
Արցախից տեղահանված հատուկ կարիքներ ունեցող երեխաների կրթական և սոցիալական խոչընդոտները
Էլինա Սիմոնյանը 2023-ի սեպտեմբերի վերջին ընտանիքի հետ Արցախի մայրաքաղաքից՝ Ստեփանակերտից, բռնի տեղահանվել է։ Հիմա ապրում է Երևանում։ Էլինայի որդին՝ Գոռ Սիմոնյանը, աուտիկ սպեկտորի խանգարում (աուտիզմ) ունի։ 8-ամյա Գոռը 3 տարի առաջ է սկսել խոսել։ Ստեփանակերտում 2.5 տարեկանից Էլինան նրան տանում էր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն, որտեղ երեխայի հետ մասնագետներ էին աշխատում։ Վերականգնողական կենտրոն Գոռն անվճար էր հաճախում։
Տեղահանվելուց հետո Երևանում նա 3 ամիս անվճար այցելել է «Լուսէ» վերականգնողական կենտրոն։ Էլինայի խոսքով՝ այդ ընթացքում Գոռի մոտ բավականին մեծ առաջընթաց է նկատվել։ 3 ամիս անց, երբ անվճար փաթեթը սպառվել է, Էլինան Գոռին այլևս չի տարել վերականգնողական կենտրոն ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Մեկ ամիս էլ Գոռն անվճար հաճախել է «ԹԻ ԷՄ ԷՄ» ուսուցման և զարգացման կենտրոն։
«Վերականգնողական կենտրոններում 40 րոպեն 5000 դրամ արժե, պետք է շարունակական և առանց ընդհատումների անել աշխատանքները, այլապես ցանկալի արդյունք չենք ունենա, դրա համար էլ միջոցներ են պետք»,- ասում է Էլինան։
Դպրոցում Գոռի հետ աշխատում են ԿԱՊԿՈՒ (կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ) ծրագրով։ Էլինան դպրոցի մասնագետների աշխատանքից գոհ է, բայց, ըստ նրա, միայն դպրոցի աշխատանքը բավարար չէ։
«Դիմել եմ, ասել են՝ իրեն կարգ չի հասնում, բայց կոնկրետ պետությունից ես Գոռի համար՝ որպես առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխայի աջակցություն չեմ ստացել»,-ասում է Էլինան։
Արցախում Գոռը հաճախել է նախադպրոցական խումբ՝ 0 դասարան։ Էլինայի խոսքով, Գոռի խնամքը և կրթությունը Արցախում կազմակերպելն ավելի հեշտ էր։ Տեղահանումից հետո լրացուցիչ դժվարություններ են առաջացել՝ վարձով են ապրում, ծախսերը շատ են։
Էլինան հասարակական կազմակերպություններից, անհատներից Գոռի համար աջակցություն ստացել է, բայց պետության հատուկ ուշադրությանը որդին երբևէ չի արժանացել։
Գոռը հաշմանդամության կարգ չունի, աուտիզմը հաշմանդամություն չի համարվում, բայց նրա հետ աշխատում են հատուկ ծրագրով, քանի որ առանձնահատկություններ ունի։ Փաստացի, Արցախում Գոռն այդ աջակցությունից անվճար էր օգտվում, բայց Երեւանում՝ ոչ։
Էլինան հնարավորության սահմաններում փորձում է զբաղվել երեխայի կրթությամբ, զարգացմամբ։
Նախկինում Արցախի մարդու իրավունքների պաշտպան, պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում պետական մարմինները նախաձեռնող չեն։ Վստահ է, որ շատ երեխաներ այդ պատճառով անտեսված են։
«Դրվագային, տարբեր ընտանիքների խնդիրները իմանալով՝ վստահ եմ, որ ընդհանուր պատկերը այդքան էլ լավը չէ, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող երեխաները, ի թիվս մնացած հաշմանդամություն ունեցող անձանց, պետական ֆինանսական աջակցությունը, այսինքն` թոշակը, նպաստը ստանում են, դրանից ավելի աջակցությունն արդեն մնացել է ընտանիքների նախաձեռնողականության վրա, որքան ծնողները գրագետ են, իրազեկված են, նախաձեռնող են, այնքան խնդիրները ավելի հեշտ են լուծվում՝ դա կլինի դպրոցական կրթության հետ կապված կամ մանկապարտեզ, կամ առողջապահական, կամ սոցիալ-հոգեբանական աջակցություն»,- ասում է նա։
Ըստ Բեգլարյանի՝ գլխավոր խնդիրը պետության կողմից կազմակերպված, համակարգված աջակցության բացակայությունն է, սոցիալական աշխատողները չեն այցելում ընտանիքներին, կարիքների գնահատում չեն անում, ընտանիքում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների անհատական կարիքները չեն գնահատվում։
Աշխատունակ բազմաթիվ ծնողներ չեն աշխատում, քանի որ հաշմանդամություն ունեցող իրենց երեխաները մշտական խնամքի և ուշադրության կարիք ունեն։
«Լավագույն տարբերակն այն է, որ պետությունը ֆինանսավորի հասարակական մասնագիտացված կառույցներին եւ հետեւի, վերահսկի, որ բոլորը ներառված լինեն, դուրս մնացած երեխաներ չլինեն, կամ լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրվի այդ ընտանիքներին: Այսինքն` ծնողը, որը պահում է նմանատիպ կոնկրետ չափանիշներով երեխաների, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ստանա չաշխատելու դիմաց: Բայց ավելի լավ տարբերակ է, որ ոչ թե ծնողը պահի ամբողջ օրը, այլ խնամքի կենտրոններ, մանկապարտեզներ կամ երկարօրյա դպրոցներ լինեն, որոնք միաժամանակ, այսպես ասած, անվտանգ պայմաններում, ապահով պահելուն զուգահեռ երեխայի զարգացմամբ կզբաղվեն, իսկ ծնողը նաեւ աշխատանք կունենա եւ եկամտի հարց կլուծի, նաեւ՝ իր սոցիալիզացիայի հարցը»,-ասում է նախկին պաշտոնյան։
Խոսելով նախկինում Արցախում կազմակերպված միջոցառումների մասին՝ Բեգլարյանը նշում է, որ խնդիր կար ֆիզիկական միջավայրի մատչելիության առումով, նույնիսկ նոր կառուցված դպրոցների կամ կրթական օջախների դեպքում բավարար չափով մատչելի միջավայր չէր ապահովվում։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ նախագահ Մուշեղ Հովսեփյանը նույնպես կարծում է, որ առաջնային խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է։ Հատվածական, տարբեր պաշտոնյաների առանձին նախաձեռնողականությունը չի ապահովում երեխաների իրավունքի իրացման կայուն, կանխատեսելի և հավասար հիմքեր։
Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանի գնահատմամբ՝ հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանությունն Արցախում եղել է պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ «Քաղաքականության հիմքում մարդակենտրոն մոտեցումն էր. յուրաքանչյուր երեխա պետք է ունենար հավասար հնարավորություն՝ կրթության, առողջապահության, սոցիալական ծառայությունների և մշակութային կյանքի ոլորտներում»,- նշում է Թանդիլյանը։
Նախարարության գործունեությունը ներառել է ուսուցիչների և սոցիալական աշխատողների վերապատրաստումներ՝ ներառականության սկզբունքներին համապատասխան կրթական միջավայր ապահովելու նպատակով։ Սակայն կրթական համակարգը, նրա բնութագրմամբ, շարունակում էր մնալ ոչ համարժեք այն մարտահրավերներին, որոնց բախվում էին հաշմանդամություն ունեցող երեխաները։ Ըստ Թանդիլյանի, այդ երեխաները հաճախ դուրս էին մնում կրթական գործընթացից ոչ թե իրենց կարողությունների, այլ անարդյունավետ համակարգի պատճառով։
Պատերազմից հետո ավելացել են հաշմանդամություն ձեռք բերած երեխաները։ Թանդիլյանը նշում է, որ նախարարությունը արձագանքել է օպերատիվ կերպով՝ տրամադրելով դեղորայք, անհրաժեշտ սարքավորումներ, խորհրդատվություն և անհատական աջակցություն։
Մինչև 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններն Արցախում մի շարք ծրագրեր են իրականացվել՝ ուղղված սոցիալական պաշտպանությանը, ընտանեկան աջակցությանը և վերականգնողական ծառայությունների մատուցմանը։ Այնուամենայնիվ, մի շարք կարեւոր նախաձեռնություններ չեն հասցվել իրագործվել կամ իրականացվել են թերի՝ մասնագիտական ռեսուրսների, տարածքային անհավասարության և անվտանգության անկայուն պայմանների պատճառով։ Թանդիլյանի խոսքով՝ վերականգնողական ծառայությունները հիմնականում կենտրոնացված էին մայրաքաղաքում, ինչի հետևանքով շրջաններում ապրող երեխաները հաճախ զրկված էին ֆիզիոթերապևտիկ, հոգեբանական կամ լոգոպեդի աջակցությունից։
Իր պաշտոնավարման ընթացքում՝ 2020-ի դեկտեմբերից մինչև 2021-ի սեպտեմբեր, Արցախում հաշվառված է եղել շուրջ 371 հաշմանդամություն ունեցող երեխա։
Թանդիլյանը համարում է, որ արցախցիների գլխավոր խնդիրն այսօր կացարանն է։ Նրա ձևակերպմամբ, «այն ընտանիքները, որտեղ ապրում են հաշմանդամություն ունեցող երեխաներ, օր առաջ պետք է ապահովվեն հարմարեցված կացարանով»,- ասում է նա։
Մանե Թանդիլյանը համոզված է, որ արցախցիների խնդիրները միանվագ օգնությամբ չեն լուծվում, պետք է արմատական և խորքային լուծում։
