
Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի նկատմամբ
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը հաջորդ շաբաթ կներկայացնի Իսրայելի դեմ հնարավոր պատժամիջոցների մի քանի տարբերակ, ինչը պայմանավորված է Գազայի հատվածում այդ երկրի ռազմական գործողությունների հետ: Այդ մասին հայտնում է Euractiv պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Վերջինիս տվյալներով՝ դիտարկվում է մի քանի սցենար, այդ թվում՝ Եվրամիության հետ Իսրայելի ասոցացման համաձայնագրի ամբողջական կամ մասնակի դադարեցումը, պաշտոնյաների, զինվորականների և վերաբնակիչների դեմ պատժամիջոցները:
Բացի այդ, ինչպես պնդում են աղբյուրները, Եվրամիությունը կարող է սահմանափակել Իսրայելի հետ առևտուրը, էմբարգո սահմանել զենքի մատակարարման վրա կամ դադարեցնել գիտատեխնիկական համագործակցությունը։
Ինչպես փոխանցում է Euractiv-ը, Եվրամիության հետ Իսրայելի ասոցացման համաձայնագրի դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե ազգային կառավարությունները միաձայն հավանություն տան այդ առաջարկին, ինչը քիչ հավանական է, քանի որ ԵՄ անդամ Հունգարիան Իսրայելի սերտ դաշնակիցն է։
Պորտալի աղբյուրները նշում են, որ ամենահավանական սցենարը կոնկրետ անձանց դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումն է, ինչպես դա արել են Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Նորվեգիան։
Ակնկալվում է, որ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները հնարավոր սահմանափակումները կքննարկեն հուլիսի 15-ին:
Լուսանկարը՝ dawnmena.org-ից
Մեկնաբանել