիները, տալով զոհեր և վիրավորներ, հետ են քաշվել։
«Իմանալով հարձակման մասին՝ աշխարհազորային գումարտակից վեց հոգու իմ տեղակալի հետ ուղարկեցի, որ գնան ու դիրքավորվեն 406-ի հետևում, որ հակառակորդը չկարողանա շրջանցել և հետևից մոտենալ դիրքին»,- ասում է Համլետ Գասպարյանը։
Մոտ մեկ ժամ տևած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել։
Երբ իրավիճակը Հարավ գյուղի դիրքերում կայունացել է, 406 դիրք են ժամանել ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարի երկու տեղակալները և Հարավի աշխարհազորային գումարտակի հրամանատարը։
406 մարտական դիրքը գտնվում էր դժվարանցանելի հատվածում, և խաղաղապահների մեքենան չի կարողացել դիրք բարձրանալ։ Խաղաղապահ զորախմբի հարամանատարի տեղակալի վարորդը մեքենան կանգնեցրել է բլրի վրա գտնվող 406 մարտական դիրքի ստորոտում։ Ժամը մեկի մոտակայքում ռուս զինվորականները, իրավիճակին ծանոթանալուց հետո, պատրաստվում էին իջնել դիրքից, երբ սկսվում է ադրբեջանական լայնածավալ հարձակումը՝ արցախյան շփման գծի ողջ երկայնքով։
Մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանցիները գերի են վերցրել խաղաղապահների հրամանատարի տեղակալի վարորդին և տարել Ակնա (Աղդամ)։ Միայն մարտական գործողությունների ավարտից հետո են ադրբեջանցիները բաց թողել նրան։
Մինչև երեկո աշխարհազորային գումարտակն ակտիվ դիմադրություն է ցույց տվել հակառակորդին՝ պատճառելով կորուստներ։ Երեկոյան ինտենսիվ հրետակոծության և զինամթերքի սղության պատճառով որոշում է կայացվել նահանջել երկրորդ բնագիծ և այնտեղից կազմակերպել դիմադրությունը։
Հակառակորդի փորձերը՝ ճեղքել բնագիծը Հարավի ուղղությամբ, չեն հաջողել։ Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ի կեսօրին, հաստատվել է հրադադար։
Մեկօրյա մարտերի ընթացքում Հարավ գյուղի հատվածում զոհվել է երեք զինծառայող՝ երկուսը՝ աշխարհազորային գումարտակից, մեկը՝ Ասկերանի բրիգադի առաջին գումարտակից։ Մարտերում զոհվել են Միքայել Բալայանը (406 դիրքում), Արմեն Աբրահամյանը (407-Ա դիրքում) և Վիտալի Սարգսյանը (403 դիրքում)։
Մեկնաբանել