HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Նոր կանոններ, նոր խաղացողներ. ովքեր են արտաքին գովազդի շուկայի նոր դերակատարները

2025 թվականի հունիսի 18-ին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց տեսանյութ՝ տեղեկացնելով, որ Երևան քաղաքում շարունակվում է մեծ տեղեկատու դաշտով վահանակների ապամոնտաժումը։ Տեսանյութում նշվում էր, որ միայն 2024 թվականին ապամոնտաժվել է 550 այդպիսի վահանակ։

«Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ գովազդային աղմուկից՝ վերականգնելով քաղաքային տեսքն ու ձևավորելով ավելի մաքուր և հարմարավետ միջավայր»,- տեսանյութին կից գրել էր Ավինյանը։

Մայրաքաղաքը գովազդային աղմուկից ազատելու գործընթացը սկսվեց 2023 թվականից։ Սկզբում փոփոխություններ կատարվեցին արտաքին գովազդի տեղադրման մասին Երևանի ավագանու 2009 թվականի նոյեմբերի 18-ի N 37-Ն որոշման մեջ։

Երևանի ավագանին սահմանեց նոր չափորոշիչներ, որոնց չհամապատասխանող գովազդային վահանակները ժամանակի ընթացում պետք է ապամոնտաժվեին։

Այդ չափորոշիչներով սահմանվում է, որ օրինակ՝ գովազդային վահանակները կարող են տեղադրվել միայն 3.5 մետրից ավելի մեծ լայնություն ունեցող մայթերին։

Գովազդային վահանակները, ըստ իրենց տեղեկատու դաշտերի չափերի, լինում են մեծ, միջին և փոքր։ Մեծ գովազդային վահանակները ունենում են 3 մետրից ավել բարձրություն, 4 մետրից ավել լայնություն և 0.6 մետր խորություն։ Միջին չափի վահանակներն ունենում են առավելագույնը մինչև 3 մետր բարձրություն, 4 մետր լայնություն և 0.6 մետր խորություն: Իսկ փոքր չափի վահանակների առավելագույն բարձրությունը մինչև 3.5 մետրն է, լայնությունը՝ 2 մետր, խորությունը՝ 3 մետր։ 

Մեծ չափի տեղեկատու վահանակ Երևանում չի կարող տեղադրվել։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը նշում է, որ հատկապես նախորդ տարի մեծ թափով են ընթացել մեծ տեղեկատվական դաշտով վահանակների ապամոնտաժման աշխատանքները։

«Մնացել են միայն Աշտարակի խճուղին և Իսակովի պողոտան։ Նաև հատուկենտ տեղեր՝ քաղաքի մի քանի հատվածներում, որոնք, հուսով ենք, մինչև տարվա վերջ կապամոնտաժենք»,- ասում է Առաքելյանը։

Ավագանու որոշման մեջ փոփոխություն կատարելուց հետո բոլոր տնտեսվարողները պետք է արտաքին գովազդի միջոցները համապատասխանեցնեին ստանդարտներին, հակառակ դեպքում՝ դրանք կապամոնտաժվեին։

Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է քաղաքապետարան ուղարկել գովազդի միջոցի էսքիզը, նշել հասցեն, որտեղ պիտի տեղադրվի այն։ Եթե գովազդի միջոցի չափերը և տեղադիրքը համապատասխանում են չափորոշիչներին, ապա տրվում է թույլտվությունը։ Թույլտվությունները տրամադրվում են առավելագույնը 3 տարի ժամկետով։

Այս փոփոխություններից հետո՝ 2025 թվականին, սկսեցին գովազդային միջոցներ տեղադրելու թույլտվություններ տրվել ։ 2025թ.-ի ընթացքում տրամադրվել է փոքր և միջին չափի գովազդային վահանակի տեղադրման 22 թույլտվություն։

Գովազդային վահանակներ տեղադրելու թույլտվություն է ստացել երկու ընկերություն՝ «Ին շին» ՍՊԸ-ն և «Օնլիադ» ՍՊԸ-ն։

«Օնլիադ» ՍՊԸ-ն փոքր և միջին չափի 20 գովազդային վահանակ է տեղադրել Երևան քաղաքում։ Դրանցից 8-ը Աբովյան փողոցում է, մեկը՝ Տերյան-Կորյուն խաչմերուկում, մեկը՝ Խորենացի-Բեյրութ խաչմերուկում, մեկը՝ Հյուսիսային պողոտայում և այլն։

«Ին շին» ՍՊԸ-ն միայն երկու հասցեում գովազդային վահանակ տեղադրելու թույլտվություն ունի՝ Սայաթ-Նովայի և Խանջյան փողոցներում։

Այս երկու ընկերությունների սեփականատերերը ամենևին էլ պատահական մարդիկ չեն։

«Օնլիադ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2006 թվականին։ Ընկերության համահիմնադիրը «Յունիգրաֆ-իքս» ՍՊԸ-ն էր, որի համասեփականատերը Ռուբեն Սադոյանն էր։

Սադոյանը 2017-2022 թվականներին զբաղեցրել է Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնը։ 

2024 թվականին «Օնլիադ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատեր է դարձել Ռուբեն Սադոյանի որդին՝ Ալֆրեդ Սադոյանը։ Նա կարիերայի սկզբում հոր ճանապարհով է գնացել՝ 2013-2018 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարությունում՝ հասնելով մինչև նախարարի օգնականի պաշտոնին։ Ալֆրեդ Սադոյանը 2021-2023 թվականներին աշխատել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ զբաղեցնելով Արդյունաբերության եւ ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարարի օգնականի պաշտոնը։

Բացի «Օնլիադ» ՍՊԸ-ից Ալֆրեդ Սադոյանին են պատկանում «Նեքստ ջեն սպորտս» ՍՊԸ-ն, «Ռոքեսթեյթ» ՍՊԸ-ն և «Տեսանկյուն» ՍՊԸ-ն։

«Նեքստ ջեն սպորտ» ՍՊԸ-ին է պատկանում վերջերս բացված «Յուվենտուսի հայկական ակադեմիան»։ Նախորդ տարի Կառավարությունը որոշել է «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ն առանց մրցույթի օտարել Սադոյանին պատկանող «Նեքստ ջեն սպորտ» ՍՊԸ-ին։ Նույն որոշմամբ Ալֆրեդ Սադոյանի ընկերությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր նաև 1,85 հա մակերեսով անշարժ գույք Ավան վարչական շրջանում։ 

«Ին շին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2023 թվականին։ Ընկերության հիմնադիրը Էդուարդ Այվազյանն է։ Նա 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընկերության իր մասնաբաժինը փոխանցել է Վազգեն Օհանջանյանին։

Ընկերությունից հեռանալուց 25 օր անց Էդուարդ Այվազյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանին պատկանող «Երևանտրանս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսպիսով, թեև Երևանի քաղաքապետարանը հայտարարում է մայրաքաղաքը գովազդային աղմուկից ազատելու և կանոնակարգված միջավայր ստեղծելու մասին, գործնականում այդ գործընթացը նոր հնարավորություններ է բացում ընկերությունների համար, որոնց կապերը պետական և քաղաքական շրջանակների հետ, ինչպես տեսնում ենք, պատահական չեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter