
ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը
Եվրոպական միությունն իր աջակցությունն է հայտնում հուլիսի 10-ին Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին ադրբեջանական Report պարբերականի եվրոպական բյուրոյին հայտնել է ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Անիտա Հիպերը։
Նրա խոսքով՝ Եվրամիությունը վճռականորեն աջակցում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: «Ավելի վաղ՝ 2025 թվականի մարտին Եվրամիությունը ողջունել էր Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան՝ ընդգծելով, որ այս հանդիպումը կարևոր քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման ճանապարհին:
«Մենք կոչ ենք անում երկու կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության պայմանագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը։ ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն և խորհրդատվություն տրամադրել, եթե կողմերը խնդրեն այդ մասին»,- հայտարարել է Հիպերը։
Նախօրեին Աբու Դաբիում ընթանում էր Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ։ Կողմերը հանդիպել էին ինչպես ընդլայնված կազմով, այնպես էլ՝ դեմ առ դեմ։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, որ երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել շփումները։ «Երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են, և այդ հիմքով պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել արդյունքին միտված այդպիսի երկխոսությունը»,- ասված էր ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Փաշինյանն ու Ալիևը հանձնարարել էին համապատասխան պետական հանձնաժողովներին շարունակել սահմանազատման գործընթացը։
Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman//File Photo
Մեկնաբանել