
ՀԱՄԱՍ-ը դրական պատասխան է տվել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ամերիկյան առաջարկին
ՀԱՄԱՍ-ը «դրական պատասխան» է տվել Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի մասին Միացյալ Նահանգների առաջարկած համաձայնագրին։ Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաղեստինցի մի պաշտոնյայի, որը ծանոթ է բանակցությունների ընթացքին։
«Մենք միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել ենք հրադադարի առաջարկի վերաբերյալ մեր պատասխանը։ ՀԱՄԱՍ-ի պատասխանը դրական է, և ես կարծում եմ, որ այն պետք է օգնի ու նպաստի համաձայնության ձեռքբերմանը»,- նշել է աղբյուրը։
Al Arabiya հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ ՀԱՄԱՍ-ի պատասխանը ներառում է միայն «չնչին փոփոխություններ», որոնք կապված են մարդասիրական օգնության առաքման մեխանիզմի և Գազայի հատվածի որոշ շրջաններից իսրայելական բանակի դուրսբերման հետ:
Հեռուստաընկերությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ը շուտով հայտարարություն կտարածի՝ պարզաբանելով իր դիրքորոշումը հրադադարի առաջարկվող նախագծի վերաբերյալ։
ՀԱՄԱՍ-ում Ynet-ի աղբյուրը նշում է, որ պաղեստինյան շարժումը նաև ակնկալում է, որ 60-օրյա ժամկետի ավարտից հետո Իսրայելը կստանձնի ռազմական գործողությունների չվերսկսման պարտավորություն և Եգիպտոսից, Կատարից ու ԱՄՆ-ից բանակցությունների գործընթացի շարունակման երաշխիքներ է ակնկալում: Իսրայելական լրատվամիջոցի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Դոնալդ Թրամփը մտադիր են գործարքի մասին հայտարարել երկուշաբթի՝ հուլիսի 7-ին, համատեղ հանդիպման ժամանակ:
Haaretz պարբերականը գրում է, որ ամերիկյան ծրագրի համաձայն՝ ընդհանուր առմամբ ազատ կարձակվի իսրայելցի 10 պատանդ. ութը՝ հրադադարի առաջին օրը, ևս երկուսը՝ 50-րդ օրը:
Նաև փուլ առ փուլ Իսրայել կվերադարձվի 18 զոհված պատանդի մարմին. հինգը՝ հրադադարի յոթերորդ օրը, հինգը՝ 30-րդ օրը և ևս ութը՝ 60-րդ օրը:
Դոնալդ Թրամփը հուլիսի 2-ին հայտարարել էր, որ Իսրայելն իր համաձայնությունն էր տվել հրադադարի մասին այդ նախագծին։ «Իսրայելը համաձայնեցրել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմանները, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմին վերջ տալու համար»,- գրել է նա՝ հավելելով, որ հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը ևս դրական պատասխան կտա։
Լուսանկարը՝ Tamir Kalifa/The New York Times
Մեկնաբանել