
Հանրահավաք և երթ` ի աջակցություն Սամվել Կարապետյանի
Այսօր՝ հուլիսի 4-ին, Դիանա Աբգարի անվան զբոսայգում (ավելի հայտնի է Սիզնսի այգի անունով) տեղի ունեցավ հանրահավաք` ի աջակցություն հունիսի 17-ին կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի:
Հանրահավաքի կարգախոսն էր «մեր ձևով»։ Սամվել Կարապետյանի արած հենց այս արտահայության մեջ էին իրավապահները հանցակազմ տեսել։
Հանրահավաքի մեկանարկին հավաքվածներին դիմեց Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նա առաջարկեց հավաքը սկսել տերունական աղոթքով: Ելույթ ունեցավ նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
«Սամվել Կարապետյանն այսօր հայտնվել է անազատության մեջ, որովհետև դեմ է ելել Հայոց եկեղեցու նկատմամբ իրականացվող անօրենություններին։ Մենք պահանջում ենք, որ անհապաղ ազատ արձակվի ի պաշտպանություն Հայոց եկեղեցու հանդես եկած, ազգային բարերար Սամվել Կարապետյանը»,- ասաց Գևորգ Սրբազանը։
Հանրահավաքի ընթացքում ելույթներ ունեցան նաև Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Աղվան Վարդանյանը, փաստաբան Արամ Վարդևանյանը, պատմաբան Ռուբեն Մելքոնյանը։
Ելույթներից հետո հավաքվածներն սկսեցին երթ դեպի Երևան-Կենտրոն ՔԿՀ, որտեղ գտնվում է Սամվել Կարապետյանը։
Այսօր հայտարարություն տարածեց նաև Մայր Աթոռը` մտահոգություն հայտնելով Բագրատ Սրբազանի, Միքայել Սրբազանի և Սամվել Կարապետյանի կալանավորման առթիվ։ Եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հայտարարությամբ դատապարտել են Հայոց եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու բարձրաստիճան եկեղեցականների նկատմամբ ՀՀ իշխանությունների և վարչապետի իրականացրած արշավը։
«Հոգևոր մեր եղբայրների, ազգային բարերարի և նրանց հետ կապակցվող մեր հայրենակիցների նկատմամբ հետապնդումները բացահայտորեն ուղեկցվում են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային ուղղորդումներով և ատելության խոսքի տարածմամբ՝ մինչ դատարանի դատավճիռը արդեն իսկ մեղավորներ կարգելով նրանց։
Իշխանության նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անմեղության կանխավարկածի և իշխանությունների բաժանման սկզբունքները, բացահայտում է, որ գործընթացն ունի քաղաքական դրդապատճառներ, որով և կասկածի տակ է դրվում դրա օրինականությունը»,- նշված է հայտարարության մեջ։
Եպիսկոպոսաց դասը նաև իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին և նշել, որ այսուհետ ևս բացառելու են Ազգային-եկեղեցական ժողովին արտաքին միջամտությունը։
Լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի
Մեկնաբանել