HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կույրերի միավորումը՝ փակուղում. ինչու չի հաջողվում վերանայել անբարենպաստ վարձակալության պայմանագրերը

Խորհրդային շրջանում «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպությունը տասնյակ շենքեր ուներ երկրի ամբողջ տարածքում։ Տարածքների մի մասը արտադրական նշանակության էին, մյուսները՝ ադմինիստրատիվ։ Անկախացումից հետո Միավորման գրեթե բոլոր գործարանները դադարեցրին իրենց աշխատանքը։ Ներկայում Միավորումն ունի 52 անշարժ գույք։ Դրանցից 40-ը Երևանում է, 12-ը՝ մարզերում։ Կույրերի միավորման երբեմնի հզոր գործարաններից աշխատում են միայն 5-ը։ Արմավիրում գտնվող գործարանում արտադրվում են թակարդներ, Կապանում գործում է կարի արտադրամասը, Էջմիածնի գործարանը վերելակների համար դետալներ է արտադրում։ Գործարաններ կան նաև Աշտարակում և Երևանում, դրանք աշխատում են երբ պատվեր է լինում։  Հիմնական աշխատանք ունի Երևանում գործող հրատարակչությունը, որը բրալյան այբուբենով գրքեր է հրատարակում։ 

Բացի այս մի քանի տարածքներից, մյուսները վարձակալության են տրված։ Այդ տարածքների վարձավճարներից էլ այսօր ձևավորվում է կույրերի միավորման  բյուջեն։ Իսահակյան 18 շենքում տեղակայված է Միավորման գրասենյակը։

Շենք-շինությունների վարձակալության գործընթացը ուղեկցվել է կասկածելի դրվագներով։ Որոշ դեպքերում շուկայականից մի քանի անգամ ցածր գներով տարածքներ են տրվել վարձակալության, պայմանագրերը՝ կնքվել երկար ժամկետով, իսկ վարձակալները եղել են Միավորման ղեկավարության հետ փոխկապակցված անձինք։

Մինչև 2018 թվականի օգոստոսը «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի ղեկավարը Աբել Հակոբյանն էր։ 2010թ․-ի օգոստոսի 12-ին Կույրերի միավորման Քաջազնունու 1 հասցեում գտնվող 154.3 քմ մակերեսով արտադրական տարածքը վարձակալության է հանձնվել Վարդան Հակոբյանին մինչև 2035-ի դեկտեմբերի 31-ը, ամսական վարձավճարը՝ 103,380 դրամ։ Սակայն 2014թ․-ի փետրվարի 28-ին կողմերի միջև համաձայնագիր է կնքվել, որով պայմանագրում սահմանված վարձակալության գինը սահմանվել է 308,600 դրամ։

Վարդան Հակոբյանը Միավորման նախկին նախագահ Աբել Հակոբյանի որդին է։ Նա, վարձակալական պայմանագիրը կնքելուց հետո, Քաջազնունու 1 հասցեում գտնվող տարածքը ենթավարձակալության է տվել «Էկո Սթայլ» ՍՊԸ-ին՝ ամսական 617,200 դրամով։

2018 թվականին Կույրերի միավորման նախագահ դարձավ Ռաֆայել Խաչատրյանը։ Նա սկսեց վերանայել նախկինում կնքված վարձակալական պայմանագրերի գները։ Խաչատրյանը նաև փոփոխություններ կատարեց Միավորման կանոնադրությունում։ Նախկինում  տարածքների վարձակալության պայմանագրերի կնքման հարցը որոշում էր Միավորման նախագահը, կատարված փոփոխություններից հետո այդ լիազորությունը վերապահվեց 9 հոգանոց նախագահության խորհրդին։  

«Պայմանագրերի գներ վերանայելու միակ տարբերակը փոխադարձ համաձայնությունն է։ Զրուցել եմ մեր փաստաբանների հետ, իրենք էլ են ասում, որ ուրիշ ելք չկա»,- ասում է Խաչատրյանը։

Վարդան Հակոբյանի հետ համաձայնության գալ չի հաջողվել, և Կույրերի միավորումը 2022 թվականին դատական հայց է ներկայացրել նրա դեմ։ Միավորումը պահանջել էր Հակոբյանից բռնագանձել ընդհանուր 249 հազար դրամ չվճարված վարձավճարը և խզել նրա հետ ունեցած պայմանագիրը։ 

