
Ստեփանակերտում մեկնարկել է ՏՀԿ 17-րդ գագաթնաժողովը. մասնակցում են նաև Էրդողանն ու Փեզեշքիանը
Ստեփանակերտում այսօր մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Բացի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից, պետությունների առաջնորդներից մասնակցում են նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Էրսին Թաթարը։
Նախորդ գագաթնաժողովը կայացել էր 2023 թվականի նոյեմբերի 9-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում։
Այս կազմակերպությունը հիմնադրվել է դեռևս 1985 թվականին Իրանի, Պակիստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ։ ԽՍՀՄ փլուզումից հետո դրան միացել են նաև Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, ինչպես նաև Աֆղանստանը:
Կազմակերպության ստեղծման հիմնական նպատակներ էին հռչակվել անդամ երկրների միջև առևտրի զարգացումը, տրանսպորտային և լոգիստիկ կայուն ենթակառուցվածքների ստեղծումը, էներգետիկ համագործակցության խորացումը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջությանը, առողջապահությանը, կրթությանը և գիտությանը աջակցությունը, մասնավոր հատվածի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացումը, գլոբալ տնտեսությունում տարածաշրջանի դերի բարձրացումը:
Գագաթնաժողովից առաջ Ալիևը երկկողմ բանակցություններ է վարել մասնակից երկրների ներկայացուցիչների հետ։ Գագաթնաժողովի բացման խոսքում նա հայտարարել է, որ Արցախի գրավված տարածքներում իրականացվում են լայնամասշտաբ շինարարական-վերականգնողական աշխատանքներ։
Ի թիվս այլ հարցերի, Ալիևը անդրադարձել է նաև Հայաստանում ադրբեջանցիների «վերադարձի» հարցին։ «Մենք բարձր ենք գնահատում անցած ամիս Ստամբուլում կայացած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի կողմից բոլոր 57 անդամ պետությունների միաձայն որոշմամբ բանաձևի ընդունումը, որն աջակցություն է հայտնում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքին»,- հայտարարել է նա։
Լուսանկարը՝ IHA Photo-ի
Մեկնաբանել