
Քննող հանձնաժողով՝ Երևանին պատկանած մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար
1991թ. սեպտեմբերի 21-ից մինչև 2025թ. Երևանի նախկին թաղային համայնքներին և Երևան համայնքին պատկանած մանկապարտեզների և դպրոցների տարածքների օտարման գործընթացներն ուսումնասիրելու նպատակով Երևանի ավագանին ստեղծում է քննող հանձնաժողով։ Որոշման նախագիծը 35 կողմ, 5 դեմ և 16 ձեռնպահ ձայներով ընդունվեց ավագանու հունիսի 24-ի նիստում։
Քննող հանձնաժողովի անդամները 12-ն են: Հանձնաժողովի կազմում 3-ական անդամներ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ազգային առաջընթաց», «Հանրային ձայն» խմբակցություններից են։ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը նպատակահարմար չի համարել ընդգրկվել հանձնաժողովի կազմում։
«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանը նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ եթե վաղեմության ժամկետը անցել է, իրավական որևէ հետևանք չի լինելու։
Հարցը զեկուցող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ, պատասխանելով ընդդիմադիր խմբակցության անդամին, ասաց՝ եթե վաղեմության ժամկետն անցած լինի, բնականաբար, որևէ բան այս պահին չեն կարող անել։
«Դատախազության կողմից կան հարուցված վարույթներ, ենթադրում եմ՝ որոնց մասով որ չի անցել վաղեմության ժամկետը, հարուցվել է վարույթ, դա էլի հանձնաժողովի աշխատանքների ընթացքում կուսումնասիրենք և կհասկանանք։ Բայց պատճառված վնասի հետևանքները վերացնելու համար վաղեմության ժամկետը մեզ չի խանգարում»,- նշեց նա։
Ըստ Գալջյանի՝ քննող հանձնաժողովի նպատակը հանրությանն իրազեկելն է, թե ինչ է տեղի ունեցել երևանցիներին պատկանած գույքի հետ, ում է օտարվել, ինչու և ինչ գնով է օտարվել, երեխաներից քանիսն են զրկվել մանկապարտեզ հաճախելու իրավունքից։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկած որոշման նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ 1996-2018թթ. ընթացքում Երևան համայնքի կառավարման ներքո գտնվող մի շարք նախադպրոցական և կրթամշակութային հաստատությունների տարածքների օտարումները բազմիցս դարձել է հանրային քննարկման, քննադատության և մտահոգության առարկա։
«Հաշվի առնելով վերոնշյալ գործընթացների նկատմամբ հասարակության շրջանում առկա մեծ հետաքրքրությունը, դրանցում հնարավոր գործողությունները, որոնք ի վնաս համայնքային շահերի են եղել՝ նպատակահարմար է ստեղծել ավագանու քննող հանձնաժողով, որը կիրականացնի մանրամասն ուսումնասիրություն՝ պարզելու փաստական տվյալներ, գնահատելու գործընթացների հիմնավորվածությունը և այդ մասին կիրազեկի հանրությանը»,- նշված է հիմնավորման մեջ։
«Ազգային Առաջընթաց» խմբակցությունը գրավոր առաջարկել է հանձնաժողովի ուսումնասիրության ժամանակաշրջանը ընդլայնել՝ ներառելով 1991-2025 թվականները, ինչպես նաև ներառել երաժշտական և սպորտային դպրոցների տարածքների հնարավոր օտարումների գործարքները: Առաջարկներն ընդունվել են։
Ավագանու որոշմամբ՝ հանձնաժողովը գործում է որոշման ընդունման պահից առավելագույնը 6 ամիս ժամկետով:
Կարդացեք նաև՝
- Կենտրոնում 14 մանկապարտեզ է փակվել, տարածքը՝ վաճառվել (տեսանյութ)
- Շենգավիթում, Էրեբունիում և Նուբարաշենում 17 մանկապարտեզ է փակվել․ շենքերը վաճառվել են
- 27 մանկապարտեզ է փակվել Մալաթիայում, Դավթաշենում և Աջափնյակում (տեսանյութ)
- Առնվազն 29 մանկապարտեզ է փակվել Արաբկիրում, Նոր Նորքում, Ավանում և Քանաքեռ-Զեյթունում
Գլխավոր լուսանկարում՝ Դավթաշենի 2-րդ թաղամասի մանկապարտեզը, որը բնակֆոնդի է վերածվել, «Հետք»-ի արխիվից
Մեկնաբանել