Դատական գործում նշվում է, որ ՀԿ-ին վերաբերող՝ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի համաձայն՝ Աբել Հակոբյանն իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել էր կազմակերպության շահերին հակառակ՝ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու նպատակով։ Այս գործողությունների արդյունքում Հայաստանի կույրերի միավորմանը պատճառվել է մոտ 32 մլն դրամի գույքային վնաս։ Քրեական գործի վարույթը կարճվել է ՀԿ-ի նախկին նախագահի մահվան հիմքով։

Հայցվոր կողմը նշում էր՝ պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու համար անհրաժեշտ է երկու կողմի համաձայնությունը, իսկ պատասխանողը չէր համաձայնում։ Հայցվորը դատարանին խնդրել էր բավարարել հայցը, լուծել վարձակալության պայմանագիրը և դատական ծախսերի հարցը։

Վարդան Հակոբյանի ներկայացուցիչ Էլիզա Կոստանյանը հայտարարել էր, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման։ Պատասխանող կողմը ներկայացրել էր իր դիրքորոշումը՝ բերելով մի շարք փաստարկներ, որոնք, ըստ նրանց, հերքում են հայցվոր կողմի պնդումները։ Էլիզա Կոստանյանը նշել էր, որ 2022-ի մարտին Վարդան Հակոբյանը մասնակցել է Հայաստանի կույրերի միավորման  ուղարկած ծանուցման շուրջ քննարկմանը։ Քննարկվել է երեք հիմնական հարց․

  • 249,000 դրամի չվճարված վարձավճարի մարումը,
  • վարձավճարի չափի բարձրացումը մինչև 1քմ-ի համար 3,000 ՀՀ դրամ,
  • կազմակերպությանը պատճառված մոտ 32 մլն դրամի վնասի փոխհատուցման ժամկետները։

Ըստ պատասխանողի ներկայացուցչի՝ կողմերը համաձայնության էին եկել վերանայել վարձավճարի չափը, երբ մնացած երկու հարցերը լուծված կլինեն։

Ըստ Էլիզա Կոստանյանի՝ հասկանալի չէր, թե ինչու էկազմակերպության ներկայիս ղեկավարությունը՝ նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի գլխավորությամբ, վարկաբեկիչ գործողություններ իրականացրել նախկին նախագահ Աբել Հակոբյանի նկատմամբ։ Նրա խոսքով՝ Քննչական կոմիտեին չէր տեղեկացվել, որ Վարդան Հակոբյանի և «Էկո Սթայլ» ՍՊԸ-ի միջև ենթավարձակալության պայմանագիրը լուծվել է դեռևս 2019թ․-ի ապրիլի 16-ին։ Ավելին, ըստ նրա, ենթավարձակալության պայմանագրի կնքումը թույլատրվել է հենց ներկայիս նախագահ Ռաֆիկ Խաչատրյանի կողմից, ինչի մասին վկայում է նրա ստորագրությունը։

Պատասխանողի ներկայացուցիչը հայտարարել է, որ չնայած 2021-ի մարտ և մայիս ամիսներին վարձավճարները պայմանագրով սահմանված ժամկետներում չէին վճարվել Covid-19 համավարակով պայմանավորված խոչընդոտների պատճառով, այնուամենայնիվ, 2024 թվականի ապրիլի 19-ին հայցապահանջում նշված ամբողջ գումարը վճարվել է։ 

Հաշվի առնելով վճարումների կատարումը և ներկայացված փաստարկները՝ պատասխանող կողմը դատարանին խնդրել էր մերժել հայցը և անդրադառնալ դատական ծախսերի հարցին։

Դատարանը որոշել է մերժել հայցը։ Ըստ դատարանի որոշման՝ հայցվորը չի ներկայացրել որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց այն մասին, որ առկա են պայմանագրի լուծման հիմքեր, ինչպես նաև չի ներկայացվել դատարան դիմելուց առաջ պատասխանողին պայմանագրի լուծման առաջարկ ուղարկված լինելու և սահմանված ժամկետում առաջարկի մերժում ստանալու կամ պատասխան չստանալու փաստը հաստատող որևէ ապացույց։ Հայցվորի ներկայացրած ապացույցներով չի հաստատվել պայմանագիրը լուծելու հիմքերի առկայությունը։ Ուստի, դատարանը գտել է, որ վերոնշյալ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման արդյունքում՝ հայցվորի՝ պայմանագիրը լուծելու մասին պահանջն անհիմն է և ենթակա է մերժման։

