HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահին

Վարչապետի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր ժողովուրդների պատմական բարեկամությունը, ժողովրդավարական սկզբունքներին ու քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը, ինչպես նաև հաստատուն հանձնառությունը ազատությանը, արժանապատվությանը և արդարությանը:

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր, ներառյալ՝ առևտրի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, հանքարդյունաբերության, տրանսպորտի ու ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով էլ ավելի բարձր մակարդակի կհասցնենք մեր հարաբերությունները՝ ի բարօրություն Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների:

Բարձր եմ գնահատում աշխարհում հակամարտություններին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու Ձեր տեսլականը: Լիահույս եմ, որ Ձեր առաջնորդության ներքո Միացյալ Նահանգները հիմնարար ներդրում կունենա Հարավային Կովկասում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատելու և բարգավաճում ապահովելու գործում:

Վերահաստատում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անսասան հավատարմությունը խաղաղության օրակարգին՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության սկզբունքների վրա, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքներին համահունչ տարածաշրջանային ենթակառուց¬վածքների ապաշրջափակմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ ԱՄՆ-ի Անկախության օրվա առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություն ու նորանոր ձեռքբերումներ, իսկ Միացյալ Նահանգների ժողովրդին՝ խաղաղություն, բարօրություն և շարունակական առաջընթաց»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter