
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, կան վիրավորներ
Հունիսի 22-ի առավոտյան Իսրայելի հյուսիսային և կենտրոնական հատվածներում հնչել են օդային տագնապի ազդանշանները, որոնք քաղաքացիներին կոչ էին անում գնալ ապաստարաններ։ Պատճառը Իրանի կողմից արձակված հրթիռներն էին։
Իրանական հարձակումը եղել է մի քանի փուլով։ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Իրանից արձակվել է 20-30 բալիստիկ հրթիռ։
Ինչպես հայտնում է Իսրայելի ազգային Մագեն Դավիդ Ադոմ բժշկական ծառայությունը, երկրի ավելի քան տասը վայրերում փրկարարներն արձանագրել են հրթիռների և դրանց բեկորների հարվածների մասին հաղորդումներ: Հրթիռներն ընկել են նաև Թել Ավիվի, Նես Ցիոնայի և Հայֆայի բնակելի հատվածներում։
Իրանական կողմը պնդում է, որ հարձակման թիրախում են եղել Բեն-Գուրիոն օդանավակայանը Թել Ավիվում, ինչպես նաև լոգիստիկ բազաներ և գիտական ու ռազմական տարբեր կենտրոններ։
Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 16 մարդ։
Հարձակումը եղել է այն բանից հետո, երբ վաղ առավոտյան ամերիկյան զինուժը հարվածել էր Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներին։
«Այսօր առավոտյան Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել արձակման պատրաստ հրթիռային կայանքներին, Իրանի զինված ուժերի անձնակազմին և արագ չեզոքացրել այն արձակման կայանքները, որոնք որոշ ժամանակ առաջ հրթիռներ էին արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ»,- նշվում է ՑԱԽԱԼ-ի հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Ilia Yefimovich/dpa
Մեկնաբանել