HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Կարապետյանը վարչապետի մամուլի քարտուղարի, աշխատակազմի ղեկավարի տեղակալի դեմ հայց է ներկայացրել

Գործարար, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի դեմ։ Նրանցից յուրաքանչյուրից պահանջում է հրապարակային հերքել զրպարտություն համարվող տվյալները, ինչպես նաև՝ վճարել 9 մլն դրամ դրամ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում։

Նազելի Բաղդասարյանը 2025թ. հունիսի 17-ին և 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն ինքնակոչ սրբադասված է (Մայր Աթոռում նրա նկարի առկայության պատճառով), որն այլ երկրից ստացված հրահանգով խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական կյանքին՝ ՀՀ-ն ծայրագավառ դարձնելու և պետականության դեմ մարտնչելու նպատակով։

Վարչապետի մամուլի խոսնակը նաև հրապարակել է մի նկար, որում պատկերված է եղել նաև Սամվել Կարապետյանը՝ նկատի ունենալով ՀՀ ինքնիշխանության դեմ պայքարող խմբին։ Սամվել Կարապետյանը նշված տեղեկությունները համարում է զրպարտություն։

Բացի այդ, ըստ Ս. Կարապետյանի, Ն. Բաղդասարյանը նաև վիրավորել է իրեն, ինչի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել։ Մասնավորապես՝ վիրավորական են ընկալվել մամուլի քարտուղարի հետևյալ արտահայտությունները. «Չեմ հասկանում՝ հովհարային անջատու՞մ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։… Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների․․․»։

Ինչ վերաբերում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին, ապա վերջինս 2025թ. հունիսի 17-ին, 18-ին, 21-ին և հուլիսի 1-ին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանը հանդիսանում է գործակալ, որ Հայաստան նրա այցը կապված է, այսպես ասված, «գործուղման» և հրապարակումներում նշված հանգամանքների հետ։ «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ի հանդեպ Սամվել Կարապետյանի վերաբերմունքի հետևանքով ՀՀ-ում էներգետիկ ճգնաժամ է և այլն։ Գործարարն այդ տեղեկությունները համարում է զրպարտչական, սուտ և անհիմն, որի համար պահանջում է ներողություն խնդրել:

Սամվել Կարապետյանը վիրավորական է համարել նաև Չախոյանի մի քանի արտահայտություններ, որի համար պահանջում է հրապարակային ներողություն խնդրել, մասնավորապես՝ «Սրբապիղծ «սրբազանների» ու նրանց պաշտպանների համար միշտ էլ փողն է եղել շարժառիթ ու սրբություն», «... պետք է իմանա, որ պետությունն ու քաղաքացիներն էլ թքած ունեն իր վրա», «Սա Հայաստանն է, որտեղ պետության ու պետականության դեմ կռիվ տվողները պետության զորությունը կզգան մռութներին», «Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում», «Մի անգամ միջնորդեց, համը բերանն է մնացել», «Հայաստանը կոշկակարի բուդկա չէ, որ ով պատահի նկարը կպցնի պատերին: Ոչ էլ Կալուգայի Նիժնի Տապռ գեղն է ...»։

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանը 2025թ. հունիսի 19-ին վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» և «Առաջին» լրատվական-վերլուծական (1in TV) ԶԼՄ-ներին տված հարցազրույցներում, ինչպես նաև օրեր անց «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հրապարակային տեղեկություններ է հայտնել այն մասին, որ Սամվել Կարապետյանն իր հայտարարությամբ փորձել է ոչ թե պաշտպանել Հայ առաքելական եկեղեցին, այլ այդ պատրվակով նախատեսել է ՀՀ-ում զբաղվել քաղաքականությամբ՝ այլ ուժերի կառավարմամբ և գործակալական նպատակով՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Ս. Կարապետյանը սա համարել է զրպարտչական, սուտ և անհիմն։

Նա պահանջում է «Ֆեյսբուք» սոցիալական կայքում հերքման տեքստը տեղադրելու անհնարինության դեպքում՝ պարտավորեցնել Նազելի Բաղդասարյանին, Տարոն Չախոյանին և Հարություն Մկրտչյանին վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հանդես գալ հերքմամբ առնվազն 5000 տպաքանակ և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում սպառում ունեցող որևէ տպագիր թերթի միջոցով։

Հիշեցնենք, ավելի վաղ Սամվել Կարապետյանը հայցադիմումներ է ներկայացրել նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի դեմ։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ 2025թ. հունիսի 17-ին Սամվել Կարապետյանը news.am կայքին տված հարցազրույցում, անդրադառնալով եկեղեցի-իշխանություն հարաբերություններին, ասաց. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայոց եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա...։ Քանի որ ես միշտ եղել եմ հայ եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն։ Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Այս հարցազրույցին հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։

Մի քանի ժամ անց վարչապետը այդ թեմայով նոր գրառում արեց․ «Սա ձեզ համար Կալուգայի Նիժնի Տապռի գեղը չի։ Սա Հայաստանի Հանրապետությունն է։ Հույս ունեմ՝ պետության համը բերաններդ կմնա»։

Դրանից հետո օպերատիվ գործողություններ իրականացվեցին գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ Երևանի «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ գտնվող առանձնատանը, ապա նա ձերբակալվեց։

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:

Իսկ հուլիսի 2-ին իրավապահները խուզարկեցին «Տաշիր գրուպի» գլխավոր գրասենյակը։

Գործարարի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է երկամսյա ժամկետով կալանքը։

Սամվել Կարապետյանը «Տաշիր» խմբի սեփականատերն է, խմբի կազմում ընդգրկված են 200-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են բիզնեսի տարբեր ոլորտներ՝ անշարժ գույքի զարգացում, ֆինանսներ, արդյունաբերություն, շինարարություն, էներգետիկա, առևտուր, ռեստորանային բիզնես և ժամանցի արդյունաբերություն։ 2015-ին «Տաշիր» խումբը «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter