HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր տարի, նոր գովազդ․ հունվարի 1-ից Երևանում նոր չափորոշիչներին չհամապատասխանող գովազդը կապամոնտաժվի

Աբովյան 35 հասցեում գտնվող շենքի վրա 8 տնտեսվարողի արտաքին գովազդ է տեղադրված։ Դրանցից ոչ մեկը չի համապատասխանում Երևանի ավագանու որոշմամբ փոփոխված արտաքին գովազդի նոր չափորոշիչներին։ Հունվարի 1-ից չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները պետք է ապամոնտաժվեն։

2023 թվականի ապրիլի 18-ին Երևանի ավագանին քաղաքում արտաքին գովազդի տեղաբաշխման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշում ընդունեց։ 211 կետից բաղկացած այս որոշմամբ էականորեն փոփոխվում են գովազդների տեղադրման, տեղաբաշխման և արտաքին տեսքի վերաբերյալ գործող նորմերը։ 

Երևանի քաղաքապետարանից «Հետքին» հայտնեցին, որ Արտաքին ձևավորման և գովազդի վարչության կողմից մշակվել են ծանուցագրեր, և վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից ծանուցվել է գովազդակիրներին մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը գովազդները համապատասխանեցնել ավագանու որոշման նոր չափորոշիչներին: Տարվա ավարտին հաշված օրեր են մնացել, սակայն քաղաքում արտաքին գովազդի միջոցները նոր չափորոշիչներին հարմարեցված չեն։

Քաղաքապետարանը տնտեսվարողների համար չափորոշիչների ուղեցույց է մշակել։ Ուսումնասիրելով այս ուղեցույցը՝ նկատել ենք, որ քաղաքում արտաքին գովազդը հիմնականում չի համապատասխանում հետևյալ չափորոշիչներին․

  1. Ծավալային տառերով գովազդը չպիտի ունենա տակդիր (ֆոնային հատված)։ Տառերը պետք է լինեն առանձին-առանձին՝ տեղադրված հորիզոնական միևնույն առանցքի վրա։
  2. Մինչև 9 մետր բարձրության դեպքում տեղադրվող գովազդի, գովազդի միջոցի առավելագույն բարձրությունը, մեկ տողի պարագայում, չպետք է գերազանցի 0.3 մետրը, իսկ երկու տողի պարագայում ՝ 0.5 մետրը։
  3. Արտաքին գովազդի, գովազդի միջոցի տեղադրումը չի թույլատրվում վազող տողով:

Քաղաքապետարանից գովազդային շուկայի ներկայացուցիչներին հրավիրել են և տեղեկացրել, որ նման որոշում կա։ 

«Մեդիա գրուպ» գովազդային ընկերության տնօրեն Կարեն Համաբարձումյանն ասում է՝ ինքը կողմ է քաղաքի գեղագիտական տեսքի պահպանմանն ու չափորոշիչների ստանդարտացմանը, սակայն ընդգծում է՝ գովազդային շուկայում նման ծավալի փոփոխություններ կարճ ժամկետներում հնարավոր չէ անել։

«Երբ մեկ սանտիմետր ազատ տեղ չեն թողնում, ամեն տեղ ինչ-որ գովազդ են դնում, ծակծկում են պատերը, մեր ճարտարապետական արժեքները մնում են այդ գովազդների հետևում։ Բայց երբ քաղաքապետարանը որոշում է կայացնում, որ այսպես կամ այնպես չպիտի լինի, դրանք քաղաքի գեղեցկությանը չեն նպաստելու»,- ասում է Կարեն Համբարձումյանը։

«Մեդիա գրուպ» կազմակերպությունը հիմնականում իրականացնում է գովազդների պատրաստում, իսկ իրենց պատկանող գովազդային կրիչներ քիչ ունեն։ Ըստ տնօրենի՝ այս որոշման արդյունքում իրենց գործիքակազմը պակասում է, իսկ այն կազմակերպությունները, որոնք զբաղվում են գովազդաների տեղադրմամբ, ավելի շատ են տուժելու։

«Այս չափորոշիչները ընդհանուր ոլորտի սպանդի են տանելու։  Իհարկե, տեղեր կան, որ գովազդային վահանակները խանգարում են, համաձայն եմ։ Եթե հանենք և, օրինակ, փոխարենը լինի հեծանվի համար նախատեսված ճանապարհ, խնդիր չկա»,- ասում է Համբարձումյանը։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2023 թվականի ապրիլի 18-ից հաստատվում են միայն այն գովազդները, որոնք համապատասխանում են նոր չափորոշիչներին, իսկ մինչ որոշումը քաղաքապետարանի թույլտվությամբ տեղադրված գովազդները ձևափոխելու և նոր չափորոշիչներին համապատասխանեցնելու համար տնտեսվարողներին ժամանակ է տրվել մինչև 2023-ի դեկտեմբերի 31-ը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունը 2023 թվականին դեկտեմբերի 13-ի դրությամբ արտաքին գովազդ տեղադրելու 4995 դիմում է ստացել, որոնցից հաստատվել է 1191-ը։ Ստացվում է՝ դիմումների 76%-ը մերժվել է։

Ընթացիկ տարում Երևանի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար պլանավորված 1,4 միլիարդ դրամի փոխարեն գանձվել է 2,3 միլիարդ տեղական տուրք:

Երևանում 2023-ին նախորդ տարվանից 9 անգամ ավելի շատ ապօրինի գովազդ է ապամոնտաժվել՝ 5670 հատ 2022-ի 630-ի դիմաց։ Սա վերջին 5 տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Գլխավոր նկարը ստեղծվել է DALL·E 3-ի միջոցով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter