
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ ռազմագերիների փոխանակման նոր փուլի մասին
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևը Մոսկվային է փոխանցել ռուսաստանցի ռազմագերիների ևս մեկ խումբ: Փոխարենը ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել այդ երկրի զինված ուժերի մի խումբ զինծառայողների, որոնք ավելի վաղ հայտնվել էին ռուսական գերությունում։
Ինչպես պնդում է ռուսական կողմը, փոխանակումը տեղի է ունեցել «հունիսի 2-ին Ստամբուլում ռուս-ուկրաինական ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն»։
ՌԴ ՊՆ-ն չի մանրամասնել, թե քանի մարդ է մասնակցել փոխանակմանը։
Ուկրաինական կողմը դեռևս չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Հունիսի սկզբին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները պայմանավորվել էին փոխանակել ծանր վիրավորում ունեցող 18-25 տարեկան զինվորականներին և գերիներին, ինչպես նաև միմյանց փոխանցել պատերազմում զոհված զինծառայողների մարմինները։ Գերիների փոխանակման գործընթացը մեկնարկել էր հունիսի 9-ին։
Ռուսական գերատեսչությունները նաև հայտնել էին, որ հունիսի կեսերին կողմերը սկսել են անժամկետ սանիտարական փոխանակումների գործընթացը, որի շրջանակներում միմյանց են փոխանցում վիրավորներին՝ առանց որևէ նախապայմանի և համաձայնեցման:
Լուսանկարը՝ AFP / Scanpix / LETA
Մեկնաբանել