HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատավոր Մասիս Մելքոնյանին ԲԴԽ-ն նկատողություն է հայտարարել

Բարձրագույն դատական խորհուրդը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին հայտարարեց նկատողություն։ ԲԴԽ որոշման եզրափակիչ մասն այսօրվա դատական նիստի ժամանակ հրապարակեց ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

Դատավորին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի միջնորդության քննությունը տեղի էր ունեցել երեկ՝ հուլիսի 7-ին։ 

Միջնորդությունը դատարանին ներկայացրել են դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի նախագահ Հովիկ Շահնազարյանը և հանձնաժողովի անդամ Արման Հովհաննիսյանը։

Ըստ միջնորդության՝ 2025թ․ հունվար ամսին Էթիկայի հանձնաժողովը ստացել է Վահրամ Ներսեսյանի հաղորդումը, ըստ որի՝ դատավորը չի պարզաբանել մեղադրյալի լռելու իրավունքը։ «Եթե դատարանն իր պարտականությունները պատշաճ կատարեր և հարցաքննությունը սկսելուց առաջ պարզաբաներ մեղադրյալին օրենքով սահմանված իրավունքները, ապա մեղադրյալը հարցաքննության ընթացքում չէր ընկնի մոլորության մեջ և ստիպված չէր լինի պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ այն հարցերին, որոնք կարող էին վկայել իր դեմ»,- միջնորդությունը ներկայացնելիս ասաց է Արման Հովհաննիսյանը։ 

Երբ մեղադրյալը հրաժարվել է պատասխանել հարցերին, ըստ միջնորդության, Մասիս Մելքոնյանը պարտավորեցրել է պատասխանել՝ նշելով, որ եթե մեղադրյալը որոշել է ցուցմունք տալ, ապա պարտավոր է պատասխանել բոլոր հարցերին։ Դատավորը մեղադրյալին չի նախազգուշացրել նաև ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին։ Այնուհետև մեղադրյալի հարցաքննության հիման վրա նոր վկայի է հարցաքննել։

Դատավոր Մասիս Մելքոնյանը Էթիկայի հանձնաժողովին տրված բացատրությամբ ընդունել է այդ հանգամանքները՝ նշելով, որ շփոթմունք է տեղի ունեցել, և կարծել է, թե գործի քննությունը շարունակելու է նախկին քրեական օրենսգրքի կարգավորումներով, քանի որ գործը դատարան էր հասել նախկին քրեական օրենսգրքի ուժի մեջ եղած ժամանակահատվածում։ Դատավորը նշել է նաև, որ այն պահից, երբ ինքը հասկացել է, որ խախտում է թույլ տվել, շտկել է սխալը, և մեղադրյալին պարզաբանել է իր իրավունքների մասին: Մասիս Մելքոնյանի խոսքով՝ ինքն անթույլատրելի է ճանաչել մեղադրյալի հարցաքննությունը, ապա դատախազի միջնորդության հիման վրա նորից է հարցաքննել նրան:

Սակայն Արման Հովհաննիսյանը հայտարարեց, որ թե՛ հին, թե՛ նոր քրեական օրենսգրքերով մեղադրյալի լռելու իրավունքը եղել է նրա անբաժան իրավունքը։

Նշենք, որ նախկինում Մասիս Մելքոնյանի որոշումներով կալանավորվել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, Ազգային հերոսի կոչմանն արժանացած գեներալ Տիրան Խաչատրյանը։ Բոլորովին վերջերս էլ դատավորի որոշումներով կալանավորվեցին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter