
180 քրեական գործ. Արտուշ Գաբրիելյանի «ժառանգությունը» և նոր դատավորների բեռը՝ վաղեմության շեմին գտնվող գործերով
Ապրիլի 29-ին Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ իրականացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ։ Այդ օրը Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում ընթանում էր 44-օրյա պատերազմի վերաբերյալ գործերից մեկը, որը նախագահում էր դատավորը։
Դատական նիստն ընդմիջվեց, քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական գործողություններ էր իրականացնում դատարանում։ Արտուշ Գաբրիելյանին դատարանից քննիչները տարան, դրանից հետո Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) կասեցրեց դատավորի լիազորությունները և Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տվեց։ Գաբրիելյանին մեղադրանք առաջադրվեց՝ կաշառք ստանալու հատկանիշով։ Նա երկու ամսով կալանավորվեց։ Հունիսի 27-ին Գաբրիելյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում եղել է 180 քրեական գործ։ Հունիսի 20-ի դրությամբ՝ այդ գործերից 64-ն արդեն իսկ մակագրվել է այլ դատավորների։ Վերաբաշխվածներից 51-ը ծավալուն գործեր են, մնացած 13-ը վերաբերում է միջնորդություններին, որոնցից 7-ը նախաքննական, հետաքննական մարմնի գործողությունների դեմ բողոքի միջնորդություններ են, 2-ը՝ պատժի փոփոխության, մեկը՝ դատական հանձնարարությունների, մյուս երեքն այլ միջնորդություններ են։
Ինչ բնույթի գործեր են դրանք
«Հետք»-ն ուսումնասիրել է վերաբաշխված գործերը և պարզել, որ դրանց մեծ մասը հափշտակություններին և թմրամիջոցների ձեռքբերմանն ու իրացմանն է վերաբերում։ Առողջությանը միջին կամ ծանր վնաս պատճառելու դեպքով գործերը 7-ն են, սպանության դեպքով՝ 6-ը։ Առանձնացրել ենք մի քանի գործ, որոնք վաղեմության ժամկետի խնդիր ունեն։
Ոստիկանության աշխատակիցները նախկինում գողության համար դատապարտվածին համոզել են կրկին գողություն կատարել
Վերամակագրված գործերից մեկը վերաբերում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։
Մկրտիչ Վարոսյանը, զբաղեցնելով Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի պաշտոնը, 2020թ. փետրվարին բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանի միջոցով ծանոթացել է նախկինում գողության համար դատապարտված և 2018թ. նոյեմբերի 11-ին պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ։
Ոստիկանության բաժանմունքի պետը, անցելով իր պաշտոնեական լիազորությունները, համոզել է Էդգար Գևորգյանին իրենց բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու, պարգևատրումներ ստանալու նպատակով չնչին վարձատրության դիմաց կատարել գողություն։ Բացի այդ, բաժանմունքի պետը խոստացել է համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց, այդ հիմքով Էդգար Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության, և գողոնը թողնել նրա տնօրինման ներքո։
Վայելելով Դավթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանի, պետի տեղակալ Արայիկ Ղազարյանի, քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանի հովանավորությունը՝ Էդգար Գևորգյանը 2019թ. սեպտեմբերի 5-ից մինչև 2020թ. մարտի 19-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում ավտոմեքենաներից կատարել է ընդհանուր 15 դրվագ գաղտնի հափշտակություններ և գաղտնի հափշտակությունների փորձեր։ Նշված դեպքերի առթիվ նախապատրաստվել են նյութեր, կայացվել որոշում՝ Էդգար Գևորգյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելը բողոքի բացակայության հիմքով մերժելու մասին։
Այժմ Ոստիկանության աշխատակիցները մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դրվագներով։
Քանի որ մեղսագրվող արարքը միջին ծանրության է, հետևաբար այս գործն ունի վաղեմության ժամկետի խնդիր։ Միջին ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից վաղեմության ժամկետը 5 տարի է։
Այս գործը դատավոր Արտակ Կարապետյանին է վերամակագրվել։
Գործ, որ դատավորի լիազորությունների դադարեցման և քրեական հետապնդման պատճառ դարձավ
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում դեռևս 2011թ.-ից եղել է մի գործ, որը վերաբերել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը։ Ըստ Դատալեքսի տվյալների՝ 2009թ. հոկտեմբեր ամսից մինչև 2011թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքում մի խումբ անձինք կատարել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։
Այս գործով 7 մեղադրյալ կա։ Նրանցից 4-ը նախկինում արդեն դատապարտված են եղել։
Սա այն գործն է, որը, ըստ էության, դատավորի լիազորությունների դադարեցման և քրեական հետապնդման պատճառ դարձավ։
Այս քրեական գործը դատարան է ուղարկվել 2011թ. մարտի 23-ին, դրանից 5 ամիս հետո դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշում է կայացրել քրեական գործն ամբաստանյալ Զոհրաբ Յեզգատյանի մասով կասեցնելու մասին՝ վերջինիս խրոնիկ հիվանդությամբ տառապելու հիմքով:
