
Ֆրանսիան ազդարարել է Ռուսաստանի դեմ Եվրամիության ամենակոշտ պատժամիջոցների ընդունման մտադրության մասին
Եվրամիությունն առաջիկայում պատրաստվում է Ռուսաստանի դեմ սահմանել 2022 թվականից ի վեր ամենակոշտ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
Վերջինիս խոսքով՝ ԵՄ պատժամիջոցները կսահմանվեն Ֆրանսիայի առաջարկների հիման վրա՝ ամերիկացի կոնգրեսականների հետ համակարգմամբ։ Նոր պատժամիջոցները «ուղղակիորեն կսպառեն այն ռեսուրսները, որոնք Վլադիմիր Պուտինին թույլ են տալիս պատերազմ վարել», և կանդրադառնան Ռուսաստանի նավթային եկամուտներին, ինչպես նաև «Ռուսաստանից և այլ երկրներից ֆինանսական խաղացողների» շահերին:
«Մենք ցանկանում ենք, որ Վլադիմիր Պուտինը վերջապես համաձայնի հրադադարին»,- ընդգծել է Բարոն։
Ինչպես ակնկալվում է ԱՄՆ-ում հուլիսին կքննարկվի Ռուսաստանի նկատմամբ «ջախջախիչ պատժամիջոցների» (ըստ հեղինակների բնորոշման) մասին օրինագիծը: Փաստաթուղթը ենթադրում է ԱՄՆ-ի հետ առևտրի համար 500% մաքսատուրք բոլոր այն երկրների համար, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ չեն օգնում Ուկրաինային։
Եվրամիությունը ռուս-ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր Ռուսաստանի դեմ ընդունել է պատժամիջոցների 17 փաթեթ։
Լուսանկարում՝ Ժան-Նոել Բարոն/Sipa/Bruno Thévenin
Մեկնաբանել