Մինչ նախկին պաշտոնյաներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կարծում են, որ պետությունը պետք է համակարգային մոտեցում ցուցաբերի և խորքային ուսումնասիրություն կատարի բռնի տեղահանված և կրթության իրավունքից զրկված երեխաների շրջանում, պետական կառույցները նշում են, որ վիճակագրություն չեն վարում։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ չունի վիճակագրություն, թե Արցախից բռնի տեղահանված հաշանդամություն ունեցող քանի երեխա է ապրում Հայաստանում։ Նախարարությունն այս հարցի պատասխանը ստանալու համար առաջարկում է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն։ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից էլ հայտնել են, որ բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող երեխաների վերաբերյալ վիճակագրություն չեն վարում։
Նախարարությունը տվյալներ է փոխանցել միայն «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցողների վերաբերյալ, նրանց թիվը 419 է, իսկ թե նրանցից քանիսն են դպրոցահասակ և որ դասարաններում են սովորում, առաջարկել է ճշտել ԿԳՄՍՆ-ից։
ԿԳՄՍՆ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏ) տրամադրած տվյալների համաձայն՝ 2024-2025 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության դպրոցներում սովորում է Արցախից բռնի տեղահանված 17 162 աշակերտ, որոնցից 366-ն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք։ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում հաշմանդամություն ունեցող երեխաների վիճակագրություն չի վարվում։
«Կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման և կրթության մեջ ընդգրկման հետ կապված գործընթացները կարգավորվում են ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 11-ի «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը սահմանելու մասին» N 154-Ն որոշմամբ: Պարտադիր կրթությունից դուրս գտնվող երեխաների հաշվառումն ու դեպքերի վարումն իրականացվում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (emis.am) մաս կազմող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման» էլեկտրոնային ենթահամակարգի միջոցով՝ կարգով սահմանված շահագրգիռ և պատասխանատու մարմինների կողմից»,- նշված է նախարարության պատասխանում։
Պարտադիր կրթությունից դուրս մնալու պատճառները, ըստ նախարարության, տարբեր են: Կրթությունից դուրս գտնվող երեխաների հետ իրականացված աշխատանքների ընթացքում առավել շատ հանդիպում են սոցիալ-տնտեսական պատճառներով կրթությունն ընդհատելու դեպքեր, օրենքով սահմանված ժամկետում կրթության մեջ առաջին դասարան չներառվելու, հիմնական կրթությունից հետո ուսումնառությունն ավագ դասարաններում անավարտ թողնելու դեպքեր և այլն:
Ըստ ԿԳՄՍ նախարարության տվյալների՝ 2024-2025 ուսումնական տարում տնային ուսուցում է ստացել Արցախից բռնի տեղահանված 8 սովորող։
Ստեփանակերտից բռնի տեղահանված Գոռ Սիմոնյանի և նրա ընտանիքի իրավիճակում են հարյուրավոր երեխաներ, որոնց առանձնահատկությունները, առողջական խնդիրները և կրթական պրոցեսում ներգրավվելու դժվարությունները պատշաճ լուծում չեն ստանում։
Էլինայի փորձը փաստում է, որ պետական համակարգը չի կարողանում բավարար աջակցություն ցուցաբերել տեղահանված և հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, ինչի հետևանքով հիմնական բեռը մնում է ընտանիքի ուսերին։
Տարբեր գերատեսչությունների պատասխանից և վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ համակարգային մոտեցման բացակայությունը խորացնում է անտեսվածությունը։ Չնայած առանձին ՀԿ-ների ու մասնագետների նախաձեռնություններին՝ ծրագրերը հիմնականում ժամանակավոր բնույթ են կրում՝ մասշտաբային ու կայուն լուծումների փոխարեն։
Մինչ նախկին պաշտոնյաներն ընդգծում են ներառական քաղաքականության բացթողումները, պետական մարմինները փաստացի չունեն ամբողջական պատկեր անհրաժեշտ աջակցության ծավալների մասին։ Դրա հետևանքով երեխաների կրթության, զարգացման և առողջության իրավունքը հաճախ մնում է թղթի վրա։
Գլխավոր լուսանկարը՝ «Հետքի» արխիվից
Մեկնաբանել