
Ժնևում մեկնարկում է ԱԳ նախարարների մակարդակով Իրան-Ֆրանսիա-Գերմանիա-Մեծ Բրիտանիա բանակցությունները
Ժնևում մեկնարկում են Իրանի և եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բանակցություններին Իրանը ներկայացնում է ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, Ֆրանսիան՝ Ժան-Նոյել Բարոն, Մեծ Բրիտանիան՝ Դևիդ Լեմին, իսկ Գերմանիան՝ Յոհան Վադեֆուլը։ Բացի այդ, բանակցություններին մասնակցում է նաև ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
Sky News-ը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Դևիդ Լեմին Արաղչիին կփոխանցի ամերիկյան վարչակազմի ուղերձը։
Ավելի վաղ, Ֆրանսիայի նախագահը Էմանուել Մակրոնը ներկայացրել էր եվրոպական կողմի այն պահանջները, որոնք բանակցությունների ժամանակ կներկայացվեն Թեհրանին։ Դրանց թվում են ՄԱԳԱՏԷ-ի գործունեության վերականգնումը, արտաքին դերակատարների կողմից Իրանի բալիստիկ արդյունաբերության և գործողությունների վերահսկողությունը, Մերձավոր Արևելքում Իրանի կողմից ֆինանսավորվող խմբավորումների ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը և Իրանում պահվող օտարերկրացիների ազատ արձակումը։
Լուսանկարում ձախից աջ՝ Ժան-Նոյել Բարոն, Դևիդ Լեմին, Յոհան Վադեֆուլը և Կայա Կալասը/Associated Press գործակալություն
Մեկնաբանել