Սակայն, 2023թ. հունիսի 30-ին, այսինքն՝ քրեական գործն ամբաստանյալի մասով կասեցնելու որոշումից 12 տարի անց, դատավորը որոշել է Զոհրաբ Յեզգատյանի վերաբերյալ կասեցված վարույթը վերսկսել և նախնական դատալսումներ նշանակել։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվելու հիմքով այս քրեական գործը 2025թ. մայիսի 29-ին վերամակագրվել և հաջորդ օրը հանձնվել դատավոր Ռոման Սմբատյանին:
Այժմ Արտուշ Գաբրիելյանը մեղադրվում է նրանում, որ, զբաղեցնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի պաշտոնը, իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ ապօրինի գործողություններ կատարելու և անգործություն դրսևորելու համար, Գալուստ Խուրշուդյանի օժանդակությամբ Զոհրաբ Սիխարուլիձեից (Յեզգատյան) պահանջել է 10 000 դոլար կաշառք։
Զոհրաբ Յեզգատյանը մեղադրվում է նրանում, որ դատավորի կողմից իր իշխանական և ծառայողական լիազորություններն օգտագործելով՝ իր օգտին ապօրինի գործողությունների և անգործության, այն է՝ արհեստական հիմքերի ստեղծմամբ իր վերաբերյալ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու, դրանով պայմանավորված դատաքննությունն անհարկի ձգձգելու և արդյունքում իրեն մեղսագրվող հանցանքի կատարման հիմքով վաղեմության ժամկետները լրանալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու համար ձեռք է բերել Արտուշ Գաբրիելյանին խոշոր չափերով կաշառք տալու պայմանավորվածություն:
Որպես միջնորդ է հանդիսացել Արտուշ Գաբրիելյանի ընկեր Գալուստ Խուրշուդյանը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Զոհրաբ Սիխարուլիձեից խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Պատերազմին առնչվող գործեր, որոնց քննությունը վտանգված է
Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող 51 վերաբաշխված գործից երկուսը 44-օրյա պատերազմին են առնչվում։ Առաջինը վերաբերում է Մարտունի-3 զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի զինծառայողներին։
2020թ. հոկտեմբերի 11-ին Հադրութի Այգեստան գյուղի տարածքում հակառակորդի դիվերսիոն գործողությունների հետևանքով վաշտի 73 հոգանոց անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։ Զոհվածների ծնողների խոսքով՝ զինծառայողներին հրաման է տրվել գնալ արդեն իսկ գրավված Հադրութ։
Զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանը և ՊԲ օպերատիվ բաժնի պետ Նվեր Մարտիրոսյանը մեղադրվում են անփույթ վերաբերմունքի հետևանքով ծառայողական պարտականությունները չկատարելու մեջ, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:
Գործի քննությունն ընթանում էր առանց հրամանատարների՝ միայն նրանց պաշտպանների մասնակցությամբ։
Մարտունի-3 զորամասի հրամանատարների գործի քննությունը վտանգված է, քանի որ հոկտեմբերին գործի վաղեմության ժամկետը կլրանա։ Զոհվածների ծնողներն անհանգստացած են՝ գործը նոր դատավորին մակագրելու դեպքում, հավանաբար, քննությունը զրոյից կսկսվի։ Եթե այն լրանա, և նույնիսկ գործի քննությունը շարունակվի, մեղադրյալները պատասխանատվություն չեն կրի։
Հրամանատարներին առնչվող գործը վերամակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում գտնվող մյուս գործը կրկին 44-օրյա պատերազմին էր առնչվում։
Գևորգ Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ նա, հանդիսանալով Ցորի զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, կոչման և պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, փախուստի է դիմել կրակային դիրքից։
Ըստ մեղադրանքի՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, Վարանդայի շրջանում գտնվող «Ջուվառլու» տեղամասում հակառակորդի կողմից դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո Գևորգյանը փախուստի է դիմել կրակային դիրքից։ Առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը խուճապի է մատնվել, փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել, համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել են նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի 20 զինծառայողներ։
Այս գործը ևս վերամակագրվել է Հարություն Մանուկյանին։
44-օրյա պատերազմին առնչվող մյուս գործը, հունիսի 20-ի դրությամբ, դեռևս չէր մակագրվել այլ դատավորի։
Այս գործով Մատաղիսի հրամանատար Սևակ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը, խախտել է մարտական հերթապահություն կրելու կանոնները, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել պետության դեմ հարձակումը։ Աբրահամյանն այժմ կալանավորված է։
2024թ. հոկտեմբերի 27-ին դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ՝ այս գործով նիստերը դարձան դռնփակ, քանի որ դատարանը պետք է քններ գաղտնի փաստաթղթեր։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը լրագրողներին խոստացավ, որ փաստաթղթերի զննությունից հետո նիստը կրկին դռնբաց կդարձնի, սակայն դա տեղի չունեցավ։
Քանի որ Սևակ Աբրահամյանին մեղսագրվող արարքը միջին ծանրության հանցագործություն է համարվում, այս գործի վաղեմության ժամկետը ևս 5 տարի է, այսինքն՝ կլրանա սեպտեմբերին։
Այս գործը հունիսի 25-ին վերամակագրվել է դատավոր Հարություն Մանուկյանին։
Մեկնաբանել