Միավորման որոշ անդամներ, ինչպես նաև ներկայիս նախագահը, խնդրահարույց են համարում նախկինում կնքված պայմանագրերի ժամկետները։ Օրինակ՝  2017-ին Քաջազնունու 1 հասցեում գտնվող 371․9 քմ մակերեսով տարածքը «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ն 40 տարով վարձակալության է հանձնել «Էդմանս» ՍՊԸ-ին, այդ ժամանակ ՀԿ-ի նախագահը Աբել Հակոբյանն էր։ Մեր տեղեկություններով՝ տարածքի ամսական վարձավճարը այժմ 450 հազար դրամ է, որը պայմանագրով սահմանված վճարի վերանայված չափն է․ ի սկզբանե այն ավելի քիչ է եղել։

Անշարժ գույքի շուկայում գնային փոփոխությունները, հատկապես վերջին շրջանում, տեղի են ունենում շատ արագ։ 40 տարվա ընթացում տարածքի վարձակալության շուկայական գինը կարող է շեշտակի բարձրանալ, սակայն Կույրերի միավորումը չի կարող միակողմանի որոշել բարձրացնել վարձակալության գինը, քանի որ պայմանագիրը նման հնարավորություն չի ընձեռում։ Վարձավճարի վերանայումը հնարավոր է միայն վարձակալի հետ փոխադարձ համաձայնությամբ։ Սակայն, «Էդմանս» ՍՊԸ-ի սեփականատեր Սարգիս Աբրահամյանը չի համաձայնում բարձրացնել վարձավճարը։

«Ես ամեն ինչը նորմալ, օրենքի շրջանակներում արել եմ։ Վճարումները ժամանակին կատարում ենք։ Բացի դա, մեծ ներդրումներ ենք արել և վերանորոգել ենք տարածքը։ Եթե 20 տարի էլ անցնի, մեր ներդրումը հետ չենք բերի»,- ասում է Սարգիս Աբրահամյանը։

Աբրահամյանը նաև չի ընդունում, որ իրենք շուկայականից ցածր գնով են ձեռք բերել տարածքը։ Մինչդեռ, ըստ մեր տեղեկությունների, «Էդմանս» ՍՊԸ-ն Կույրերի միավորումից 450 հազար դրամով վարձակալած 371․9 քմ մակերեսով տարածքի մի մասը՝ 270 քմ-ն, ենթավարձակալության է հանձնել «Ծիրան» սուպերմարկետին՝ ամսական 1 մլն 200 հազար դրամով։

Կույրերի միավորման անդամների մի մասը պնդում է, որ ներկայիս նախագահ Ռաֆիկ Խաչատրյանը գործնական քայլեր չի անում պայմանագրերը խզելու կամ դրանց վարձավճարները վերանայելու համար։ Խաչատրյանը հակադարձում է, որ իրենք անում են ամեն հնարավոր բան, սակայն իրենց ձեռքերը կապված են՝ նախկին նախագահի կառավարման օրոք կնքված պայմանագրերի պատճառով։

«Մեր իրավաբանները գնացել են, խոսել են «Էդմանս»-ի ղեկավարության հետ, փորձել են համոզել, բայց իրենք չեն համաձայնում վերանայել գինը»,- ասում է Միավորման նախագահը և հավելում, որ դատարան չեն դիմում, քանի որ մեկ այլ դեպքով արդեն դատարանը մերժել է հայցը։

Հայաստանի Կույրերի միավորման տարածքները տարիներ շարունակ ծառայել են ոչ թե Միավորման շահերին, այլ անհատների՝ հաճախ ղեկավարության հետ փոխկապակցված անձանց տնտեսական շահերին։ Ինչի հետևանքով կազմակերպությունը կանգնել է երկակի փակուղու առաջ․ չի կարողանում վերանայել տարիներ առաջ կնքված անբարենպաստ պայմաններով պայմանագրերը։

Գլխավոր նկարի ձևավորումը՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter